Խորամաբադ կամ Խորամ Աբադ (պարս.՝ خرمآباد), քաղաք Իրանի արևմուտքում, Լոռեսթան նահանգի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 373 416 մարդ (2016)[1], հիմնականում՝ լուռեր։ Խորամաբադը գտնվում է Զագրոսի լեռներում, կարևոր գյուղատնտեսական կենտրոն է։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 373 416 մարդ, որոնք կազմում էին 109 231 տնտեսություն[2]։ Խորամաբադը բնակչությամբ Լոռեսթան օսթանի ամենախոշոր և Իրանի քսաներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.
Խորամաբադը Իրանի տարածքում մարդու առաջին բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ քարանձավային կացարաններ (40-50 հազ. տարի)։ Շատ հետազոտողներ կարծում են, որ Խորամաբադը հիմնվել է Էլամի դինաստիայի օրոք (մ.թ.ա. 3200-2700 թթ.)։
Քաղաքի կենտրոնում գտնվում է Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը, որը կառուցվել է Սասանյանների օրոք։ 14-րդ դարում ամբողջովին ավերվել է։ Սեֆյանների օրոք քաղաքը ծաղկել է և դարձել Իրանի կարևոր կենտրոններից մեկը։