Խարաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խարաջ (արաբ․՝ خراج‎‎)՝ ծախսեր, միջոցներ), հողահարկ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում։ Մասանյանների պետության մեջ կոչվել է խարագ և վճարվել հիմնականում բնահարկի ձևով՝ բերքի 0, 3-ի, նույնիսկ 0, 5-ի չափով։ Արաբական խալիֆայությունում, սկզբնական շրջանում (VII դար), խարաջը նշանակում էր ընդհանրապես հարկ, որ գանձվում էր նվաճված ոչ մահմեդական ժողովուրդներից, սակայն, VIII դարից արդեն իբրև հողահարկ, խարաջը վճարել են բոլորը՝ անկախ կրոնական պատկանելությունից։ Մահմեդական հողատերերը հաճախ վճարել են ուշր (տասանորդ) և խուսափել խարաջից։ Աբբասյանների ժամանակ խարաջը վերջնականապես ստացել է նեղ իմաստով հողահարկի նշանակություն, վճարվել է երկու ձևով (խարաջ միսահա և խարաջ մուկասամա)։ Առաջինը գանձվել է պետական հաշվառման ենթարկված կալվածներից՝ դրամական հարկի և բնահարկի ձևով, երկրորդը՝ ըստ հողի որակի, ոռոգման պայմանների և կազմել է բերքի 0, 25, 0, 3 կամ 0, 5 մասը։ Այն հողերը, որոնցից խարաջ է վերցվել, կոչվել են խարաջային։ Խարաջի և ընդհանրապես հարկերի վերաբերյալ կային հատուկ մատյաններ, ինչպես նաև իրավագիտական ժողովածուներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png