Լևոն Տեր-Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյանը (մականուն՝ Բրսեի Լևոն) (1887–1937) հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։

Լևոն Ստեփանի Տեր-Մելիքսեթյան

Կենսագրություն[խմբագրել]

Լևոն Տեր Մելիքսեթյանը ավագ որդու՝ Ստեփանի հետ

Ծնվել է 1887 թ. Բաշգյառնի գյուղում (այժմ Գառնի)։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հայոց Հոգևոր ճեմարանում։ Անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ 1909-1911 թթ. Պարսկական հեղափոխության ժամանակ Նիկոլ Դումանի խմբում մասնակցել է Թավրիզի պաշտպանությանը։ Թավրիզից անցել է Սալմաստ, ապա Վան և հետո Բայազետ։ 1914 թ. մասնակցել է Դրոյի կողմից կամավորական գումարտակ կազմակերպելու գործին, նրա կազմում հանդիսացել է վաշտի հրամանատար, հետագայում դարձել խմբապետ Յապոնի օգնականը, անցել Արևմտյան Հայաստան և կռվել մեր դարավոր թշնամու դեմ։ Ունենալով առաջադեմ հայացքներ, զբաղվել է հասարակական քաղաքական գործունեությամբ, եղել է գլավա, հեծյալ հարյուրակի հրամանատար (հարյուրապետ)։ Որպես հեծյալ զորախմբի հրամանատար տարբեր տարիների մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել 1916-1917 թթ. հայերի ինքնապաշտպանական գործողություններին, 1918 թ. Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Լինելով ազգային ազատագրական պայքարի նվիրյալ՝ աչքի է ընկել առանձնահատուկ խիզախությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի Փրկության Կոմիտեի ստեղծմանը, 1921 թ. Փետրվարյան հակախորհրդային ապստամբությանը։ 1921 թ. Փետրվարի 18-ին նա իր հարյուրակով հարձակվել Երևանի բերդի վրա և ազատել զինակիցներին։ Ապստամբության պարտությունից հետո նահանջել է Զանգեզուր, այնուհետև անցել Իրան, որտեղ նրան ձերբակալում են։ 1922 թ. փախնում է բանտից, վերադառնում Հայաստան։ 1922 թ. Օգոստոսի 24-ին Հայաստանի ՉԿ-ի կոլեգիայի կողմից, հակասովետական գործունեություն ծավալելու համար, ազատազրկվել է հինգ տարով և ուղարկվել համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է երեք տարի։ Հետագայում՝ ԳՔՎ(ГПУ)-ի կողմից 1930 թ. ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, որը սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես քաղաքական բանտ։ ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի 1937 թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ, որպես ընդհատակյա հակահեղափոխական դաշնակցական կազմակերպության անդամ, դատապարտվել է բարձրագույն պատժի՝ գնդակահարության։ Կնոջը՝ Արփենիկ Մելիքսեթյանին, իր երեխաների՝ Հերիքնազի, Մաքսիմի, Հռիփսիկի, Կալիպսեի հետ միասին ԽՍՀՄ ՊԱՄ-ին կից հատուկ խորհրդակցության 1949 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ, որպես դաշնակի ընտանիքի անդամների, արտաքսել ենԱլթայիերկրամաս։