Խաղարկային կինոյի ժանրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղարկային կինոյում ընդհանուր ժանրային դասակարգում գոյություն չունի: Տարբեր կինոարվեստաբաններ ժանրերի իրենց ընդունելի ցուցակն են տալիս: Այսպիսով կինոյի ժանրերի մասին խոսելը հարաբերական է: Այս ցուցակը առավել ընդունված տարբերակն է:

  • Արկածային — արկածային կինոնկարում հերոսները հայտնվում են տարբեր բարդ և խճճված իրադրություններում, որտեղից դուրս են պրծնում իրենց հնարամտության, արագ կողմնորոշվելու և չարագործին խաբելու միջոցով: Մեծ մասամբ կինոնկարը ավարտվում է « հեփի էնդ» - ով (անգլ. happy end - երջանիկ ավարտ):
  • Գոթիկա (կամ նեոգոթիկա) — այս ժանրում կինոնկարներ են վամպիրների, ոգիների և այլոց մասին: Կինոնկարները ընդհանրապես բնորոշվում են մռայլ մթնոլորտով, մութ տոներով և նեոգոթական ոճի շորերով և դեկորացիաներով:
  • Դետեկտիվ — այս ժանրի ստեղծագործությունները անպայման պարունակում են հանցավոր արարք, որին հետևում է քննությունը, գործի և հանցավորների բացահայտումը: Որպես կանոն հանդիսատեսի մոտ պետք է առաջանա սեփական վարկած և հետաքննությունը վարելու ցանկություն:
  • Դրամա — ժանրին հատուկ է կոնֆլիկտային գործողությունները, երկխոսությունների և մենախոսությունների առատությունը: Դրաման հիմնականում պատկերում էմարդու անձնական կյանքը և նրա հակասությունը հասարակության հետ: Շատ անգամ շեշտը դրվում է համամարդկային հակասությունների վրա, որոնք արտացոլված են կոնկրետ հերոսների գործողություններում:
    • Ողբերգություն — ի տարբերություն թատերական ողբերգության, կինոյում նա առանձնանում է, որպես առանձին ժանր: Ողբերգության հիմքը հանդիսանում է անձի ընդհարումը աշխարհի, հասարակության հետ: Դա ուժեղ կրքերի և բնավորությունների պայքար է: Սակայն, ի տարբերություն դրամայի, ողբերգությունը ավարտվում է գլխավոր հերոսի վախճանով:
  • Երաժշտական ֆիլմ — մյուզիքլ կամ օպերետ է, տեղափոխված թատերական բեմից էկրան: Երաժշտական ֆիլմը հարուստ է երգերով, պարերով, հարուստ գեղեցիկ դեկորացիաներով և շորերով: Պարտադիր առկա են մելոդրամայի էլեմենտները և հաճախ ավարտվում է « հեփի էնդ» - ով:
  • Էրոտիկ ֆիլմեր — այս ժանրը ուղղված է հիմնականում հանդիսատեսի մոտ սեքսուալ և էրոտիկ ֆանտազիաներ առաջացնելուն: Հիմնականում ուղղված է տղամարդ հանդիսատեսին: Անչափահասներին արգելվում է դիտումը:
    • Պոռնոֆիլմեր — էրոտիկ կինոնկարների ավելի բաց ձևն է: Շատ երկրներում այս ժանրի կինոնկարների ցուցադրումը արգելված է: Թույլատրվում է միայն ցուցադրումը փակ ակումբներում և ձայնագրությունների վաճառքը:
  • Ընտանեկան ֆիլմ — մանկական և այն կինոնկարներն են , որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով: Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ:
  • Թրիլեր (անգլ. - թրթիռ) — այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում: Ժանրը հստակ սահմաններ չունի1 Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա: Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում:
    • Միստիկական թրիլեր — Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում: Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ: Հաճախ խոսքը գնում է օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան մասին և այլն:
    • Հոգեբանական թրիլեր — կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից:
    • Աղետ ֆիլմ — Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել: Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի , օդանավի, գնացքի վթարներ և այլն):
  • Կենսագրական ֆիլմ — կինոնկար է հիմնված հայտնի մարդու կենսագրականի վրա:
  • Կատակերգություն — այս ժանրի կինոնկարները նպատակ ունեն ծիծաղեցնել հանդիսատեսին, ժպիտ առաջացնել, բարելավել տրամադրությունը:
    • Իրադրության կատակերգություն — սա կատակերգության դասական տեսակն է, որտեղ հերոսները հիմնականում հայտնվում են ծիծաղելի, հետաքրքիր իրավիճակներում:
    • Պարոդիա — այս ժանրը հիմնականում ծաղրանքով անդրադառնում է, նախկինում նկարահանված հայտնի կինոնկարներին:
    • Ֆարս — թեթև բովանդակությամբ կինոկատակերգություն է, զուտ արտաքին կատակերգական հնարքներով:
  • Մարտաֆիլմ — «action movie» (էքշն ֆիլմ) այս ժանրը ցուցադրում է «բարին պետք է բռունցքներով լինի» դրույթը: Կինոնկարները խորը բովադակություն չունեն: Գլխավոր հերոսը ընդհարվում է չարին, նրա ամենտարբեր ձևերին՝ հանցագործություն, կաշառակերություն, տերորիզմ, սպանություն: Ուրիշ ելք չգտնելով հերոսը որոշում է դիմել բռնության հանուն բարու հաղթանակի: Արդյունքում սպանվում են ոչ մեկ տասնյակ չարագործներ: « Հեփի էնդ» - ը այս ֆիլմերի պարտադիր պայմանն է, չարը պետք է պատժվի:
    • Վեստեռն — այս ենթաժանրի դասական կինոնկարներում դեպքերը տեղի են ունենում Ամերիկայի Վայրի Արևմուտքում, XIX դարում: Հակամարտությունռ հիմնականում ծագում է հանցագործների հրոսակախմբի և իշխանության ներկայացուցիչների կամ գլխագնի որսորդների (անգլ. bounty hunter) միջև: Ինչպես սովորական մարտաֆիլմում հակամարտությունը լուծվում է կրակոցներով և բռնությամբ: Վեստեռները տոգորված են ազատության և անկախության գաղափարներով, որը հատուկ էր Միացյալ Նահանգների արևմուտքին:
    • Գանգստերական — այս ենթաժանրի կինոնկարների գործողությունները հիմնկանում տեղի են ունենում Միացյալ Նահանգներում 1930- ական թվականներին, գանգստերական խմբավորումների ծաղկման ժամանակ: Հիմնական բովանդակությունը պայքարն է տարբեր խմբավորումների միջև:
    • Կարատե ֆիլմ — այս ենթաժանրի կինոնկարները քիչ են տարբերվում մարտաֆիլմերից, բայց կարատե կինոնկարների հերոսները պայքարում են հրազենով , այլ ոգտագործումեն արևելյան մարտարվեստի իրենց հմտությունները:
  • Մելոդրամա — այս ժանրի կինոնկարները բացահայտում են հերոսների հոգեկան և զգայնական աշխարհը հաճախ առավել վառ , էմոցիոնալ իրավիճակներում՝ բարու և չարի, սիրո և ատելության հակասության հիման վրա:
    • Սիրո պատմություն — նման կինոնկարներում պատկերվում գեղեցիկ և խոր սեր, որ հաճախ չի ընդունում շրջակա միջավայրը և խանգարում են բարդ իրադրությունները:
  • Պատմական — այս ժանրի կինոնկարները կամ նկարագրում են կոնկրետ պատմական իրադրություններ, կամ էլ սյուժեն ներհյուսված է այդ իրադրությունների մեջ:
    • Պատերազմական — կինոնկարներ են պատերազմի մասին: Հիմնկանում հակապատերազմական շեշտադրում է:
  • Սարսափ ֆիլմեր — այս ժանրի կինոնկարները կոչված են վախեցնել հանդիսատեսին, ստեղծել լարված սարսափի մթնոլորտ, ինչ որ սարսափելի իրադրության կանխազգացում առաջացնել: Սյուժեն հիմնականում կառուցված է հանգիստ քաղաքում սերիական մարդասպանի հայտնվելով: Խաղաղ միջավայրում կարող է հայտնվել նաև գենետիկ մուտանտ, այլմոլորակայիններ, զոմբիներ և այլն: Կինոնկարները հիմնականում հարուստ են մարդկային խեղված մարմիններ ցուցադրող սարսափազդու տեսարաններով:
  • Ֆանտաստիկ ֆիլմ — այս ժանրի կինոնկարներում երևակայականը գերիշխում է իրականությանը: Գործողությունները տեղի են ունենում ապագայում, անցյալում կամ էլ «զուգահեռ կյանքում»:
    • Ֆենտեզի — ենթաժանր է, հիմքում հատուկ «հեքիաթային» հորնված աշխարհ է: Այդ աշխարհը հիշեցնում է միջնադարը, բնակեցված է դիցաբանական էակներով, լցված ե կախարդությամբ և մոգությամբ:
    • Ֆանտասմագորիա — կինոնկարներ են իրականությունից կտրված ինչ որ մի բանի մասին, պատկերում են տարօրինակ երևույթներ, հիվանդագին ֆանտազիաներ:
    • Տիեզերական Օպերա — այս կինոնկարների գործողությունները տեղի են ունենում հեռու ապագայում, հեռավոր մոլորակների վրա, տիեզերական կայաններում: Դասական օրինակը «Աստղային պատերազմներ» կինոնկարներն են:
    • Կիբերպանկ — ենթաժանր է, որի կենտրոնում համակարգիչներն են, բարձր տեխնոլոգիաները և պրոբլեմները , որոնք ծագում են գիտական առաջընթացի արդյունքները ճիշտ չօգտագործելուց: Հիմնականում պատկերված է հակերների պայքարը հզոր տրանսազգային կորպորացիաների դեմ:
    • Պոստապոկալիպտիկա — ենթաժանր է, որը պատկերում է հասարակության կյանքը ինչ որ գլոբալ աղետից հետո (օրինակ՝ գլոբալ տաքացում, համաշխարհային պատերազմ, մոլորակի բախումը աստերոիդի հետ և այլն):



Արտաքին հղումներ [խմբագրել]