Խոսքի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսքի մշակույթ, խոսքի համապատասխանությունը գրական լեզվի գործուն օրինաչափություններին. լեզվաբանության բնագավառներից մեկն է և նպատակ ունի առավելագույն չափով նպաստելու այդ համապատասխանությանը, որն անհրաժեշտ է թե՛ խոսողների բարձր մակարդակի ապահովման, թե՛ գրական լեզվի համաչափ զարգացման, կատարելագործման տեսակետից։ Ընդգրկում է լեզվի բոլոր բաղադրիչները բոլոր կողմերով՝ բառապաշար, քերականական կառուցվածք, ուղղախոսություն, ուղղագրություն, ոճաբանություն։ Նրա հիմքում դրված են գրական լեզվի նորմաները։ Լեզվական ճշտության հետ միաժամանակ խոսքի մշակույթի պահանջներից մեկն էլ խոսքի ոճական յուրահատկության հաշվառումն է, որով ապահովվում է խոսքի առավել արտահայտչականությունն ու նպատակայնությունը։

Խոսքի մշակույթի ուսումնասիրության առարկան խոսքն է, խոսքի արժանիքները, հաղորդակցման յուրահատկություններն ու դրսևորման առանձնահատկությունները լեզվի գործառական տարբերակներում։

Նպատակը՝ ուսումնասիրել խոսքը, իմանալ խոսքի ընդհանուր օրինաչափությունները և դրա միջոցով հասարակության մեջ մշակել գրակյան խոսքի բարձր ճաշակ։

«Խոսքի մշակույթ» հասկացությունը կիրառվում է 2 հիմնական նշանակությամբ․

  • Որպես գիտաճյուղ (ուսմունք է խոսքի հաղորդակցման որակների մասին),
  • Մարդու գիտելիքների ամբողջություն է, որը ապահովում է լեզվի նպատակաուղղված կիրառությունը հաղորդակցման համար։

Որպես գիտաճյուղ՝ սերտորեն առնչվում է տրամաբանության, հոգեբանության, գեղագիտության, գրականագիտության և այլ գիտաճյուղերի հետ։ Ավելի սերտորեն է առնչվում ոճագիտության հետ և հաճախ դրանք դիտարկվում են նույն դասընթացում։

Խոսքի մշակույթի հիմնական արժանիքներն են ճշտությունը, հարստությունը, բազմազանությունը, ճշգրտությունը, պարզությունն, մատչելիությունը, սեղմությունը, տրամաբանությունն, արտահայտչականությունը, մաքրությունն ու տեղինությունը, չափավորությունը ևն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80