Լյուդվիգ Սվոբոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Սվոբոդա
Ludvík Svoboda (Author - Stanislav Tereba).JPG
1895, Նոյեմբերի 25 - 1979, Սեպտեմբեր 20
Ծննդավայր Գրոզնետին, Չեխոսլովակիա
Մահվան վայր Պրահա
Մարտեր/պատերազմներ Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ Hero of the USSR.pngՍովետական Միության Հերոս
Order of Lenin Ribbon Bar.svg Լենինի շքանշան (2)
Order suvorov1 rib.png Սուվորովի առաջին կարգի շքանաշան
Order suvorov1 rib.png Սուվորովի առաջին կարգի շքանաշան

Լյուդվիգ Սվոբոդա (չեխերեն՝ Ludvík Svoboda, 1895, նոյեմբերի 25, Գրոզնետին, Չեխիա - 1979, սեպտեմբերի 20, Պրահա), Չեխոսլովակիայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), ՉԽՍՀ եռակի հերոս (1965, 1970, 1975), Խորհրդային Միության հերոս (1965)։ Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։

Ստացել է գյուղատնտեսական կրթություն։ 1915-ին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, եղել է ռուսական ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխ հայրենասերների խումբն անցել է ճակատային գիծը և 1916-ին մտել չեխոսլովակյան լեգիոն։ 1920-ին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլովական բանակի կադրային սպա։ 1931-34-ին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել է հետևակային գումարտակի հրամանատար։ Չեխոսլովակյան գերմանաֆաշիստական զորքերի կողմից օկուպացվելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939-ի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմակերպել է չեխական զորական միավորում, որի հետ 1939-ի սեպտեմբերին անցել է Խորհրդային Միություն։ Սվոբոդան 1942-ի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943-ի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել գերմանաֆաշիստական զորքերի դեմ։ 1943-ին գլխավորոլ է 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944-ին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։

1945-50-ին՝ ազգային պաշտպանության նախարար։ Չեխոսլովակիայի այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1951-ին՝ Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 1955-59-ին եղել է Կ. Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968-75-ին՝ ՉԽՍՀ նախագահը, ՉԽՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Պարգևատրվել է Կ. Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հատոր 11, էջ 95։