Խնայողական դրամարկղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնայողական դրամարկղներ, վարկային հիմնարկություններ, որոնց հիմնական ֆունկցիան բնակչության դրամական խնայողությունների և ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ներգրավումն է։

Պատմություն[խմբագրել]

Կազմակերպվել են XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին՝ մասնավոր ընկերությունների, մունիցիպալիտետների և պետության կողմից։ Ռուսաստանում խնայողական դրամարկղները հիմնադրվել են 1841 թվականին։ Կապիտալիստական երկրներում խնայողական դրամարկղների միջոցներն օգտագործվում են ռազմական ծախսերը ֆինանսավորելու, բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Ավանդների մեծ մասը պատկանում է ռանտյեներին, մանր ու միջին ձեռնարկատերերին։

ԽՍՀՄ-ի խնայողական դրամարկղներ[խմբագրել]

ԽՍՀՄ խնայողական դրամարկղները համամիութենական կենտրոնացված վարկային հիմնարկներ են եղել և տնտհաշվարկով աշխատող իրավաբանական անձ։ Ստեղծվել են ՌՍՖՍՀ ԺԿԽ-ի 1922 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ, մինչև 1963 թ.-ը գտնվել ԽՍՀՄ ֆինանսների նախարարության, 1963 թվականի հունվարի 1-ից՝ ԽՍՀՄ Պետբանկի ենթակայության տակ։ Խնայողական դրամարկղներում ներգրավված միջոցներն օգտագործվել են ԽՍՀՄ տնտեսության հետագա զարգացման համար։ Ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, դրամական եկամուտների աճի շնորհիվ խնայողական դրամարկղներում ավանդներն անընդհատ ավելացել են։ Ավանդների թիվը 1940 թվականին և 1977 թվականին, համապատասխանաբար կազմել է 17 300 000 և 120 000 000, ընդհանուր գումարը՝ 700 000 000 և 116 700 000 000 ռուբլի, միջին չափը՝ 42 և 972 ռուբլի։

Խնայողական դրամարկղներն ավանդներ են ընդունել ցպահանջ, ժամկետային (6 ամսից ոչ պակաս ժամկետով), պայմանական, շահող և ընթացիկ հաշիվներով։ Ժամկետային ավանդի համար եկամուտ է վճարվել տարեկան 3%, մյուս տեսակների համար՝ 2% ։ Շահող ավանդների համար եկամուտը վճարվել է շահումների ձևով։ Ավանդներից ստացված եկամուտները չեն հարկվել։ Դրամական միջոցների անձեռնմխելիությունը, ավանդների գաղտնիությունը և դրանց վերադարձնելը ավանդատուի առաջին իսկ պահանջով երաշխավորված է եղել պետության կողմից։ Ավանդատուն իրավասու էր ավանդը ետ վերցնել մաս-մաս կամ ամբողջովին, տնօրինել անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով՝ կտակել մեկ կամ մի քանի անձանց, պետական կամ հասարակական կազմակերպությունների։

Խնայողական դրամարկղները բնակչության և կազմակերպությունների օգտին կատարել են տարբեր բնույթի դրամական գործառնություններ՝ իրացրել են 3%-անոց փոխառության պարտատոմսերը, դրամա-իրային վիճակախաղի տոմսերը, վճարել շահումները, մարել պետական փոխառությունները, վարել արհմիութենական կոմիտեների ու հասարակական սկզբնական կազմակերպությունների ընթացիկ հաշիվները, բնակչությունից գանձել կոմունալ ծառայությունների ու բնակարանային վարձը, վճարել կենսաթոշակները, տվել ու վճարել ակրեդիտիվ և այլն։

1977 թվականին ԽՍՀՄ-ում գործում էր 80 400 խնայողական դրամարկղներ, որոնք դասակարգվել են կենտրոնական, I, II կարգի խնայողական դրամարկղների և գործակալությունների։ Խնայողական դրամարկղների համակարգը ղեկավարել է ԽՍՀՄ պետաշխխնայդրամարկղների վարչությունը։

ՀԽՍՀ-ի խնայողական դրամարկղներ[խմբագրել]

ՀԽՍՀ-ում առաջին խնայդրամարկղը կազմակերպվել է 1923 թվականին՝ Երևանում։ 1977 թվականին գործում էր 670 խնայողական դրամարկղներ (1940 թվականին՝ 264), ավանդների թիվը 1 037 000 էր, ընդհանուր գումարը՝ 1 538 200 000 ռուբլի, միջին չափը՝ 1483 ռուբլի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png