Լուիս Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Մորգան

Լուիս Մորգան Հենրի (1818-1881), ամերիկյան ազգագրագետ և հնագետ, նախնադարյան հասարակության պատմաբան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կրթությամբ՝ իրավաբան։

Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի-իրոկեզների կենցաղով։ 1840 թվականին հիմնել է հնդկացիներին ուսումնասիրող և օգնող ընկերություն։ 1874 թվականին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մորգանի առաջին խոշոր աշխատությունը՝ «Իրոկեզների լիգան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հասարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մորգանը պաշտպանել և զարգացրել է մարդկության առաջընթացի և պատմական ուղու միասնության գաղափարները։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական-ընդհանրական գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհատականի զարգացման վերաբերյալ դրույթները։ Լուիս Մորգանը մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբարոսության դարաշրջանների, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարաշրջանների։ Մորգանի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտության առաջադեմ և հետադեմ հոսանքների միջև։ Ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մորգանի մի շարք մասնավոր դրույթներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախնադարյան հասարակության վերաբերյալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությունը, պահպանում է իր նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png