Լուսանկարչական հայտածում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսանկարչական հայտածում, լուսակինոնյութերի լուսազգայուն շերտում լույսի կամ այլ ճառագայթների ազդեցությամբ առաջացած լուսանկարչական քողարկված պատկերի փոխարկումը տեսանելիի։ Արծաթհալոգենիդային լուսազգայուն նյութերի հայտածման դեպքում լուսազգայուն նյութի արծաթի իոնները հայտածիչի ազդեցությամբ վերականգնվում են մինչև մետաղական արծաթի մանրադիսպերս փոշու։

Տեսակներ[խմբագրել]

Տարբերում են «քիմիական» և «ֆիզիկական» (անվանումը պայմանական է)։

«Քիմիական» հայտածման դեպքում արծաթը վերականգնվում է լուսազգայուն շերտի էմուլսիոն բյուրեղների արծաթի հալոգենիդներից, իսկ «ֆիզիկական»-ի դեպքում՝ հայտածիչի բաղադրության մեջ մտնող արծաթի լուծելի աղից (սովորաբար AgNO3)։ Հայտածման պրոցեսում ծախսվում են հայտածիչ նյութը, նատրիումի սուլֆիտը և հայտածիչի հիմքը։ «Քիմիական» հայտածման պրոցեսը (օրինակ, հիդրոքինոնով) կարելի է պատկերել.

4AgBr+2Na2S03+C6H4 (OH)2+2NaOH->4Ag+4NaBr+C6H2 (0H)2 (S03Na)2+H2

Հայտածումն ընտրողական պրոցես է, որի արագությունը լուսազգայուն շերտի լուսակայված մասերում զգալիորեն մեծ է չլուսակայվածների համեմատ։ Արագությունների տարբերությունը բացատրվում է արծաթի հալոգենիդի լուսակայված էմուլսիոն հատիկներում մետաղական արծաթի սաղմերի առկայությամբ, որոնք հայտածման պրոցեսում տարասեռ կատալիզատորի դեր են կատարում։ Լուսանկարչական հայտածումն ավարտվում է լուսանկարչական ամրացածով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png