Խոսրովիկ Թարգմանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսրովիկ թարգմանիչից)

Խոսրովիկ թարգմանիչ, (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Խոսրովիկ Հռետոր, ծննդյան և մահվան թթ. անհայտ են), VIII դարի առաջին կեսի հայ նշանավոր մատենագիր և աստվածաբան։ Մասնակցել է 719թ. Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի կողմից հրավիրած Մանազկերտի եկեղեցական ժողովին, որի նպատակն էր հարթել հայ և ասորական եկեղեցիների միջև ծագած տարաձայնությունները` Փրկչի մարմնի անապականության վարդապետության հարցում[1]։ Խոսրովիկի գրչին են պատկանում թվով 5 թղթեր՝ նվիրված դավանաբանական և ծիսական խնդիրներին։ Դավանաբանական վեճ մղելով Հայ եկեղեցու գաղափարական հակառակորդների դեմ՝ հեղինակը քննադատել և մերժել է քաղկեդոնականությունը և ասորական եկեղեցու մեջ տարածում գտած սևերյան և հուլիանոսական հերձվածները, հանդես եկել որպես Հայ եկեղեցու դավանաբանական առանձնահատկությունների ու ծեսերի ջատագով։

Առաջին թուղթը գրված է քաղկեդոնականության դեմ, դրանում մերժվում է քաղկեդոնական դավանության էությունը և հաստատվում է Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը։ Երկրորդ և երրորդ թղթերը, որոնք իրենց բովանդակությամբ նման են Հովհաննես Գ Օձնեցու «Ընդդեմ երևութականաց» ճառին, Հուլիանոս Հալիկառնասցու հետևորդների վարդապետության աստվածաբանական հերքումն են: Պաշտպանել և հիմնավորել է քրիստոսաբանական այն մեկնակետը, համաձայն որի որ Աստծո մարդեղացումը կատարվել է ոչ թե Բանի և մարմնի սոսկական նույնացմամբ («ըստ բնության մի բնություն», որ է՝ Բանի և մարմնի համագոյություն), այլ՝ «ըստ անճառ միավորության»: Ի հակակշիռ հուլիանական 'այն տեսակետի, որ Քրիստոսի մարմինն «ըստ բնության անչարչարելի և անմահ» է և անհաղորդ է մարդկային կրքերին, նա պաշտպանել է Հայ եկեղեցու վարդապետության այն սկզբունքը, համաձայն որի, Տերունական մարմինը բնությամբ չարչարելի է, մահկանացու և լիովին հաղորդակից մեղքից զերծ մարդկային կրքերին, իսկ միավորված Բանով՝ Աստվածությամբ, անմեղ, անչարչարելի և անմահ է[2]:

Չորրորդ թուղթն ուղղված է Անտիոքի Աթանաս պատրիարքին (724–740), դրանով Խոսրովիկը իրազեկ է պահում պատրիարքի ուղարկած եպիսկոպոսներից մեկի՝ Թեոդորոսի գաղափարներում Սևերոս Անտիոքացու վարդապետության տարրերի առկայության մասին:

Հինգերորդ թղթում Խոսրովիկը անդրադարձել է Սևերոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնասցու հերձվածների առաջացմանը, բնորոշել դրանց տեսական առանձնահատկությունները:

Հղումներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]

«Խոսրովիկ թարգմանիչ» հոդվածը` «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում