Լուսին Ամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարա Լուսին Ծնվ. 1927 թ., Հարթֆորդ, ԱՄՆ
Լուսին Ամարան Միմիի դերում

Լուսին Ամարա (իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Արմաղանյան), ծագումով հայ ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո)։ Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1948 թ-ին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ։ 1940–49 թթ-ին երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ 1950 թ-ին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»։ Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն։ Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»։ Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն։ Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում։ 1965 և 1991 թթ-ին Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում։

«Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա»։ Պարույր Սևակ

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Շտերնը անվանել է Երգող ջութակ։

Աղբյուր[խմբագրել]