Խրամորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խրամորթ
ադրբ.՝ Pirlər
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ575 մետր
Բնակչություն403[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխրամորթցի
Ժամային գոտիUTC+4
Խրամորթ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խրամորթ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Խրամորթ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 21 կմ հեռավորության վրա։ Նախկինում անվանվել է Խրամուտ, հետո փոփոխության է ենթարկվել և անվանվել Խրամորթ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Հավքախաղաց և Խաչախութի արևելյան լեռնաճյուղերի միջլեռնային գոգավորության բլրապատ արևելահայաց լանջի հարթավայրային մասում, Կարկառ գետի ձախ գետահովտում, Ստեփանակերտ քաղաքից 21 դեպի հյուսիս-արևելք, Ասկերան քաղաքից 6-8կմ դեպի հյուսիս։ Խրամորթ գյուղի հողային տարածությունը կազմում է 2283,40 հա։

Գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա։

Համայնքը հարթավայրային է, ունի 2283,4 հա տարածք, որից 1183,07 հա գյուղատնտեսական նշանակության, 1012,0 հա անտառային հողեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրամորթ գյուղը եղել Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։

Խրամորթը, գտնվելով Ղարաբաղյան դաշտավայրից դեպի լեռնաստանի խորքերը տանող հանգուցային կետում, 7-րդ դարից սկսած, արաբների, սելջյուկ-թուրքերի, մոնղոլ-թաթարների, թուրքմենական ցեղախմբերի, պարսիկների, իսկ 20-րդ դարի վերջերին էլ՝ ադրբեջանցիների կողմից մշտապես հարձակումների է ենթարկվել։ Բնակչությունը՝ որպես ապահով վայր, պաշտպանվում էր Քարագլուխ գյուղի Շիկաքար անառիկ ամրոցում[3]։

Խրամորթում և նրա շրջակայքում դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին 1805 թվականի ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ։ Շուշին այդ օրերին պաշարված էր պարսակական բազմահազարանոց զորքի կողմից։ Շուշիում գտնվող պաշտպաններին օգնելու նպատակով գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ 1805 թվականի հունիսի 18-ին Գանձակից ուղարկվում է 400 հոգանոց ջոկատ։ Ռուսական ջոկատը, ծանր մարտեր կրելով, հայ կամավորականների օգնությամբ հասնում է Ասկերանի բերդին։ Կարյագինը հրամայում է կուսապատցի Վանի Աթաբեկյանին գումարտակի ծանր վիճակի մասին տեղյակ պահել Շուշիի կայազորին։ Վանի Աթաբեկյանին մեծ դժվարությամբ հաջողվում է գաղտագողի անցնել պարսիկների միջով և հասնել Խրամորթ։ Այստեղ Ջրաբերդի մելիք Ադամը և Ասրի-բեկ Փիրումյանը կամավորներ էին հավաքագրում՝ Կարյագինի պաշարված ջոկատին օգնելու նպատակով։ Շրջակա հայկական գյուղերից, այդ թվում և Խրամորթից հավաքագրված կամավորակնները թիկունքային հարվածներով օգնում են ռուսներին և նրանց փրկում կործանումից։ Զոհված հայ կամավորների և ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով ճակատամարտի վայր հանդիսացած բարձունքներից մեկում խրամորթցիները հուշաքար են տեղադրել[3]։

1905-1906 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ Խրամորթը հայտնվել էր ռազմական բախումների կիզակետում։ Թուրք-թաթար բեկերն ու հոգևորականությունը Արցախի հարակից մուսուլմանաբնակ բնակավայրերից մարտական նոր ուժեր են հավաքագրում։ Օգոստոսի 18-ին նրանք հավաքվում են Թարթառում և մզկիթում խորհրդակցելուց հետո, շարժվում են դեպի Շուշի։ Աղդամում նրանց են միանում Սեյիդլուից, Մարզուլուից, Շելլից հավաքված թուրք հեծյալները ր երեք ուղղություններով՝ Խրամորթով, Խնապատով և Ասկերանի ուղղություններով փորձում ճեղքել հայկական բնագծերը։ Մի քանի տասնյակ հայ մարտիկներ ջախջախեցին թշնամուն։ Թուրքերը, բազմաթիվ զոհեր կրելով, նահանջեցին և ապաստանեցին Աղդամումլ[3]։

Այս դեպքերի շուրջ 1905 թվականի նոյեմբերի 28-ին Արցախի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոսը հեռագիր է հղում փոխարքային։ Հեռագրում մասնավորապես ասված էր․

Գավառներում տեղի են խմբակային յարձակումներ հայ գիւղերի վրա Դոլանլար, Խրամոթ, Խանաբադ և այլն։ Ամբողջ գաւառում փոստային խճուղիները փակել են թուրքերը։ ․․․Քաղաքին սով, ցուրտ և հիւանդություն է սպառնում, չյիշելով, որ իւրաքանչյուր րոպե կարող է սկսել կոտորած և հրդեհ։լ[3]

Մեկ օր անց՝ 1905 թվականի նոյեմբերի 29-ին Շուշիի քաղաքագլուխ Գ․ Մելիք-Շահնազարյանը նմանատիպ մի հեռագիր է ուղարկել փոխարքային, որի մեջ ասված է․

Քաղաքի դրութիւյնը վատ է, ամեն օր սպանութիւն կայ․ խմբակային յարձակումներ են տեղի ունեցել Խանաբադ և Խրամորթ հայ գիւղերի վրայ։լ[3]

Գյուղը Արցախյան առաջին ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989թ գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, իսկ 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի հուվարի 31-ին մոտ վեց հազար ադրբեջանցի զինվոր, օգտագործելով տանկեր ու զրահամեքենաներ, գնդակոծել են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Խրամորթ, Ասկերան գյուղերը։ Խրամորթ գյուղ է ներխուժել 8 տանկ, 7 զրահամեքենա և ադրբեջանական բանակի մի քանի հարյուր զինվոր։ Միաժամանակ տանկերը և զրահատեխնիկան շրջապատել են Նախիջևանիկ ու Խնապատ գյուղերը՝ ենթարկելով հրթիռակոծության։ Ստեփանակերտը և Ասկերանը նույնպես հրթիռակոծության են ենթարկվել։ Ադրբեջանական կողմը, օգտագործելով զրահատեխնիկան, շարժվել է դեպի Մարտունու շրջանի Ավդուռ, Աղ-բուլաղ գյուղերը, Ասկերանի շրջանի Փրջամալ (Վարդաձոր) գյուղերը՝ գնդակոծելով ու հարձակման ենթարկելով Խնապատ, Փիրջամալ, Մարտունու շրջանի Ավդուռ Աղ-բուլաղ գյուղերը։ 1993 թվականին Արցախի ինքնապաշտպանական ուժերը, մշակելով լայնածավալ ռազմական գործողություններ, անցել են հարձակման և նրանց հաջողվել է ազատագրել Մարտակերտի շրջանի, Ասկերանի Խրամորթ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Դագրազ և մի շարք այլ բնակավայրեր՝ թշնամուն ետ շպրտելով իրենց ելման դիրքերը[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակաչության թիվը 19-րդ դարավերջի տվյալներով կազմել է 19 տուն հայ բնակիչ, 1959 թվականի տվյալներով կազմել է 576 բնակիչ, 1985 թվականին՝ 691 տուն հայ բնակիչ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 403 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 511 մարդ, 129 տնտեսություն։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 512 510 511

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական տարիներին կոլտնտեսությունը զբաղվել է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և խաղողագործությամբ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և նրա շրջանում պահպանվել են բազմաքանակ պատմամշակույթային հուշարձաններ, որոնցից են՝ 12-19-րդ դարի «Հին Խրամորթ» գյուղատեղին, 1800-1876 թվականների «Հին Խրամորթ» եկեղեցին, 12-19-րդ դարերի «Հին Խրամորթ» խաչքաչը, 19-րդ դարի «Հին Խրամորթ» գերեզմանոցը, 1830 թվականի «Հին Խրամորթ» տապանաքարը։ Հին գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ. կամ XVIII դ.), գերեզմանոց (XIX-XX դդ.), խաչքար (XIII դ.), աղբյուր (1851թ.), հաշվառված է 18 հուշարձանլ։

Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Տնջրի աղբյուր», «Շենին աղբյուր», «Տանձին աղբյուր», «Աղի աղբյուր», «Գյադուկի աղբյուր», «Կաչաղակի ձորի աղբյուր», «Մինդ աղբյուր», ինչպես նաև հին գյուղի «Վերին ջուր», «Ներքին ջուր» աղբյուրները։

Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների պատերազմին, որի ընթացքում զոհվածների հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան։ Այնտեղ նաև կառուցվել են Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված երեք հուշակոթողներ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի և գաջի հանքային պաշարներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամռանը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +16 աստիճանից +30 աստիճանի, առավելագունը ՝ կազմում է +36 աստիճան։ Ձմռանը մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է -10 աստիճանի։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600մմ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի դրությամբ ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, փոստի բաժանմունք։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 54 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 90–93.
  4. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 108–109.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 57.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94