Լևոն Զավեն Սյուրմելյան
Լևոն Զավեն Սյուրմելյան (1905 - 1995)՝ ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Ծնվել է Տրաբզոնում 1905 թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։
1915 թ. Եղեռնի ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ 1916-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ մի տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են Կարսը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ 1920-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կենդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։
1922-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924-ին Վահան Թեքեյանը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։
1931-ին Սյուրմելյանը Լոս Անջելեսում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։
Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է 1945-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի (1950)։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ 1964-ին Անգլիայում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ 1968-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպորի հավաքածու է։ Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ 1968-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։
1958 - 1969-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։
[խմբագրել] Հայերեն միակ «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն
«Լույս զվարթ» ժողովածուն եղավ Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն 1924-ին լույս տեսավ Փարիզում և վերահրատարակվեց Նյու Յորքում 1950 և 1972 թթ.։ Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվեցին օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրում իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։
«Զարմացում» է վերնագրած հանկարծակի ընկալած բնության գեղեցկության տպավորությունները.
- Պարտեզները՝ հարս, ծաղիկնին կուլան
- Միսի պես խոնավ, տաք հողին վրա,
- Շուքերն ալ ինչպես աղջիկ կամչնան՝
- Առվակին արծաթ հայլիին վրա:
- Լուսինը՝ մաշած հին ոսկեդրամ,
- Ավազանին մեջ ինկած կհալի.
- Ինծի հետ՝ վարը թուփ մ'ալ կմսի.
- Մայիսի անուշ սարսուռ մը կզգամ:
- Խաղաղ ու ծանր՝ սրինգի գիշեր.
- Այ տղա', այլևս հինը մի հիշիր,
- Պարտված սիրտդ լեցուր նոր կյանքով.
- Բայց ինչ, մոռցե'ր եմ զայն ուրիշի քով...
Պատանի բանաստեղծը հասկանում է, որ կյանքին պետք է հաղթել և ինքն իրեն խորհուրդ է տալիս հինը չհիշել, ապրել նոր կյանքով, սակայն սրտի խորքում չէր սպիանում վերքը, կորուստները՝ հայրենի տունն ու ծնողները։ Որբությունը մխում էր սրտում, և նա գրում է «Տունիս հիշատակը».
- Կփնտռեմ իմ երգերով իմ տունս՝ ա'լ հիշատակ,
- Մինչ կաղոտի օրեօր իմ պատկերը մտերիմ,
- Իմ տունս երգ մ'է, որուն բառերն այլևս չունիմ.
- Իմ տունս յար մ'է անուշ զոր կսիրեմ միսմինակ:
- Կհիշեմ հորս պատկերն՝ ինչպես գլուխն Հիսուսին.
- Մայրս՝ տրտում ու բարի, դեռ աղջիկ մ'էր նազելի,
- Հայրս տեսնե~ր իմ հասակս ու աչքերս բոցով լի,
- Մայրս գիտնա'ր, թե որքա~ն մարդերը զիս ծեծեցին:
- Մտածումիս մեջ իմ տունս ցերեկին աչք մ'է փորված,
- ՈՒ գիշերները մռայլ մեռած աղջիկ մ'է կարծես՝
- Զոր կսիրե~մ տակավին... Հետո կուլամ խենթի պես.
- ՈՒ ճրագս կմարեմ, որ չտեսնե~ զիս Աստված:
Պատանի Սյուրմելյանը ներքին զգացողությամբ ճիշտ ըմբռնեց իր ժամանակի առավել բանական մտածումը, թե չարիքին հաղթելու համար հարկավոր է տքնությամբ կենսավորել ուժերը, որ կարևորը Հայաստանի վերաշինությունն է։ Այդ մտածումների արգասիքը եղավ նրա և այդ օրերի լավագույն բանաստեղծություններից մեկը՝ «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ»։
- Տե'ր, օրհնե' ծառն այս մատղաշ: Ես կտնկեմ զայն ահա
- Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
- Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
- ՈՒ արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
- Պիտի բանա ծառն այս մեծ իր բազուկներն ու հոգին,
- Գրկած իր մեջ պապերուս արևոտ շունչը անմահ,
- Տե'ր, միսմինակ, նազելի, այս ծառն աղոթք մը ըլլա~,
- ՈՒ փաթթվիլ իր մարմնույն գան սիրողները գյուղին:
- Երկաթագիր պատմությունն այս մտերիմ հողերուն
- Աչքիս արցունք կբերե... փառք ու մեռել շատ ունի:
- Երկիրն իմ հին, ալևոր, որուն ես թոռն եմ վայրի,
- Խոկումներով բեռնավոր, երազներով օրորուն...
- Մեռելներուս իբրև խաչ՝ ես այս ծառը տնկեցի...[2]
[խմբագրել] «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» վեպը
[խմբագրել] Ստեղծագործություններ
- I Ask You Ladies and Gentlemen (Ձեզ եմ Դիմում, Տիկիններ և Պարոններ)
- Apples of Immortality: Folktales of Armenia (Անմահության Խնձորներ. Հայկական Հեքիաթներ)
- 98.6°