Լոշտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոշտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Դդմազգիներ (Cucurbitaceae)
Տրիբա Bryonieae
Ցեղ Լոշտակ (Bryonia)
L., 1753

Լոշտակ (լատին․՝ Bryónia), մարմնատակ, մարդախոտ, օձախոտ, օձի խաղող, դդմազգիների ընտանիքի, դդմազգիների բազմամյա խոտաբույսերի տեսակ։ Բազմամյա խոտաբույս է, մոլախոտ, մագլցող ցողուններով, 2-3 մետր բարձրությամբ։ Արմատը մսալի է, հաստ, դառնահամ։ Ծաղկում է ամռանը, մեծ մասամբ գետահովիտներում, թփուտներում, աղբուտներում։

Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը, ընդ որում, թարմ վիճակում, քանի որ չոր վիճակում արմատի բուժիչ հատկությունները նվազում են։ Այն հավաքում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում, կլորաձև կտրատում և օգտագործում։ Չորացնելու դեպքում հարկավոր է շարել թելին և չորացնել կախված վիճակում` հով, քամահարվող, ստվերոտ տեղում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Bryonia dioica Jacq., 1774

Արմատները հաստացած են, պալարանման։ Ցողունները նիստավոր են, մագլցող և փաթաթվող, բարձրությունը 2-4 մ է։ Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խորը կտրտված կամ ամբողջական։ Ծաղկաբույլերը տերևանութային են, ծաղիկները՝ միասեռ, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գնդաձև, եռաբուն, սև կամ կարմրավուն հատապտուղ է։ Մեր հանրապետությունում հանդիպում են երկու տեսակ՝ սպիտակը և երկտունը։ Երկու տեսակն էլ թունավոր են և բուժական առումով գրեթե չեն տարբերվում իրարից։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին։ Աճում է թփուտների արանքում, գետահովիտներում, այգիների ցանկապատերի վրա, անտառի բացատներում՝ որպես մոլախոտ։ Մագլցող բեղիկներով ամրանում է ծառերին կամ որևէ հենարանի և տալիս փարթամ աճ։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ, խեժ, ֆիտոստերին, դաբաղանյութեր, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ ալկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A նախավիտամին)։ Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ։ Ժողովրդական բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց)։ Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով։ Բույսն ամբողջությամբ թունավոր է։ Հայաստանի Հանրապետությունում արտադրում են «Լոշտակ» դեղամիջոցը (2003)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լոշտակ սպիտակ (B. alba), լոշտակ երկտուն (B. dioica)։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2300 մ բարձրություներում)՝ թփուտներում, գետահովիտներում, այգիների ցանկապատների վրա, անտառի բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։ Հայտնի են 12 տեսակներ, որոնք ընդունված են USDA-ում[1]։ Դրանցից 10-ը աջակցում են մոլեկուլային-ֆիլոգետիկ վերլուծությանը[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են լոշտակի արմատի ամոքիչ, լուծողական, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումն արագացնող հատկությունները։ Այս առումով այն լայն կիրառում է գտել ջղացավերի, փորկապությամբ ընթացող կոլիտների, ստամոքսի խոցերի, միզակապությունների, մաշկի էկզեմաների, չիբանների, թեփոտության, առատ դաշտանի, ռևմատիզմի դեպքում։ Արմատի եփուկը լավացնում է նաև ախորճակը և բարերար ազդեցություն թողնում ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների վրա, քանի որ առաջացնում է ստամոքսի հյութազատիչ և շարժողական գործառնությունների դրդում։ Բույսը ունի նաև որոշակիորեն արտահայտված հակաուռուցքային ազդեցություն։

Փոշի արմատից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանել արմատի կեղևը, մանր կտրատել և չորացնել արևի տակ, որից հետո աղալ ինչպես սուրճը։ Սա օգտակար է ինչպես ուռուցքների, այնպես էլ բրոնխիալ ասթմայի դեպքում։

Ջրաթուրմ արմատափոշուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես գդալ արմատափոշին երկու ժամ թրմել երկու բաժակ եռման ջրում և խմել քսան օր, օրական երեք անգամ, ուտելուց հետո։

Ոգեթուրմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ մաս արմատափոշին խառնել երեսուն մաս յոթանասուն աստիճան սպիրտի հետ։ Թողնել երեք օր` հաճախակի խառնելով այն։ Այնուհետև քամել թանզիֆով։ Խմել ջրով, քսան կաթիլ, օրական երեք անգամ, ուտելուց հետո։

Քսուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ թեյի գդալ արմատափոշին խառնել հարյուր գրամ արևածաղկի յուղին, ստացված խառնուրդով տրորել մարմնի ցավոտ մասը «հոդացավ»։ Քանի որ կա ալերգիայի վտանգ, հետևաբար չքսել մաշկի մեծ մակերեսի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. USDA (2009)
  2. Volz and Renner (2009)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով»։ Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, 1992 թվական, էջ 45
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 661