Խատուտիկ
Խատուտիկ (Одуванчик, Taraxacum, officinalis Wilg, hայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ), աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է:
[խմբագրել] Նկարագրություն
Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին: Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 — 12 տարի: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ: Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում: «Տարաքսակում» անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող:
Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը:
[խմբագրել] Քիմիական բաղադրությունը
Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A , B,, B2, С, РР վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր:
[խմբագրել] Աղբյուրներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խատուտիկ կատեգորիայում։ |