Խորեզմի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորեզմի մարզ, Ուզբեկական ՍՍՀ-ում։ Կազմվել է 1938 թ.-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում, Ամուդարյա գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Տարածությունը 4 500 Կմ2 է, բնակչությունը՝ 744 000 (1979)։ Բաժանվում է 9 շրջանի, ունի 3 քաղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ Ուրգենչ։ Պարգևատրվել է Լենինի (1963) և Աշխատանքային կարմիր դրոշի (1971) շքանշաններով։

Բնություն[խմբագրել]

Մակերևույթը հարթ է (մոտ 100 մ բարձրությամբ), արևմուտքում և հարավ-արևմուտքում հարում է Կարակումի անապատին։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —5°C է, հուլիսինը՝ 27, 3°C, տարեկան տեղումները՝ 50—100 մմ, անսառնամանիք շրջանը՝ 240 օր։ խոշոր գետը Ամուդարյան է։ Կան աղի փոթր լճեր, ճահիճներ և աղուտներ։ Տարածության մեծ մասը զբաղեցված է կուլտուրացված ոռոգվող հողերով։ Բնական բուսականությունը պահպանված է Ամուդարյայի ողողատում և ավազուտներում։ Ջրամբարներում կլիմայավարժեցվում են մշկամուկ, ճահճակուղբ։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչության 92, 1%-ը (1970) ուզբեկներ են, բնակվում են նաև ռուսներ, ղազախներ, թաթարներ և այլոք։ Միջին խտությունը 1 Կմ2 վրա 165 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 20, 2%։ Քաղաքներն են Ուրգենչը, Իփվան, Դրուժքան։

Տնտեսությունը[խմբագրել]

Խորեզմի մարզը Ուզբեկստանի բամբակագործական հիմնական շրջաններից է՝ զարգացած անասնապահությամբ, բրնձամշակությամբ, մետաքսագործությամբ և արդյունաբերությամբ։ Թեթև և սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 80%-ը։ Առավել զարգացած է բամբակազտիչ արդյունաբերությունը։ Ուրգենչում են գտնվում մետաքսաթելի և կարի ֆաբրիկաները, Խիվայում՝ գորգագործական կոմբինատը։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ձիթհան, գինեգործական, հրուշակեղենի, կաթնայուղագործական ձեռնարկություններով։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը։ Նորոգման գործարան և կահույքի ֆաբրիկա կա Ուրգենչում, կահույքի կոմբինատ՝ Խիվայում։

1974 թ.-ին արտադրվել է 23, 2 մլն կվա/ժ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի հիմնական մասը Խորեզմի մարզը ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ-ից (Կարակալպակյան ԻՍՍՀ), գազը՝ Բուխարայից։ Ցանքատարածությունը 165, 3 հզ. հա է, որի 67, 2%-ն զբաղեցնում է բամբակենին։ 1976 թ.-ին ստացվել է 378 000 տ բամբակ։ Մշակում են նաև հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ 1978 թ.-ի դրությամաբ գործել են Պալվան-Գազավատ, Շավատ, Կլիչբայ, Տաշսակինյան և այլ ոռոգիչ ջրանցքներ։

Անասնապահությունը մասնագիտանում է կարակուլային ոչխարաբուծության ուղղությամբ։ 1977 թ.-ին կար 94 210 գլուխ ոչխար, 245 000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 7 500 խոզ։ 1976 թ.-ին մթերվել է 1802 տ շերամի բոժոժ։ Խորեզմի մարզով է անցնում Չարջոու—Կունգրադ-Մակատ երկաթուղին (մարզի սահմաններում՝ 133 Կմ), Բուխարա-Ուրալ գազամուղը։ Ավտոճանապարհների երկարությունը 1692 Կմ է (1976)։ Ուրգենչը օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Տաշքենդի և այլ քաղաքների հետ։

Մշակույթ[խմբագրել]

1975/76 ուս. տարում մարզի 578 հանրակրթական դպրոցներում կար մոտ 196 400, 16 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ մոտ 5 500, 7 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ մոտ 5 700 սովորող, մանկավարժական ինստ-ում՝ ավելի քան 2 900 ուսանող։ 1976 թ.-ին Խորեզմի մարզն ուներ 445 գրադարան, 240 ակումբ, 292 կինոսարք, դրամայի ու երաժշտական կոմեդիայի թատրոն, թանգարան-արգելավայր, մարզային 2 թերթ։ 1977 թ.-ին Խորեզմի մարզում կար 54 հիվանդանոց (6 600 մահճակալով), 1 500 բժիշկ, 3 սանատորիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png