Խեթական փոխառությունները հայերենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խեթական փոխառություններ, հայերենի` խեթերենից փոխառված բառերը։

Խեթերենով խոսող ժողովուրդը մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներում գոյություն է ունեցել Փոքր Ասիայի այն տարածքում, որ համընկնում է Պատմական Հայաստանի հարավարևմտյան սահմանների հետ։ Խեթական պետության փլատակների վրա կազմավորված հայ ժողովուրդին ձուլվել են նաև խեթական էթնիկական հոծ զանգվածներ, իսկ հայերենն իր մեջ առել է ցեղակից այդ լեզվի շատ տարրեր, այդ թվում նաև բառեր, որոնց զգալի մասը համարվում են ենթաշերտային կամ ստացվածքային այնպես, ինչպես ուրարտական ու խուռիերեն բառերը[1]։

Հ. Աճառյանը խեթերենից փոխառություն է համարում 10 բառ` ապա, հատակ, հատանել, խանգարել, ոլորել, վառել, փշրել, առավոտ, փետուր, շարավանդ (կապ)[2]։

Գ. Ղափանցյանը[3] հայ-խեթական բառային ընդհանրությունները տարբերակում է խեթական փոխառություններից։ Հայ խեթական ընդհանուր բառեր են համարվում՝ անթեղ, ատաղձ, արգատ, արվեստ, ապա, գորգ, թողնել, իրար, խառն, խելք, խիղճ, խնայել, խորթ, խուղ, հյուղ, խումբ, խմբել, ծուխ, կարիք, կարիճ, հատել, հեգնել, հիմա, հտպիտ (ծաղրածու), ճիվաղ, ճորխ, ջախջախել, սկսել, սպրդել, տագնապ, տող, փետուր։

Խեթերենից կատարված փոխառություն են համարվում աղանդեր, բարգավաճ, մանավանդ, ուրդ (առու), քրթմնջել բառերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 196։
  2. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 149։
  3. Գ. Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն (հին շրջան), Երևան, 1961, էջ 148-204։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]