Խորհրդանիշ
Խորհրդանիշ կամ խորհրդանշան (հունարեն simbole բառից, որ նշանակում է նշան կամ երկու սկիզբների միացում)՝ որևէ առարկայի, կենդանու կամ երևույթի պատկերը կամ նշանը, որի միջոցով մատնանշվում է այդ առարկայի կամ երևույթի հատկանիշը. որոշակի հասկացությունների, գաղափարների կամ երևույթների պայմանական նշան:
Բովանդակություն |
Ընդհանուր բնութագիր [խմբագրել]
Խորհրդանիշը կոդ է, ծածկագիր, որը ստեղծվել է մարդկային կյանքի համընդհանուր կենսաբանական և հոգեբանական հիմքի վրա, որպես մտավոր և հոգևոր հաղորդակցման միասնական պատկեր: Այն, փաստորեն, հասկացություն է, որը դրսևորվում է կառուցվածքային ձևով՝ պատկերավոր ընկալման միջոցով:
Մարդու կողմից ստեղծված և ընդունված խոսքային և ոչ խոսքային նշանները ժամանակի և տարածության մեջ կրում են այս կամ այն տեղեկույթը, իսկ խորհրդանշաններն իրենց պատկերում ներառում են մարդկության կոլեկտիվ հիշողությունը, իմաստնությունը: Հնուց ի վեր խորհրդանիշը ստեղծվել է ոչ թե տեղեկատվության, այլ նախևառաջ հոգևոր արժեքներ փոխանցելու համար: Այդ արժեքները վաղնջական ժամանակներում խորհրդանիշների պատկերներով ծածկագրեր էին, որոնք քողարկվում էին հասարակ մարդկանցից, թեև քանի դեռ չկար գիրը, այդ բանավոր և բարդ իմացաբանությունն իրապես հասու չէր կարող լինել հավասարապես բոլորին, ուստի խորհրդանշանի խորքային իմաստին տիրապետում էին իմաստունները, մոգերը, կրոնական, արքունական դասի մարդիկ, իսկ մնացած մասն այն ընկալում էր միայն արտաքին հատկանիշներով:
Ներկայումս կարողանալ «ընթերցել» խորհրդանիշը նշանակում է գաղտնազերծել այն հասկացությունը, որը դարերի ընթացքում ներծծվել է մարդկանց բազմաթիվ սերունդների հիշողությամբ, զգացմունքներով և կենսափորձով: Խորհրդանշանն իմաստավորվում է և գոյատևում խմբային տեսադաշտում՝ մեկ խմբի, մեկ տոհմի, ազգի, պետության կամ ավելի ընդգրկուն հանրության համար:
Օրինակ գույների խորհրդակարգում սևը Ճապոնիայում համարվում է ուրախություն, ամերիկյան հնդկացիների համար՝ գիշեր, օրվա կարմիր գույնի հակադրություն, բուդդիզմում՝ կապանքներ, չինացիների համար՝ հյուսիս, Ին, ձմեռ, քրիստոնյաների համար՝ վիշտ, ժխտում, եգիպտացիների համար՝ վերածնունդ, պտղաբերություն, հրեաների համար՝ հասկացողություն, արքայություն, հնդիկների համար՝ զգայական և դեպի վար ուղղված շարժում, ժամանակ, մայաների համար՝ թշնամու մահ, իսլամում՝ հատուցում:
Պատմություն [խմբագրել]
Հայ մշակույթում «խորհրդանշան» հասկացությունը, ինչպես և հունական փիլիսոփայության մեջ, սկզբնական շրջանում գործածվել է նշանի իմաստով:
Հայ մատենագիտության կազմավորման փուլում նշան կամ նշանակ բառն ավելի շատ ճանաչողական կամ տարբերանշանային գործառույթ ունի, քան իմացաբանական:
Ներկայիս խորհրդ-ա-նշան բառն ըստ լեզվական օրինաչափությունների համարվում է նոր բառակապակցություն, որը ոսկեդարյան հայերենում չի օգտագործվել: Իմաստային տեսակետից այդ բառն արտահայտում է «simboll» հասկացության ընդհանրական իմաստը: Եթե նկատի ունենանք, որ խորհուրդը հայերենում նշանակում է մտածողություն, միտք, ապա պարզ ընթերցանությամբ խորհրդանշանը նշանակում է մտածողության, մտքի նշան:
Իր ռացիոնալ նշանակությամբ խորհրդանշանը ժամանակի ընթացքում հետզհետե մուտք է գործում հասարակական և պետական կյանք՝ որպես մարդկանց, քաղաքների միջև պայմանագրերը կատարելու, արդարությունը պահպանելու միջոց, իսկ դատավարություններում ձեռք է բերում ապացույցի, երաշխիքի, անգամ՝ երդման նշանակություն: Համանման ընկալումից էլ հետագայում ծագել է խորհրդանշանի՝ ոպես հավաստիացման նշանի /անձնագիր, գերբ, փողի դրոշմանիշ, մարմնի դաջվածք/ գործածությունը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Գագիկ Մանասյան - Խորհրդանշանների հանրագիտարան, Երևան, 2007թ.