Խորեն Տեր-Հարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Տեր-Հարությանի ինքնանկար

Խորեն Տեր-Հարության (ծնվել է 1909թ. ապրիլի 2-ին, մահացել` 1991թ.) հայազգի աշխարհահռչակ քանդակագործ է: Արարել է ոչ միայն քանդակագործության, այլ նաև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում: Նրա ստեղծագործության ողջ հյուսվածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան. ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է 1909թ-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում: 1921թ.-ին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ, նաև Վուսթրի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում: 1930 թ. մեկնել է Ջամայկա, և մի քանի տարի բնակվել է այնտեղ: Արևադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դառնում Տեր-Հարությանի արվեստի ձևավորման հարցում:

Նվաճումներ [խմբագրել]

Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), սկսած 1929 թվականից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների: Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում:

Գործունեությունը Հայաստանում [խմբագրել]

Արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել 1970 թվականին, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով: Տեր-Հարությանը Երևանի արվեստասեր հասարակայնությանը ներկայացել է 1971 թ. անհատական ցուցահանդեսով, որը բացվեց Երևանի նկարչի տանը: 1983 թվականին արվեստագետն իր գործերը տեղափոխում է Հայաստան. թվով 90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք, 17 գեղանկար: Նրա անհատական ցուցահանդեսը բացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում: Այս բոլոր գործերը նա մեծ սիրով նվիրում է ՀԱՊ-ին, իսկ 1994-ին Էջմիածնի մասնաճյուղում բացվում է Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը:

Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին Նյու Յորքում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով:

Ստեղծագործություններ [խմբագրել]

Տեր-Հարությանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. "Փոքր Մհեր", "Գյուտարար" (Ֆիլադելֆիա), նաև Հայաստանում. "Վերածնված Հայաստան"` Երևան: Լավագույն գործերից են "Ցեղասպանություն", "Լեդան և կարապը", "Լեռների մայրը", "Պտղաբերություն", "Ծովային թռչունը և ձուկը": Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական: Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ: Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է: Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում:

Ցուցադրություն [խմբագրել]

Տեր-Հարությանի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գևորգյան ճեմարանի շենքը։ Անկախության տարիներին ճեմարանը եկեղեցուն վերադարձնելուց հետո թանգարանը տեղավորվել է կինոթատրոնի շենք, և այսօր բոլորովին ոչ այդ նպատակի համար նախատեսված սրահում ցուցադրվում է սփյուռքահայ արվեստագետի աշխատանքների, կարելի է ասել, մեկ հինգերորդ մասը։

Հղումներ [խմբագրել]