Խայտաբղետ քարակեռնեխ
Խայտաբղետ քարակեռնեխ (Monticola saxatilis) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Խայտաբղետ քարակեռնեխը աչքի է ընկնում փետրավորման բազմերանգությամբ։ Գլուխը և պարանոցը երկնագույն են, մեջքի առջևի մասը կապտամոխրագույն, դեպի պոչը` սպիտակ, պոչը ծածկող փետուրները շիկավուն են, թևերը սև են` սպիտակավուն ծայրով, կուրծքը, որովայնը և թևատակերը` ժանգագույն։ Էգերի և ձագերի փետրավորումը մոխրաշիկավուն է` լայնակի դարչնագույն բծերով, կոկորդը` սպիտակ։ Քաշը` 50-60 գ, թևի երկարությունը` 113-126 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին: Այդ ընթացքում հանդիպում է նաև Երևանի շրջակայքում, Հրազդանի կիրճում։ Սովորաբար բնակություն է հաստատում լեռնատափաստանային գոտում, կարճ թփուտներ ու քարքարոտ լանջեր ունեցող վայրերում, քարակույտերում։ Չափավոր թվաքանակով հանդիպում է Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Բարգուշատի, Փամբակի, Զանգեզուրի և այլ լեռների տափաստաններում։ Երգը բարձր է ու հնչեղ։ Կրկնօրինակում է հարևանությամբ ապրող թռչունների ձայները։ Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը սարքում է չոր խոտերից և տեղադրում քարերի արանքներում, ժայռերի ճեղքերում, փորվածքների մեջ ու քիվերի վրա։ Դնում է 4-6 երկնագույն ձվեր։ Սնվում է միջատներով և հատապտուղներով։
Տարածված է Արևմտյան Ուկրանիայում, Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայի լեռներում, Ալթայում, հյուսիս-արևմտյան Բայկալում, Մարոկկոյում, միջին և հարավային Եվրոպայի լեռներում, դեպի արևելք` մինչև Դեղին ծովը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 48.