Խաղողաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողաբուժություն, ամպելոթերապիա (հուն. άμπλος՝ խաղող և թերապիա), խաղողի օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Հայտնի է եղել I դարից։ Նախկին Խորհրդային Միությունում խաղողաբուժության գիտատեսական հիմունքները մշակվել են 1920-ական թվականներին, Սեմաշկոյի անվան ինստիտուտում (Յալթա), Ալեքսանդր Դյակովի գլխավորությամբ։ Կիրառում են սովորաբար զուգորդելով կլիմայաբուժության հետ։

Բուժման ժամանակ օգտագործում են միայն հասուն պտուղներ։ Օրաբաժինը՝ 2 կգ պտուղ կամ 1, 2 լ հյութ։ Խաղողաբուժության ընթացքում, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից խուսափելու նպատակով, չի թույլատրվում օգտագործել ճարպային սնունդ, կաթ, կաթնամթերք, ալկոհոլային խմիչքներ, կվաս, հանքային ջրեր։ Խաղողաբուժությունն օրգանիզմում ակտիվացնում է նյութափոխանակության պրոցեսները (հատկապես ջրա-աղային), արագացնում մեզի արտազատումը, կանոնավորում ստամոքս-աղիքային համակարգի շարժողական գործունեությունը, լավացնում ախորժակը։

Նշանակվում է սնուցման անկման (հատկապես թոքաբորբի նախնական փուլերում), սրտի, լյարդի, թոքերի հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի, երկրորդային սակավարյունության ժամանակ։ Հակացուցված է շաքարախտի, սուր հիվանդությունների, ստամոքսի խոցի, թոքաբորբի սրացումների, ճարպակալման, հիպերտոնիայի, քրոնիկ փորլուծության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 6