Խոսրով Բ Փարվեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսրով Բ Ափարվեզից)
Խոսրով Բ Ափարվեզի պատկերը դրամի վրա

Խոսրով Բ Ափարվեզ (պարսկ.` خسرو پرویز, բառացի՝ «հաղթող», ծննդյան թվականը անհայտ - 628 ), պարսից արքա 591 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Գահ է բարձրացել սպարապետ Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբության ժամանակ։ Ազնվականների դավադրությունից և ապստամբության աճող վտանգից վախեցած՝ փախել է Բյուզանդիա։ Մորիկ կայսրը Հայաստանի արևելյան մասը, Վրաստանը, Միջագետքի կարևոր ամրություններ Դարան և Նփրկերտը ստանալու պայմանով ռազմական օգնություն է խոստացել նրան։ Ատրպատականի Գանձակ (Շիզ) քաղաքի մոտ բյուգանդական, հայկական (մոտ 15 հազար զինվոր) և Խոսրով Բ Ափարվեզին հավատարիմ պարսկական միացյալ ուժերը պարտության են մատնել Չուբինին։

591 թվականին Մորիկը և Խոսրով Բ Ափարվեզը Հայաստանը բաժանել են իրար միջև։ Երկու երկրների սահմանը Հայաստանում դարձել է Ազատ գետը, Կոգովիտ գավառը, Մակուն, Վանա լիճը։

605 թվականին պարսկական զորքերը գրավել են Հայաստանի բյուգանդական մասը, Վրաստանը և հասել Կ. Պոլիս։ Պարսկական զորքերը գրավել են նաև Ասորիքը, Պաղեստինը, Երուսաղեմը, Եգիպտոսը։ Սակայն 627 թվականին բյուգանդական զորքը գրավել և ավերել է Գանձակը (Շիզ), մոտեցել Տիզբոնին։ Ռազմական անհաջողություններից դժգոհ ազնվականությունը բանտարկել է Խոսրով Բ Ափարվեզին։

Խոսրով Բ Ափարվեզը Սասանյանների վերջին խոշոր ներկայացուցիչն էր, որի ժամանակ Պարսկաստանը գտնվել է իր քաղաքական զարգացման գագաթնակետին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png