Խոժոռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոժոռնի, միջնադարյան բերդ-բնակավայր Գուգարքի Ծոբոփոր գավառում, այժմյան Խոժոռնի (Վրաստան, Մառնեուլի շրջանում) հայաբնակ գյուղի տեղում, Բերդաձորից հյուսիս։ XI դարից պատկանել է Զաքարյաններին, եղել նրանց տոհմական և հոգևոր կենտրոնը։ Գյուղի անվան ծագումը շատ պատմաբանաներ՝ Գառնիկ Շախկյան, Եղիշե Սահակյան և այլն կապում են Հայկ Նահապետի որդու՝ Խոռի անվան հետ։ Ըստ Խորենացու, Խոռը Հայկ նահապետի որդին էր, Խոռի սերունդը կոչվեց Խոռխոռունիներ, որոնք հայտնի իշխանական տոհմի անվանումն է։ Ըստ ավանդության Խոռը հիմնվեց Հայաստանի հյուսիսում, կառուցեց մի ավան որը կրեց նրա անունը՝ Խոռ։ Այն հետագայում դարձավ Խոժոռնի։ Խոռի անվան հետ է կապվում նաև Խոժոռնիից ոչ այնքան հեռու գտնվող Խորակարետ հոյակերտ վանքը, որը հնում կրել է տարբեր անուններ՝ Խոռակերտ, Խոռի վանք, Խոռխոռակերտ և այլն։

Այժմյան Խոժոռնիում պահպանվել են միանավ (բլրի վրա) և խաչաձև՝ զույգ ավանդատներով գմբեթավոր (XI դար) եկեղեցիները։ Գմբեթավոր եկեղեցին գտնվում է խոժոռնի գյուղի եզրին, հայ-վրացական ներկայիս սահմանից ոչ այնքան հեռու։ Կառուցված է խոշոր, կիսամշակ բազալտ քարերով։ Պատերի շարվածքում օգտագործվել են վաղ միջնադարի բարձրարվեստ քանդակազարդ կոթողներ։ Արևելյան ճակատին, բեմի լուսամուտի վերևում, կա կտիտորական բարձրաքանդակ՝ եկեղեցու մանրակերտը ձեռքերին բռնած իշխանի և եպիսկոպոսի պատկերով։ Եկեղեցուց ոչ հեռու անհատ նշանակությամբ քառակողմ մի շինություն կա, որը կարող էր լինել հոգևոր ծառայությունն իրականացնողի կացարանը։ Ցավոք 90-ականներին անհատ մարդիկ պատերից քերել են հայերեն արձանագրությունները, փոքրածավալ որմնաքանդակները։ եկեղեցու դեմ հանդիման, Հայաստանի Հանրապետության տարածքում, անտառի մեջ է գտնվում Խոժոռնիի ամրոցը։ Խոժոռնի գյուղի մոտ պահպանվել են նաև հին խաչքարեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 2, Նյու Յորք, 1944, էջ 71 - 72։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 67