Լուսագրաչափական սարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսագրաչափական սարքեր, լուսանկարների միջոցով օբյեկտների ձևը, չափերը և դիրքը որոշող սարքեր։ Լայն կիրառություն ունեն տեղագրական քարտեզների ստեղծման, երկրաբանական, ճանապարհային և այլ ինժեներահետախուզական աշխատանքներում։

Բաժանվում են մեկական նկարներով և նկարների փոխվերադրվող ստերեոսկոպիկ զույգերով աշխատող սարքերի։ Տեղանքի մակերևույթի չափերը մեկական նկարներով որոշելու համար առավել հաճախ օգտվում են սանդղակավոր խոշորացույցներից։ Լուսանկարների միջոցով առարկաների հարթ պատկերը (հատակագիծը) տվյալ մասշտաբով ստանալու համար օգտագործում են ֆոտոտրանսֆորմատորներ, որոնք հնարավորություն են ընձեռում փոխակերպել պատկերը՝ զանց առնելով լուսանկարելիս ֆոտոժապավենի կամ ֆոտոթիթեղի ունեցած թեքության ագդեցությունը։ Առավել ճշգրիտ են ստերեո–լուսագրաչափական սարքերը։ Չափումների համար շատ հաճախ կիրառվում են ստերեոհամեմատիչները, որոնք առարկայի լուսանկարի արտաքին կողմնորոշման հայտնի տարրերի առկայության դեպքում հնարավորություն են տալիս որոշելու առարկայի կետերի բոլոր երեք կոորդինատները, ինչպես նաև լուսանկարման պահին զույգ նկարների փոխադարձ կողմնորոշման տարրերը։ Ունիվերսալ ստերեոլուսագրաչափական սարքերը հնարավորություն են տալիս ըստ զույգ լուսանկարի վերականգնել և չափել նկարահանված օբյեկտի տարածական մոդելը, ընդ որում չափումների արդյունքները միաժամանակ գծվում են թղթի վրա տեղագրական հատակագծի տեսքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 686