Խաչիկ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչիկ, Վայոց Ձորի մարզից)
Գյուղ
Խաչիկ
По дороге в село Хачик 3.JPG
Խաչիկ գյուղի ճանապարհին
39°37′18″ հս. լ. 45°12′20″ ավ. ե. / 39.621667° հս. լ. 45.205556° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Գյուղապետ Վարդան Ներսիսյան
Բարձր. ծովի մակ-ից 1860 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1030[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Խաչիկ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Խաչիկ (գյուղ) (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png

Խաչիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում[1], մարզկենտրոնից 40 կմ հեռավորության վրա, Արփա գետի ձախ կողմում, Նախիջևանի սահմանից ոչ հեռու։

Անվան ծագում[խմբագրել]

Khachik163.jpg

Այժմյան գյուղատեղիից 1,5 կմ դեպի արևմուտք գնտվել է մի քար, որի վրա գրված է եղել «Հիմնադրեցի գյուղը և այն իմ անունով կոչեցի Խաչիկ։ Հիշեցեք Խաչիկ վարդապետին»։ Մելորատիվ աշխատանքների ժամանակ այդ քարը ոչնչացվել է։ Հետագայում Քարակոփի Խոտակերաց վանքի շրջակայքի պեղումների ժամանակ գտնվեց մի տապանաքար, որի արդեն քայքայված գրության մեջ կարդացվում է «Խաչիկ» անունը. ենթադրվում է, որ սա հենց գյուղը հիմնադրող Խաչիկ վարդապետի գերեզմանն է։

Աշխարհագրություն[խմբագրել]

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կիլոմետր դեպի արևմուտք՝ ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա՝ գտնվում է բարձր լեռնային գոտում, ունի մոտ 250 ընտանիք։ Երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը՝ Նախիջևանին։

Ֆաունա[խմբագրել]

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր, հացահատիկային կուլտուրաներ։

Խաչիկ տանող ճանապարհ։

Պատմություն[խմբագրել]

1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսաստանին, տարբեր տեղի հայեր գալիս և բնակվում են Խաչիկում։ 1896 թվականի մարդահամարով գյուղն ունեցել է 320 ծուխ և 1350 բնակիչ։ Քսաներորդ դարի դարասկզբին գյուղն ունեցել է շուրջ 290 ծուխ, 1300 բնակչով (ըստ 1896 թ. մարդահամարի), վերջնականապես ձևավորվել են նրա սահմանները՝ 800 քկմ։ 1918-20 թթ. համատարած սովն ու հիվանդությունը (տիֆ, խոլերա) մասսայաբար գերեզման է տանում շատ ու շատ գյուղացիների։ Կրկնվող երաշտը, ճանապարհների փակ լինելը, արոտավայրերի պակասը ստեղծում են ծանր կացություն։

Գյուղի առաջին կառույցը եղել է ցեխից պատրաստած մի բերդ՝ այսօրվա Ժամի արևմտյան կողմում։ Նրան կից կառուցվել է անշուք եկեղեցի։ Հետագայում այդ նույն եկեղեցու փլատակների վրա կառուցվել է (1888 թ.) այսօրվա եկեղեցին։ Մինչև 1960 թվականը գյուղում չի եղել ոչ մի տանիքապատ տուն։ Հիմնականում տափակ կտուրներով, չորս սյուների վրա գլխատներ էին։

1921 թվականին գյուղ են գալիս բոլշևիկները։ 1922 թվականին տեղի է ունենում հողաբաժանություն, և հենց նույն թվականին էլ տեղի է ունենում գյուղական խորհրդի ընտրություն և Խաչիկի գյուղական խորհրդի առաջին նախագահ է ընտրվում Կիրակոս Մարգարյանը (պաշտոնավարել է 1922-27 թթ.)։ 1922 թվականին անհաջող փորձ է արվում կազմակերպել առաջին կոլեկտիվ տնտեսությունը. մի քանի տնտեսություններ միավորվում են, բայց շուտով՝ ցրվում։ 1931-32 թվականներից սկսվում է համատարած կոլեկտիվացումը, և առաջին կոլտնտեսության նախագահ է ընտրվում Մամիկոն Գրիգորյանը։ 1972 թվականից Խաչիկի կոլտնտեսության բազայի վրա ստեղծվել է Խաչիկի ոչխարաբուծական սովետական տնտեսությունը, որը ղեկավարում էր տնտեսության դիրեկտորը։

Գյուղատեղեր[խմբագրել]

Խաչիկ գյուղի շրջապատում կան մի քանի գյուղատեղեր, որոնք աստիճանաբար մաքրվում-հերկվում են և անհետանում։ Դրանցից մեկը գտնվում է գյուղի և Քարկոփի վանքի արանքում, որոտեղ կան գերեզմանող և խաչքար, այդտեղ է և ձիթահանքի մնացորդը, որի քարի վրա մնացել է Կուկեցի վարպետի արձանագրությունը։ Քարկոփի վանքին մոտ մնում են մի այլ գյուղատեղի մնացորդներ, որին այժմ Ղարղաբազար(թարգմանված թուրքերենից նշանակում է ագռավների շուկա) են անվանում այդ տեղ ևս կան տապանաքարեր և մի արձանագրված խաչքար՝ Սարգիս Կրոնավորի հիշատակագրությամբ։ Դեպի Ամաղու տանող ճանապարհին մի ձորի մեջ է գտնվում Առնետ կոչվող գյուղատեղին որի եզրին մնացել է Խաչիկ կրոնավորի կանգնեցրած խաչքարը։

Քարակոփի վանքի դեպի հարավ գտնվում են մի այլ գյուղատեղի ավերակները, ուր կա նաև ավերակ ջրաղաց, որի քարե նավի վրա պահպանվել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հիշատակագրությունը։ Այս ջրաղացը հատկապես հետաքրքիր է և ուսումնասիրության կարոտ, որովհետև նախ՝ նավը շինված է քարերից, ապա, նրան աշխատեցնող ջուրը, որը մի փոքր առվակ է, քիչ է եղել այդ պատճառով փորվել են հորեր-քյայրիզներ, որոնց ջրերը միանալով առվակի ջրին աշխատեցրել են ջրաղացը։ Հավանաբար այս առանձնահատուկ և ծանր աշխատանքները կատարվել են Ստեփանոս Օրբելյան պատմագրի օժանդակությամբ, որի համար և քարի նավի վրա գրվել է նրա հիշատակագրությունը։

Թաղեր[խմբագրել]

Գյուղի թաղերի անունները վկայում են, որ տարբեր տեղերից են եկել Խաչիկիբնակիչները. Հռոյի մահլա՝ Արևմտյան Հայաստանից եկածներ, Քյարդգյարի թաղ՝ հայի ու քրդի խառնուրդ, Զոկի թաղ՝ Նախիջևանից եկածներ, Ասի քյանդ՝ փոքր գյուղ և այլն։ Իհարկե, հետագայում ստեղծվել են նաև այլ թաղեր. Փոսի թաղ, Չիլլոնց թաղ, Ուլակեր, Ժամի թաղ, Սպիտակ /Սիպտակ/ ձորի թաղ և այլն։

Տոհմեր[խմբագրել]

Գյուղի հիմնադիրները եղել են Ճաղարենք, Մուրադենք, Յարանոնք, Մխսոնք, Սաքանենք, Դումանենք, Աթինենք, Էլիքսանենք. թվով՝ յոթ տոհմեր։

Կոմունիստական կուսակցության բջիջ[խմբագրել]

Գյուղի հասարակական կյանքում նշանակալի դեր է ունեցել Կամունիստական կուսակցության տեղական բջիջը, որ կազմավորվել է 1923 թվականին։ 1925 թվականից գյուղում գործել է կուսկազմակերպություն, որի առաջին քարտուղարն է եղել Աշոտ Բադալյանը։ Երեսունական թվականների սկզբին Դարալագյազի բանդիտական շարժման ժամանակ Կոմունիստների թույլ տված սխալների պատճառով կազմակերպությունը ցրվել է և մինչև 1945 թվականը խաչիկում ինքնուրույն Կոմունիստական կուսակցության կազմակերպություն չի եղել։

Բնակչություն[խմբագրել]

Նախնիների մի մասը 1829 թ.-ին գաղթել է Խոյից։

Խաչիկի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2004
Բնակիչ 110 968 1068 1381 1222 1062 978 1103

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգե-գործությամբ և անասնաբուծությամբ։

Պատմական հուշարձաններ[խմբագրել]

Բերդեր[խմբագրել]

Բերդաքար, Սանսաղալասի, Մեղրաքար Գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող այս բերդը քիչ նշմարելի հետքեր ունի, բայց բնական դիրքը, որ միայն մի կողմից է հնարավոր մուտք գործել, ինքնըստինքյան խոսում է նրա անառիկության մասին։ Ըստ երևույթին գործել է 1200-1500 տարի առաջ։ «Սանսաղալասի» թուրքերեն անվանումն է։ Բերդի անմատչելի ծերպում կա մեղվաբուն, որտեղից ժամանակին համարձակ մարդիկ մեղր են հանել։

Ջրաղացների Բերդ[խմբագրել]

Ավուշ գետի (Թամաշալղի Ձոր, Խոր Ձոր) և Ջրաղացներ գնացող ներքին կեռմանների արանքում գտնվող այս բերդի հետքերն այնքան պարզ են երևում, որ կարելի է հաշվել, թե քանի բնակարան է եղել։ Բերդի պարիսպների հիմքում դրված են հսկա քարաբեկորներ։ Դժվար է ասել, թե նրանց բարձրությունը որքան է եղել, բայց անզեն աչքով նկատվում է, որ բերդը եղել է ապահով մի կառույց, որն ունեցել է իր բոլոր ենթակառուցվածքները։

Բերդից 500-600 մետր հեռու գտնվում է պահակակետը, որի հիմքից 1.5-2 մետր բարձրությամբ պատեր կանգուն են։ Այն եղել է բավականին բարձր, որի վկայությունը քանդված պատերից ընկած քարերի առատությունն է։ Բերդից միչև պահակակետը շարված է մոտ 1.5 մետր լայնությամբ պատշար։ Բերդի հաբար Թեղուտից կավե խողովակներով ջուր է բերվել։

Ժամի Թիլ[խմբագրել]

Գյուղից մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվում է Հին Գյուղը, իսկ քիչ հեռու, բլրի կատարին՝ ընդարձակ շինության հետքեր։ Կողքին՝ բավականին լավ հղկված գերեզմանաքարեր, մի քիչ հեռու՝ սովորական գերեզմաններ՝ անմշակ տապանաքարերով։ Ժամի Թիլում եղել է եկեղեցի կամ ժամ, որի գավթում թաղվել են երևելի մարդիկ։

Հնգզարաթ[խմբագրել]

Աստվածածին։ Շատ հավանական է, որ 1604 թ. Շահ Աբասի տեղահանությունից հետո կրկին հայերը վերադարձել են։ Այդ շամանակաշրջանում ամբողջ գյուղատեղը պարսիկները նվիրել էին վրաց թագաժառանգին։ Վերջինս բավականին կոպիտ անձնավորություն է եղել, շահագործել է առանց այն էլ սակավ ճորտերին, որոնք էլ, պայքարի որևէ ձև չիմանալով, կառուցել են Հնգզարաթը։

Պատերը շարված են կոշտ քարերով, առանց շաղախի։ Կտուրը ծածկելուց հետո քանդվել է. կրկին ծածկ են դրել, բայց իզուր։ Մինչև հիմա էլ մնում է «Հնգզարաթը ծածկ չի վերցնում» հավատալիքը։

Փաստորեն այն եղել է ուխտատեղի, որտեղ տարվա ընթացքում 3-4 անգամ ամբողջ գյուղը հավաքվել է։ Ամենաշատը հավաքվել են «կաթնով» մատուցելու օրը։

Քարակոփ կամ Խոտակերաց վանք[խմբագրել]

Քարակոփի վանքը նախքան վերանորոգումը

Հայաստանի նշանավոր վանքերից է, որի մասին կան գիտական շատ տեղեկություններ։ «Խոտակերաց» անվանումը տարբեր ձևերով են մեկնաբանում, բայց ճշմարտությունն այն է, որ վանքի համալիրի կառուցումը երկար տարիներ է տևել։ Մի քանի անգամ ավերվել է, վերաշինվել։ Վերջին անգամ X դարում։ Պավլիկյան շարժման ժամանակ, ըստ երևույթին, վանքի սպասավորները նույնպես յուրովի ապստամբել են և գնացել քարայրեր, որտեղ էլ սնվել են խոտերով։

Վանքը վերանորոգելուց հետո Սյույաց Տիկին Շուշանիկը հրավիրում է նրանց և առաջարկում նորաստեղծ պայմաններում շարունակել ծառայել Աստծուն։ Այստեղից էլ առաջացել է Խոտակերաց վանքի անունը։

Պորտախաչ (կամ Պորտավոր Խաչ)

«Քարակոփ» վանքն ունեցել է կից կառույցներ, որոնց հետքերը կան։ Նրանք կառուցված են շրջապատի անտաշ քարերից, որից էլ ստացվել է անունը։ Վանքն ունեցել է ճորտեր և հող։ Դեռ պահպանվում է Հարթավայրում (Դույզ) Քարկոփահանդ կոչվող հսկայատարածք հողակտորը։ Վանքին կից եղել է ձիթահան, ջրաղաց։ Վերջինս գտնվելիս է եղել աղբյուրից 200 մետր ներքև, հետքերը դեռ կան։ Ջրաղացն աշխատել է քահրիզներից դուրս եկող ջրով և Շռանի տակից եկող ջրով։

XIII դարի սկզբին Քարակոփ է գալիս Ստեփանոս Օրբելյանը, ում պատվին կանգնեցվում է ծառերից ներքև գտնվող Պորտախաչը։

Ժամը[խմբագրել]

Գյուղամիջում կանգնած կառույցը թվագրված է 1888 թ.։ Ժամը կառուցող վարպետը եղել է Ուստա Բադամը, որ ձմռանը Ճատեյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում պատշարը։ Ժամը կառուցվել է համայնքի հաշվին։ Ծուխը երկու էշաբեռ անմշակ քար է բերել Աբազբչանակից, մեկ բեռը՝ Քարակոփի ավերված եկեղեցու քարերից։

Ժամում առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել 1901 թվականին։

Երկար ժամանակ անհաշտ պայքար է գնացել Սաքանենց և Դումանենց տոհմերի միջև, որոնցից ամեն մեկն ուզեցել է ինքը դառնալ եկեղեցու սպասավորը՝ երկու տոհմերում էլ կային օծված քահանաներ։ Վերջին քահանան եղել է Տարսայիչ Խաչատուրի Տեր-Սիմոնյանը, ով մահացավ 1944 թվականին։

Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգ, բայց 1940 թ. հունվարին կայծակը շանթահարեց և փլեց։ 1960 թվականին թիթեղապատվել է տանիքը և վերաշինվել է գմբեթը, սակայն առատ ձյան սահքից այն նորից քանդվել է։

Աղբյուրները[խմբագրել]

Մեսրոպի աղբյուր 19-րդ դարի 70-ական թվականներին Հակոբջանյանները բնակություն են հաստատում Խաչիկում։ Տեսնելով, որ իրենց տնից քիչ հեռու կա բնական աղբյուր, որի ջուրն իզուր հոսում է, նրա շուրջը տնկել են ընկուզենու ծառեր։ Նրանց օրինակին են հետևել նաև Սաղերենց (Շիվարենց) տոհմի անդամները, և, ահավասիկ, առաջացել է ընկուզենու մի գեղեցիկ պուրակ։ «Մեսրոպ» անունը հայտնի չէ, թե որտեղից է առաջացել։

Ուլակեր Աղբյուրը շուրջ 200 մ հեռու է եղել բնակավայրից։ Գյուղացիների նախաձեռնությամբ այն մոտեցվում է։ Հաջող ավարտից հետո մի ուլ են մորթում և նշում են աղբյուրի մուտքը բնակավայր։ Սկզբում կատակով կոչվում է ուլակերների աղբյուր, իսկ հետագայում՝ Ուլակեր։

Շոր աղբյուր Նույնպես տեղից է բխում։ Առաջներում, ամռանը հատկապես, հնձվորները խմում էին այդ ջրից, որը համեմատաբար ուշ էր տաքանում։ «Շոր» անունն առաջացել է նրա մեջ աղի քանակության շատ լինելու պատճառով։

Զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը[խմբագրել]

1969 թվականին Խաչիկ գյուղի ղեկավարները նախաձեռնեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցումը։ 1969 թվականի նոյեմբերի 29-ն տեղի ունեցավ աղբյուր-հուշարձանի բացման արարողությունը։ Այն ամփոփում է Խաչիկցի 132 զոհվածների կորած գերեզմաններ։

Ջրաղացները[խմբագրել]

Ստույգ հնարավոր չէ ասել, թե երբ են կառուցվել ջրաղացները, բայց ականատեսների և հետքերի թելադրումը ապացուցում է, որ շուրջ 200 տարի սրանից առաջ, գուցե մի 20 տարի պակաս, գյուղում կամ նրա շրջակայքում եղել է ջրաղաց։ (Այժմ, սակայն, գյուղի տարածքում ոչ մի կանգուն ջրաղաց չկա։)

Ջրաղացները կառուցվել են հիմնականում Խոր Ձորում, Ավուշ-չայ գետակի վրա։ Հետագայում այդ ձորը, ինչպես նաև ողջ կանիոնը, ստացավ գեղեցիկ մի անուն՝ Ջրաղացների Ձոր։ Իրար հերթագայում էին հետևյալ ջրաղացները.

Պետրոսենց ջրաղաց[խմբագրել]

Գտնվում էր երկու ջրերի, Ավուշից ու Խաչիկից գնացող, միախառնման վայրից 500 մետր ներքև։ Կարճ է տևել նրա գոյությունը, որովհետև կառուցման ժամանակ հաշվի չէին առել հարավ-արևելքից եկող սելավը, որն էլ խորանալով վտանգել էր ջրաղացի գոյությունը։ Մյուս կողմից, դեպի ջրաղաց տանող ճանապարհը եղել է շատ վատ վիճակում։

Աքելենց (Առաքելյանների) ջրաղացը[խմբագրել]

Գտնվում է Պետրոսենց ջրաղացից 350 մետր ներքև՝ Բերդաքարի ստորոտում։ Շատ երկար է գոյատևել, ունեցել է հարմար դիրք, լավ բանուկ ճանապարհ։ Առաքելյանները լավ վարպետներ են եղել. այսօր էլ անհավանական է թվում, թե ինչպիսի հաշվարկներով են ընդառաջվել, որ կարողացել են շատ բարդ տեղանքով ջուրը հասցնել տեղ, և ահագին մեծ ճնշման պայմաններ ստեղծել ջրաղացի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Այսօր էլ կան խաղողի այգու, պտղատու ծառերի, մարգատեղերի, բարդիների հետքերը։

Այստեղ էլ, տեղանքի պատճառով 1940-ական թվականներին դադարեցրեցին ջրաղացի աշխատանքը, բայց ջրաղացի վարպետները Դումանենց ջրաղացից 200 մետր ներքև կառուցեցին նոր ջրաղաց, որին անվանում էին Սեփոյի (Ստեփանի) ջրաղաց։ Այս ջրաղացն իր գոյությունը պահպանեց մինչև 1950-ական թվականները։

Դումանենց ջրաղաց[խմբագրել]

Հարմարավետ մի վայրում (բոլոր առումներով) կառուցված այս ջրաղացն ամենահեղինակավորն էր։ Այս տոհմի, Ուստա Օհանենց, ժառանգները լավ տիրապետել են մի քանի արհեստների, ուստի ջրաղացն էլ կատարյալ է եղել։ Վարպետ Աթանը, Քրիստափորը, Սեդրակը, Գեղամը, Պարույրը ոչ միայն Խաչիկում, այլև հարևան Նորաշենում ճանաչված վարպետներ էին. ամեն ինչի, հատկապես՝ ջրաղացաշինության։

Ավանեսենց ջրաղացները[խմբագրել]

Երկու ջրաղաց իրար կից. վերև-ներքև։ Հավանական է, ավելի ուշ են կառուցվել, բավականին բարդ տեղանքում։ Մինչև ջրի ջրաղաց հասցնելը պատրաստել են 450 մետր ավել առու։ Ջրաղացն աշխատեցնող ջուրն ընթացքը շարունակել է ևս մի քանի հարյուր մետր ու օգտագործվել որպես ոռոգման ջուր։ Ըստ հետագայում կատարված (կոլխոզի կողմից) կատարված հաշվարկի ջրաղացին շրջապատող այգում կար շուրջ 90 ընկույզի ծառ (որոնցից ամեն մեկը 3-4 միջակ ծառի չափ), 150 ծիրանի, 30 տանձի, 50-60 փշատի, 100-ից ավել սալորի ու դամբուլի ծառեր, էլ չենք խոսում վայրի սնձի, տանձի և այլ ծառերի մասին։ Կար նաև մեկ հա լիարժեք, բարձր տեսակի խաղողի այգի։ Հսկայական տարածություն է ընդգրկել բանջարանոցը։

1935 թվականին թվականին ջրաղացներն իրենց շրջապատով հանրայնացվեցին։ Կոլտնտեսությունը ոչ միայն չպակասեցրեց, այլ բարելավելով հողը, ավելացրեց տնկարքներն ու դեկորատիվ ծառերի քանակը։ Ցավոք սրտի 90-ական թվականների հայտնի դեպքերից հետո ջրաղացներն աչքաթող արվեցին։ Այսօր տարածքը վերածվել է անապատի։

Այլ ջրաղացներ[խմբագրել]

Գյուղատեղի շրջապատում եղել են մի քանի ջրաղացներ։ Ամենահինը՝ Քարակոփի աղբյուրից 150 մետր դեպի Միքայելյանների ընկուզենին, ծառին չհասած։ Երեք տասնամյակ առաջ դեռ կային քարե տաշտերն ու նավերը։ Այժմ մնում են միայն բեկորներ, որոնք ապացուցում են ջրաղացի գոյությունը։

Երկու ջրաղաց է եղել Չորոյենց տների գլխին, որ պատկանելիս են եղել Ղազարյաններին։ Գյուղի անվանի ջրաղացպան է եղել Նիկոլայ Ղազարյանը։

Գեչավուտում էր գտնվում Անտոնենց Առաքելի ջրաղացը, որը հիմնականում ձավար էր անում։ Հետագայում այդ ջրաղացից 100 մետր դեպի վերև կոլտնտեսությունը կառուցեց ևս մի ջրաղաց (1949), բայց այն աշխատեց ընդամենը 5-6 տարի, քանի որ շուտով գյուղում կառուցվեց էլեկտրաղաց, որով էլ ավարտվեցին ջրաղացների գործունեությունը։

Առաքելյան Գրիշայի տանից 20 մետր հեռու, թմբի տակ, եղել է Առաքելյան Սիմոնի ջրաղացը։ Այս ջրաղացի դոնղզլղից (որտեղից ջուրը պտտեցնում էր անիվը) Ս. Առաքելյանը հիրավի հերոսական սխրագործություն է կատարել. նա այնտեղ տեղադրել է մի քանի հրացան և, երբ թուրքերը հարձակվել են, հիմնականում Նավի կողմից, նա սկսել է կրակել։ Թուրքերը չեն պատկերացրել, թե որտեղից է կրակը։ Նրա կրակոցներից սպանվել են բազմաթիվ ասկյարներ, իսկ հարյուրավորները, խուճապի մատնվելով, նահանջել են։ Սա օգնել է մյուս տեղերում մեծ ուժեր կենտրոնացնել ու պարտության մատնել թշնամուն։

Մոտորաղաց[խմբագրել]

1947 թվականին Սիրիայից հայրենադարձված վարպետ Գրիգոր Անտոնյանը հայրենիք էր բերել շատ սարքավորումներ, դրանցից մեկն աղաց էր, որը տեղադրեց գյուղում։ Հեղափոխություն էր մոտորաղացի հայտնվելը, որը 1951 թվականին նույնիսկ էլէկտրական լույս տվեց շուրջ 50 ընտանիքների։ Իսկ 1952 թ. մոտորաղացը դարձավ էլեկտրաղաց, որն էլ անխափան աշխատում էր և ապահովում գյուղացիներին, ինչպես նաև հարևան գյուղերից եկածներին։

Հասարակական կառույցներ[խմբագրել]

Գյուղն ունի մեկ դպրոց, բուժարան և մշակույթի կենտրոն, ինչպես նաև տեղակայված է զորամաս։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]