Լիմ անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիմ (այլ կիրառումներ)
Լիմ անապատը

Լիմ անապատ (նաև Լմնա անապատ), Վանա լճի հյուսիս-արևելքում՝ Լիմ կղզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1305 թվականին Աղթամարի Զաքարիա Ա կաթողիկոսը (1296–1336) հիմնովին վերակառուցել է մենաստանի սուրբ Գևորգ եկեղեցին։ Այս մասին ժամանակի պատմագիրը նշում է․

...զգեղեցիկ և լուսազգեաց գումբայթաձև զտաճար Սրբոյն Գէորգեայ զաւրավարին, և բազում սպա- սիւք զարդարեաց և տուն աղաւթից շինեաց և տեղիս բնակութեան և դարապասս և բազում կրաւնաւորս կարգեաց և հաստատեաց...[1]

Զաքարիա Ա Աղթամարցի կաթողիկոսը ևս իր կալվածագրում գրում է, որ Լիմ մենաստանի վանահայր Հովհաննես եպիսկոպոս Արծրունու օգնությամբ վերանորոգել են Լիմի սուրբ Գևորգ եկեղեցին, բազմապատկել են վանքապատկան տարածքները տարբեր գյուղերում, անապատին ընծայել արտեր, ագարակներ, ջրաղաց[2]։ Նա նաև նշում է, որ Լիմում միաբանություն կար դեռևս Ներսես Մեծի օրոք.

... որպէս յառաջագոյն ի մեծն Ներսէս սրբազան հայրապետէն հաստատեալ կայր ..․։

Սա փաստում է, որ, Լիմ կղզում 4-րդ դարում արդեն մենաստան կար։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդությունը Լիմում վանքի հիմնադրումը կապում է սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ, սակայն պատմական փաստերը բացակայում են։ Կղզում գործել է խոշոր ու հռչակավոր մենաստան Սուրբ Գևորգ անվամբ, որն ունեցել է բազմաթիվ միաբաններ։ Գտնվելով կղզու վրա, այսինքն՝ բնականորեն պաշտպանված վայրում, միաբանների համար հնարավորություն է ստեղծվել առանձնանալ աշխարհիկ կյանքից, հեռու գտնվել վտանգներից և խաղաղ պայմաններում նվիրվել վանական կյանքին ու մշակութաստեղծ գործին։ Այդ շարունակական խոկման ու աշխատանքի արդյունքն են նաև վանքում ստեղծված ձեռագրերը։

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմ անապատ

Անապատի վաղ շրջանի գործունեության մասին տվյալներ չկան։ Վկայություն կա, որ 884 թվականին այստեղ գրչագիր է ընդօրինակվել, ինչը փաստում է 11-րդ դարում կղզում գործող վանքի և գրչության կենտրոնի մասին։ Սա Լիմ անապատի գրչության կենտրոնից հայտնի առաջին ձեռագիրն է, որի մասին տեղեկություններ են պահպանվել դրանից ընդօրինակված գրչագրում։ Ձեռագիրն Ավետարան է՝ գրված Գրիգոր Մաշկևորի ձեռքով 884 թվականին։ 14-րդ դարում գրիչ և ծաղկող Հակոբ Երզնկացու ընդօրինակած Ավետարանը (Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 3711) որպես իր գաղափար օրինակի պարունակում է այս ձեռագրում առկա հիշատակարանները. «Գրի ձեռամբ Գրիգորի վարդապետի Քաջբերունւոյ․ ի թվին ԳՃԼԳ. (884), Տրէ ամսոյ Է. (7), ի սուրբ անապատին Լմայ, ի սկզիբն Աւետարանիս ի յանուն Սքանչելագործին», «մեղապարտ գրիչ Գրիգոր վարդապետ Քաջբերունւոյ, թվին ԳՃԼԳ. (884), Տրէ ամսոյ Ի. (20)»[3]։ Գրիգորի Ավետարանի գրչությունը սկսվել է Սքանչելագործ վանքում և ավարտվել Լիմ անապատում[4]։ Այնուհետ՝ մինչ 16-րդ դարը տեղեկություններ չկան Լիմ անապատի գործունեության մասին[5]։

14-րդ դարակեսին Լիմ անապատում ձեռագրեր է ընդօրինակել Խաչատուր աբեղա գրիչը։ Նրանից հայտնի է չորս ձեռագիր, որոնցից պահպանվել է միայն մեկը, մյուս երեքի՝ նկարագրությունները։ 1301 թվականին Խաչատուրն ընդօրինակում է Ավետարան.

Յամի ՉԾ. (1301), գրեցաւ սա յանապատիս ի Լիմն, ընդ հովանաւ Սուրբ Աստուածածնին և Սուրբ Կարապետի և Սուրբ Գէորգեայ Զաւրավարի և ի հայրապե- տութեան Հայոց աստուածահաճոյ և սրբասնունդ հայրապետին տէր Զաքարիայի և յառաջնորդութեան սուրբ ուխտիս պատուական եպիսկոպոսին տէր Յովան...[6]։

Որպես ձեռագրի ստացող նշվում է Աստվածատուր քահանան։ Խաչատուրի մյուս գրչագիրը (ՄՄ, ձեռ. 3767) գրվել է «ի թուականիս Հայոց, ՉԾԸ. (1309) և ի հայրապետութեան Զաքարիայի, ի կղզիս, որ կոչի Լիմն, ընդ հովանեաւ Սուրբ Գէորգեա նորակազմ տաճարի և յառաջնորդութիւն սուրբ ուխտիս տէր Յովաննէսի»։ Ավետարանի ստացողը տանուտեր Գելուկն է, ով չուներ զավակ, և պատվիրելով այս գրչագիրը՝ այն ընծայում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն[7]։ 1333 թվականին արդեն եպիսկոպոս Խաչատուր գրիչը ևս մեկ Ավետարան է ընդօրինակում Ահարոն կրոնավորի խնդրանքով[8]։ Խաչատուրին վերջին անգամ հիշատակվում է 1336 թվականին Հովհաննես կրոնավորի համար Ավետարան օրինակելիս[9]։ Հիշատակարանում դառնացած գրիչը նշում է, որ թշնամու կողմից ավերվեց Արճեշ քաղաքը։

Մեզ հասած 1301 թվականի Ավետարանի նկարագրության համաձայն և ուսումնասիրելով 1309 թվականի ձեռագիրը (ՄՄ, ձեռ. 3767)՝ պարզվում է, որ Խաչատուրի ավետարանները նկարազարդված են լուսանցազարդերով և զարդագրերով՝ հիմնականում կարմիր գույնով։ Տերունական նկարներ մեզ չեն հասել, ուստի՝ հնարավոր չէ ասել՝ ստեղծման ժամանակ այս ձեռագրերն ունեցել են տերունական մանրանկարներ, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, Խաչատուրն իր հիշատակարաններում ոչ մի ծաղկողի անուն չի նշում։

Լիմ անապատի հաջորդ գրիչը Աբրահամն է։ 1306 թվականին նա ընդօրինակում է Ավետարան Խաչատուր քահանայի խնդրանքով[10]։ Գրչի հաջորդ ձեռագիրը Մաշտոց է՝ գրված 1310 թվականին[11]։

Աբրահամ գրչից պահպանված միակ ձեռագիրը 1315 թվականին գրված Աստվածաշունչն է (ՄՄ, ձեռ. 192), որի ստացողը Թադեոս կրոնավորն է։ Հիշատակարանում նշվում են նաև հարակից տեղեկություններ.

Արդ, յայսմ դառն և ի դժնու ժամանակի, յորում խաւար անլոյս և մէգ անմխիթար տարածեալ մածեալ ունէր զամենայն երես երկրի, ես՝ Թադէոս կրաւնաւոր և եղկելի անձն, գրել տուի զՄարգարէս և զԱռաքեալս ի յարդար վաստակոց իմոց։... Գրեցաւ և կատարեցաւ Մարգարէս և Առաքեալս անարժան ձեռամբ սուտանուն Աբրահամու, ի թվականիս ՉԿԴ. (1315)։ Գրեցաւ ի կղզիս, որ կոչի Լիմն, ընդ հովան[ե]աւ Սուրբ Գէոր[գ]եայ աջիս՝ նորակազմ տաճարիս, ի հայրապետութիւն տէր Զաքարի և յառաջնորդութիւն տեղոյս տէր Յով[հաննիսի][12]։
Լիմ անապատը 2009 թվականին։

Խաչատուրի և Աբրահամի ձեռագրերում նշված են Լիմ անապատի սրբատեղիները՝ Սուրբ Աստուածածին, Սուրբ Կարապետ, Սուրբ Գևորգ, որոնցից վերջինը միանշանակ եկեղեցու անունն է։ Հիշված են նաև ժամանակի վանահայրը՝ Հովհաննես եպիսկոպոսը, Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը և նրա հայրենանպաստ գործունեությունը։

Աբրահամ գրիչը Աղթամարի Զաքարիա հայրապետին նմանեցնում է ս. Գրիգոր Լուսավորչին, «...որ է ամենևին բարի, աննենգ եւ անցասումն, նմանեալ աթոռակալին իւրոյ սուրբ Գրիգոր խոնարհութեամբն եւ համբերութեամբն, որ եւ նա ի մէջ թունաւոր օձիցն համբերեալ հնգետասան ամ, նույնպէս եւ սա ի դառն եւ ի վշտաբեր ժամանակիս, ի մէջ անօրինաց եւ արիւնարբու գազանաց ազգին նետողաց»[13]։ Թե՛ Խաչատուր, թե՛ Աբրահամ գրիչների ձեռագրերում Լիմի Սբ. Գևորգ եկեղեցին կոչվում է «նորակազմ տաճար»՝ ակնարկելով Զաքարիա Ա կաթողիկոսի կողմից եկեղեցու վերաշինման իրողությունը։

1317 թվականին Թումա գրիչն ընդօրինակել է Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն Կաթողիկեայց թղթոց» երկը՝ տիկին Խրիկի պատվերով[14]։ 1394 թվականին Մանուել կրոնավորն ընդօրինակում է Գանձարան, որը Լիմ անապատում 14-րդ դարում գրված և մեզ հասած վերջին ձեռագիրն է (Վենետիկ, ձեռ. 382)։ Մանուել գրիչը ուշագրավ տեղեկություն է հայտնում նաև այն մասին, որ Լենկ Թեմուրի վայրագ կոտորածներից իրենք զերծ մնացին Լիմ կղզում իրենց վարդապետի՝ Սարգսի շնորհիվ.

Արդ, գրեցաւ սա ի Լիմն կղզիս, ընդ հովանեաւ Սրբոյն Գէորգեայ հոյակապ եւ հռչակաւոր, բարձրաշէն եւ գեղեցկաշէն տաճարիս, յամի ութեւհարեւրերորդի, քառասներորդի եւ երրորդի (1394), յորում ամի աստուածասաստ բարկութիւնն շարժեցաւ ի վերայ երկրի, արիւնարբու զաւրքն թաթարին, որոյ անուն գլխաւորին Լանկ Թեմուր կոչիւր, այր անողորմ և չարաբարք, դառն եւ դըժնեայ մանաւանդ ընդդէմ քրիստոնէական ազգիս, յորոյ սաստիցն զերծեալ մեր ապրեցաք առ ոտս երջանիկ վարժապետին Սարգսի, ի Լըման կղզիս։ Եւ արդ, գրեցաւ սա ի խնդրոյ բարեբարոյ և շնորհալի քահանայի միոյ՝ Յոհանէս կոչեցեալ…[15]:
Հիշատակություններ Լիմ անապատի պատին

15-րդ դարից մեզ հասած առաջին ձեռագիրը 1421 թվականին Հովհաննես գրչի ձեռքով գրված Ավետարանն է (ՄՄ, ձեռ. 4624)։ Նա ձեռագրում հիշատակում է նաև իր ուսուցչի, միաբան եղբայրների և մերձավորների անունները.

Այլեւ զհոգևոր ծնաւղսն մեր եւ զուսուցիչսն՝ զԴաւիթ կրաւնաւորըն… այլեւ զառաջնորդ սուրբ ուխտիս զՅովանէս խաչընդուս կրոնաւորն, եւ զմիաբանքս՝ զտէր Յովհանէս եպիսկոպոս, եւ զՍարգիս փիլիսոփայն, եւ զՄկրտիչ կրաւնաւորն, եւ զՍտեփաննոս եկեղեցպանն, եւ զԹովմա կըրոնաւորն, եւ զհարազատն իւր զՅակոբ կրաւնաւոր, եւ զհայրն իւրեանց զՍտեփաննոս։ Այլեւ զՎարդան փիլիսոփայ, հանդերձ հարազատիւն իւր Թորոսիւ, եւ զՅովաննէս, եւ զերկու հարազատսն իւր զՅակոբ եւ զՄարտիրոսն՝ զքաջսն եւ զարիսն ի գործս հոգևորս եւ մարմնաւորս, եւ զծեր հայրն նոցա զՍտեփաննոս, եւ զԿարապետ աբեղայն, եւ զՅովանէս Արճիշեցի, եւ զամենայն գործաւորք դրան սուրբ եկեղեցոյս՝ զտնտես, զմաճկալ, զհովիւ եւ զամենեսեան՝ զմեծ և զփոքր…[16]։

Թղթի կոկողն է Վարդան կրոնավորը, իսկ կազմողը՝ Գրիգորը։ Գրիչը դառնությամբ գրում է, որ իր եղբայր Վարդան կրոնավորը ձեռագրի թուղթը կոկելուց ութ օր հետո հիվանդացավ և մահացավ, ուստի՝ ինքը սույն ձեռագիրը թողեց Լիմ անապատում՝ ի հիշատակ իր եղբոր[17]։

Հաջորդ ձեռագիրը, որը ևս Ավետարան է (ՄՄ, ձեռ. 4979), սկսում է ընդօրինակել Հովհաննես վարդապետը 1439 թվականին (թերևս, նախորդ Հովհաննես գրիչը), սակայն աշխատանքը դեռ չավարտած՝ մահանում է։ Գործը շարունակում է Հովսեփ միայնակյացը, ով նաև ծաղկողն ու կազմողն է. «...սուրբ վարդապետն Յովաննէս եւ ձեռն ի գործ արկեալ գրեաց զսուրբ Աւետարանս, ի յիշատակ բարի հոգւոյ եւ ծնաւղաց իւրոց… եւ ի կատարումն աւետարանիս ոչ ժամանեաց, այլ փոխեցաւ տարաժամ մահուամբ ի Քրիստոս։ Վասն որոյ աստուածասէր եւ բարեպաշտ միայնակեացն Յովսէփ եռափափագ սրտիւ… ի քիրտն աշխատեաց իւրոց կատարել ետ զսուրբ Աւետարանս՝ գրելով եւ ծաղկելով եւ կազմելով…»[18]։ Ձեռագրում որորշակի պակաս հատվածներ լրացրել է Մկրտիչ վարդապետը, սակայն նա ևս տարաժամ մահվան պատճառով հեռանում է կյանքից. «...զտիեզերալոյս եւ զաստուածաբան, քաջ եւ երջանիկ վարդապետն Մկրտիչ, որ զպակասութիւն սուրբ Աւետարանիս գրեաց, եւ ի կատարումն յիշատակարանիս ոչ ժամանեաց, այլ տարաժամ մահուամբ փոխեցաւ առ անծկալին իւր Քրիստոս…»[18]։ 

1454 թվականին Լիմ անապատում Ավետարան է ընդօրինակում Հերպետ (Հայրապետ) գրիչը (ՄՄ, ձեռ. 6509)՝ «...այլ ըստ բազում հայցման եւ պատկառանաց քրիստոսասէր եւ բարի Մարտիրոսին»[19]։ 

Իգնատիոս գրիչը Քաջբերունիքի Խառաբաստավանքում (Սուհարավանք) 1454 թվականին սկսում է մի ձեռագրի ընդօրինակություն՝ «Մեկնութիւն կաթողիկէից թղթոց», սակայն երկրում տիրող ծանր իրավիճակը, կոտորածները ստիպում են Քաջբերունիքի բնակիչներին, որոնց հետ էր նաև գրիչը, առժամանակ փախչել ու ապաստանել այլ վայրերում՝ «...եւ ոմանք ամրացան յանառիկ կղզիս Լիմն կոչեցեալ, եւ շատք ցրուեցան յերկիր Ամկու…»[20]։ Լիմում Իգնատիոսը ավարտին է հասցնում իր գրչագիրը[21]։ 

Արճեշ գավառում Քաջբերունիքի րաբունապետ Վարդան վարդապետի խնդրանքով գրիչ Հովհաննես Մանգասարենցը սկսում է Ավետարանի գրչագրություն (ՄՄ, ձեռ. 6570)։ Հովհաննեսը որպես գրչության հմուտ վարպետ՝ բավական հայտնի էր Վասպուրականում։ Նրա գրչագրերը սովորաբար ծաղկում էր Մինաս Ծաղկողը։ Այս ձեռագիրը Հովհաննես Մանգասարենցը սկսում է Արճեշում և ավարտում 1454 թվականին Լիմում։ Այստեղ էր նաև Մինաս Ծաղկողը, ով այն նկարազարդում է։ Ենթադրելի է, որ Հովհաննես Մանգասարենցի՝ Լիմ կղզի տեղափոխվելը պայմանավորված էր երկրում տիրող խառնակ դրությամբ, այսինքն՝ պատճառը նույն էր, ինչ Իգնատիոս գրչինը. «…աւարտեցի ի մեծ թուականութեանս Հայոց ՋԳ. (1454) ամին, յառաջնորդութիւն երկրիս Քաջբերունոյ մեծ րաբունապետի և քաջ վարժապետի Կարապետ վարդապետի, և ի հայրապետութեան մեծ Աթոռոյն Սուրբ Էջմիածնի տէր Գրիգորի, և ի ղանութիւն արենարբու բռնաւորին Ջհանշահի... գրեցի սուրբ Աւետարանս ի քաղաքիս Արճէշ կոչեցեալ և ի կղզիս, որ կոչի Լիմն»[22]։ Այս Ավետարանը, ի տարբերություն Լիմ մենաստանի գրիչների կողմից գրված ու նկարազարդված ձեռագրերի, բավական հարուստ է մանրանկարներով նաստանի գրիչների կողմից գրված ու նկարազարդված ձեռագրերի, բավական հարուստ է մանրանկարներով։ 

Մեզ է հասել նաև մի Հայսմավուրք՝ գրված 1452–1457 թվականներին Սուխարավանքում (Խառաբաստավանք), Արգելանում, ապա՝ Լիմ անապատում (ՄՄ, ձեռ. 4472)։ Ձեռագիրն ընդօրինակվել է ոչ միայն երեք տարբեր վայրերում, այլև՝ գրչափոխությամբ։ Առաջին գրիչը Հովհաննես քահանան է.

... սակաւ աշխատողիս Յովհաննէս քահանայի, որ վասն սիրոյ եղբօրս մեր՝ մահդասի Ստեփաննոսին գրեցի զայս Գ. (3) սխրալի ճառս։

Նա նշում է, որ Հասան անունով մուսուլման բռնակալն անմեղ քրիստոնյաներին գերեց, իսկ ձեռագրի ստացող Ստեփաննոս մահդասին իր վաստակով ազատեց նրանց.

Եւ զի զամենայն գործս եւ զվաստակա ձեռաց իւրոց բաշխեաց առաջի մեր ի գինս գերեացն, զորս ազատեաց յանօրինաց, եւ զայլն ի գինս գրոց պատուականաց եւ յայլ սպասս եկեղեցեաց[23]։

Հաջորդ գրիչը Ղազար կրոնավորն է։ Նա հիշում է նաև Կարապետ սարկավագին՝ թուղթ կոկողին, և ստացողին՝ մահդասի Ստեփանոսին։ Հիշատակարանում գրելով մատյանի ստեղծման դեգերումներով լի պատմությունը՝ Ղազարը կղզին կոչում է «յանառիկ ամուրն Լիմն», որ նշանակում է անառիկ ամրոց.

Եւ արդ, գրեցաւ սա յանառիկ ամուրն Լիմն, ընդ հովանեաւ Սրբոյն Գէորգեա, և այլ սրբութեացս, որ աստ կան հաւաքեալ։ Եւ այլն գրեցաւ յերկրին Քաջբերունի, ի վանս Սուխատայ, ընդ հովանէաւ Սուրբ Աստուածածնին և ամենայն սրբութեանցն։ Եւ այլն գըրեցաւ ի վանս Արգելան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս և Սուրբ Կարապետի և Սուրբ Յարութեանս և Սուրբ Ստեփաննոսիս տէր Յուսկան որդւոյ սուրբ գերեզմանիս[24]։

Այս ձեռագրի ծաղկողը ևս Մինասն է, ով այն ճոխացրել է հայսմավուրքյան սրբերի լուսանցային մանրանկարներով։ 

Լիմից հայտնի հաջորդ ձեռագիրը Շարակնոց է (ՄՄ, ձեռ. 6043)՝ գրված 1527 թվականին։ Գրիչը նաև ծաղկողն է, բայց հիշատակարանում չի նշում իր անունը՝ այս ձեռագրի պարագային չկարևորելով այն, այլ արձանագրում է ձեռագրի ստեղծման տխուր պատճառը՝ Մեսրոպ երիտասարդ աբեղայի խեղդվելը ծովում. «Յայսմ ամի անկաւ Մեսրոփ փոքր աբեղայն ի ծովս եւ խեղդամահ եղեւ… Եւ շատ որոնեցաք զմարմին նորայ յե[զերբ] ծովուն եւ ոչ գտաք, որով լինէր սա[կաւ] ինչ սփոփանք սրտից մերոց։ Արդ [ի յայսմ] ամի աւարտեցաւ Շարակնոցս ի Լիմն կղզիս յերկիրս Ամկոյ ձեռամբ անյ[իշելի] եւ անանուն գրչի, որ մեծաւ տառ[ապան]աւք գրեցի եւ ծաղկեցի ոսկով»[25]։ Գրիչը նաև նշում է, որ Մեսրոպ աբեղան երաժշտական շնորհ ուներ, ուստի՝ պատահական չենք համարում ձեռագրի բովանդակության ընտրությունը. «Զի էր ինձ ըստ հոգւոյ որդի եւ աշակերտ, ի յուսմունս երաժըշտականս անցեալ անոյշ ձայնիւ եւ պատշաճ եղանակաւ»[26]։ 

Հաջորդ ձեռագիրը Մաշտոց է՝ գրված 1530 թվականին (Երուսաղեմ, ձեռ. 289)։ Գրիչը Մկրտիչ աբեղան է, որ հիշատակարանում նշում է՝ «Մկրտիչ գըծողս յիշեցէք ի Քրիստոս»[27]։ Մեզ են հասել երկու Մաշտոց՝ 1530 և 1533 թվականներին գրված, թերևս նաև ծաղկված Հովսեփ Աղթամարցու ձեռքով (ՄՄ, ձեռ. 945, Երուսաղեմ, ձեռ. 302)։ Առաջինի ստացողն է Հովանես միայնակյացը, ով այն ընծայում է Աղթամարի Սուրբ Խաչին[28]։ Մյուսի ստացողն է Պարսամը, ով այն նվիրում է «ի նոյն գեաւղաքաղաքն յՈւրանց ի դուռն Ս. Ստեփաննոս Նախավկային եւ Ս. Նշանին...»[29]։  

1534 թվականին Հովսեփ գրիչն ընդօրինակում է Ճաշոց և ձեռագրի ընդարձակ հիշատակարում նկարագրում այն անմխիթար իրավիճակը, որում գտնվում էր երկիրը Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև ընթացող պատերազմի հետևաքնով. հազարավոր մարդիկ են կոտորվում, քաղաքներն այրվում են, վանքերը թալանվում ու կողոպտվում։ Ըստ այս վկայության՝ ավերվում է նաև Լիմը, սպանվում են մի քանի միաբաններ, մյուսներն ապաստանում են Աղթամարում. «... մտին եւ ի Լիմն կղզին, թալանեցին զինչս եւ զսպասք Սուրբ Գէորգ զօրավարին, եւ արարին շատ աւերք եւ դառնութիւն… եւ մեք՝ ահաբէկ եւ տարեկուս կանք ի յԱղթամար…»[30]։  

Վկայություն կա, որ 1538 թվականին Վանա բերդին տիրացած Գոգչա սուլթանը զորքով մտնում է Լիմ կղզի, ավերում, կոտորում միաբաններին և այրում կամ ծովը նետում ձեռագրերը, որոնց միայն մի փոքր մասն է գտնվել ու փրկվել[31]։ Այնուհանդերձ, վանքի միաբանները կարողանում են վերականգնել վանական կյանքը։   

1553 թվականին ոմն Աղաջանի խնդրանքով Մաշտոց (ՄՄ, ձեռ. 5976) է ընդօրինակել Կարապետ գրիչը։ Ժամանակագրորեն Լիմից հայտնի հաջորդ ձեռագիրը ևս Մաշտոց է՝ գրված 1568 թվականին, Թորոս գրչի ձեռքով (ՄՄ, ձեռ. 3353)։ Հիշատակարանը կարևորվում է նրանով, որ նշված են սուրբ ուխտի առաջնորդի և այլ միաբանների անունները. «Դարձեալ աղաչեմ զամենեսեան յիշել ի Քրիստոս զտիեզերալոյս քաջերջանիկ զառաջնորդ սուրբ ուխտիս՝ Զաքարիայ արքեպիսկոպոս, որ բազում աշխատեցաւ զսակաւ գիրս ուսուցանել, եւ Աստուած ողորմի ասացէք նմա…»[32]։  

Մեզ են հասել նաև մենաստանի առաջնորդի՝ Զաքարիա եպիսկոպոսի ձեռագրերից, որոնք նա և՛ գրել է, և՛ ծաղկել։ Սրանցից մեկը 1549 թվականին գրված Ավետարանն է[33]։ 1561 թվականին Զաքարիա եպիսկոպոսը Հայսմավուրք է ընդօրինակում և ծաղկում Թորոս վարդապետի պատվերով[34]։ Գրիչից մեզ հասած մյուս ձեռագիրը Մաշտոց է՝ գրված 1571 թվականին (Վենետիկ, ձեռ. 1891), որի ստացողն է Հովսեփ եպիսկոպոսը։ Ձեռագրի ընդօրինակումը Զաքարիա եպիսկոպոսը սկսել է Լիմում, ավարտել Արծվաբերի Ս. Աստվածածին վանքում, ծաղկել և կազմել այն, ապա՝ հանձնել Հովսեփ եպիսկոպոսին, ով էլ այն ընծայել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցուն[35]։ Զաքարիա առաջնորդի հաջորդ գրչագիրը 1576 թ. Շարակնոցն է (ՄՄ, ձեռ. 1613), որի ստացողն է Մելիքսեթ քահանան։ Զաքարիա եպիսկոպոսը նշում է իր ուսուցիչներին, որոնցից մեկը Աղթամարի կաթողիկոսն է. «Զաքարիա մեղապարտ գծողիս եւ նըկա[րո]ղիս Աստուած ողորմի ասացէք։ Դարձեալ աղաչեմ յիշել ի Տէր զուսուցիչքն՝ իմ զշնորհազարդ եւ պատուական հայրապետն զԳրիգորիս Աղթամարցին եւ զՅովսէփ վարդապետն...»[36]։ Զաքարիա եպիսկոպոս Գնունյանցը նաև հեղինակել է տաղեր, սակայն դրանց ինքնագրերը մեզ չեն հասել, պահպանվել են հետագայի ընդօրինակություններով[37]։  

Դավիթ աբեղան մեզ հայտնի հաջորդ գրիչն է։ 1575 թվականին նա ընդօրինակում է Սաղմոսարան «ի խնդրոյ Յօհաննէս քահանայի[38]։ 1585 թվականին Դավիթ գրիչը Մաշտոց է ընդօրինակում, իսկ 1588 թվականին՝ Ավետարան[39]։ Նրա գրչի հաջորդ ձեռագիրը 1592 թվականի Ավետարանն է (ՄՄ, ձեռ. 5011)։ Թե՛ այս, թե՛ նախորդ ձեռագրերի հիշատակարաններում գրիչը նշում է ինչպես իր ուսուցչին՝ Զաքարիա արքեպիսկոպոսին, այնպես էլ իր հոգևոր եղբայրներին. «…զուսուցիչն իմ՝ զքաջ քարտաւղարն Զաքարիայ արքեպիսկոպոսն, և ի ժամ սոսկալի պատարագին լի բերանով Աստուած ողորմի ասացէք։ Եւ զհոգևոր եղբարքս զտէր Յոհանէս արհեպիսկոպոսն, զտէր Գէորգն, զտէր Սարգիսն, զտէր Մելքեսէթն, զտէր Ստեփանոսն, և զտէր Պետրոսն, զտէր Պաւղոսն Տէր Աստուած դասակից և պսակակից Սուրբ Ղևոնդեանցն արասցէ. ամէն»[40]։ 1593 թվականին Դավիթն ընդօրինակում է Գանձարան (ՄՄ, ձեռ. 5346)։ Ձեռագրի ծաղկողը Սարգիս Մազմանն է, ստացողը՝ «իմաստուն եւ հանճարեղ աստուածասէր խաւջա Պուտախը»[41]։  

16-րդ դարի մեզ հայտնի վերջին գրիչը Կարապետ եպիսկոպոսն է, որ 1582 թվականին ընդօրինակել է Մաշտոց՝ հիշատակարանում նշելով ուխտի առաջնորդին և միաբաններից մի քանիսին. «... յառաջնորդութիւն Յօհաննէս արհիեպիսկոպոսին, տէր Դաւիթ վարդապետին, Գրիգոր հերպետին, տէր Սարգսին, տէր Հերապետին, տէր Գրիգորին»[42][42]։ Ենթադրելի է, որ այստեղ նշված Դավիթ վարդապետը Դավիթ գրիչն է։  

17-րդ դարում Հայաստանում սկսվում է անապատական կյանքի վերազարթոնք՝ Սարգիս վարդապետի (Սաղմոսավանքից) և Կիրակոսի քահանայի (Տրապիզոնից) ջանքերով։ Նրանք 1611–1613 թվականներին Սյունիքում՝ Տաթևի վանքից քիչ հեռու՝ Հալիձոր գյուղի դիմաց, հիմնում են մենաստան՝ Հարանց անապատը։ Ներսես վարդապետ Մոկացին՝ Բեղլու մականվամբ, միանում է Հարանց անապատի սրբակենցաղ հայրերին։ Հինգ տարի այստեղ կենցաղավարելուց հետո՝ 1621 թվականին, նա յոթ միաբանների հետ ուղևորվում է Լիմ և այնտեղ վերականգնում անապատական կյանքը։ Այս մասին պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է. «Աստ վարժեալ ուսաւ Մոկացի Ներսէս վարդապետն զվարս կրօնաւորական, և ելեալ գնաց ի գաւառն Վասպուրականի, և եմուտ ի կղզին Լմայ ի մէջ ծովուն, և անդ ժողովեցան առ նա բազմութիւնք եղբարց, և եղև անապատ հաստատուն ամենայն կարգօք և կրօնիւք միակեցութեան վարուց»[43]։ Անշուշտ, բանաստեղծ և տաղերգու Ներսես Մոկացին և՛ ընդօրինակել է զանազան գրչագրեր, և՛ ունեցել իր ստեղծագործությունների ինքնագրերը, սակայն դրանք չեն պահպանվել[44]։   

Լիմում 17-րդ դարի առաջին ձեռագրերից է Հովհաննես Մոկացու գրած և ծաղկած Ժողովածուն (ՄՄ, ձեռ. 2079), որը գրել է Շատիկ անապատի միաբան Հովհաննես կրոնավորի խնդրանքով։ Հովհաննես Մոկացին մեծ բերկրանքով է հիշատակում Ներսես Մոկացու՝ Լիմ անապատ գալու իրողությունը և նշում, որ ինքը ևս այն անձանցից էր, որոնք միացան նրան. «… զի Մոկաց Ներսէս վարդապետն ի վերին Տաթեւոյ անապատն կացեր էր Դ. (4) տարի, եկաւ ի Վանա երկիրս, ի Լմայ կղզիս անապատ հաստատեաց ի թվին ՌՀԱ. (1622) եւ մեք այլ նորա միաբանեա՝ բնակեցաք աստ…»[45]։ Ժողովածուն աչքի է ընկնում հարուստ և արժեքավոր բովանդակությամբ. այն պարունակում է Ներսես Շնորհալու, Առաքել Սյունեցու և այլոց տաղերն ու այլ չափածո երկեր, դավանական նյութեր, հատվածներ պատմագրքերից, Հովասափի ու Բարաղամի պատմությունը, նաև Ներսես Մոկացու տաղերը։   

1624 թվականին Լիմի միաբան Պետրոս եպիսկոպոսը ստացել է Մաշտոց (ՄՄ, ձեռ. 5772), որի գրչության վայրն ու գրիչը նշված չեն։ Հիշատակարանից հայտնի է միայն, որ այն գրվել է մեկենասությամբ Գուար տնտեսի և ի բարի հիշատակ իր ու իր ընտանիքի նվիրել Լիմ անապատին՝ հանձնելով Պետրոս եպիսկոպոսի ձեռքը. «Եւ ստացաւ զՄաշտոցս ի դուռ Ս. Գէորգեայ անայպատին, յիշեայտակ հոգոյ իւրոյ։ Թվայկանին ՌՀԳ. (1624)», իսկ ստացող Պետրոս եպիսկոպոսը գրում է. «ԽԹ. (49) տարի առաջնորդութիւն արի Ս. Գէորգեայ, շատ նեղութիւն և չարչարանք քաշեցի. ախ, Ռ (1000) ախ ի յայլազգաց ձեռնէ։ Ի դառ ժամանակիս ձեռնեայդիր, Մաշտոցիս տըւի գրել, ձեռ թուլն էր և աչ կոր էր, ոչ էլ զնչէն (չի շարունակված)»[46]։ Գրչի հիշատակարանի բացակայությունը և Պետրոս եպիսկոպոսի հիշատակարանը թույլ են տալիս ենթադրել, որ մեկենասները դիմել են Պետրոս եպիսկոպոսին՝ մենաստանին իրենցից որևէ հիշատակ թողնելու խնդրով, իսկ վերջինս առաջարկել է Լիմի միաբաններից մեկին ընդօրինակել սույն ձեռագիրը։ Ստացողի հիշատակարանի թիվն էլ՝ 1624, հուշում է, որ ձեռագրի գրչությունը պետք է ավարտված լինի նույն թվականին։   

Ներսես Մոկացին շարունակում է Լիմ անապատի վանահայրությունը մինչև իր մահը՝ 1625 թվականը, այնուհետև նրան փոխարինում է Ստեփանոս Շատախեցին։ Վերջինիս օրոք Լիմի միաբանությունն ավելի բազմամարդ է դառնում և նրանցից ոմանք գնում են Կտուց՝ այնտեղ ևս վանական կարգը վերականգնելու համար։ Ստեփանոս Շատախեցու օրոք բավականին մեծ թվով ձեռագրեր են գրվել անապատում, նաև այլ գրչության կենտրոններից ստացվել՝ հոգևոր ու մշակութային կյանքի համար։ Վանահայր Ստեփանոսը ոչ միայն միաբաններին էր հանձնարարում ձեռագրեր ընդօրինակել, այլ ինքը ևս մասնակից էր գրչագրերի ստեղծմանը։ Ցավոք, նրա և այլ միաբանների կողմից գրված ու ծաղկված մատյանների զգալի մասը մեզ չի հասել։ Ստորև ներկայացնենք մեզ հայտնիները։   

Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրատանը պահվում է Ժողովածու (Վենետիկ, ձեռ. 171), որի գրչությունը 1620 թ. սկսվել է Բաղեշի Ամիրդոլու վանքում, ապա շարունակվել և ավարտվել Լիմում՝ 1622 թվականին։ Գրիչը Ստեփանոս Շատախեցին է, ում խնդրանքով ձեռագիրը ծաղկել է Սահակ Բաղիշեցին48։ Այս ձեռագրի հիշատակարանում Ստեփանոս Շատախեցին անդրադառնում է Ներսես Մոկացու Լիմ գալուն։ 1647 թվականին նա Լիմում Ավետարան է ընդօրինակում (ՄՄ, ձեռ. 332) Սարգիս բարեպաշտ մարդու խնդրանքով. «Արդ, աւարտեցաւ սուրբ Աւետարանս ի թվականիս Հայոց ի Ռ. եւ ՂԶ. (1647), վերակացութեամբ նուաստ և անարժան Ստէփանոս անուամբ… ի Լմա Ս. Գէորգ անապատի…»[47]։ Ստեփանոս վարդապետը նաև լրացրել ու կազմել է ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է 15-րդ դարում գրված Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն կաթողիկէից» աշխատությունը, որը նա վերստին կազմել է Լիմում (ՄՄ, ձեռ. 4795)[48]։   

1648 թվականին Մարտիրոս գրիչը սկսում է ընդօրինակել Հայսմավուրք՝ (ՄՄ, ձեռ. 4693)՝ Ստեփանոս վարդապետի հանձնարարությամբ և այն ավարտին հասցնում։ Գրչագիրը կազմվում է «…ձեռամբ Մեսրոպ վարդապետին եւ իմ աշակերտեալ նմա Թումա երիցու և անապատիս հայր կոչեցեալ Թաթուլ միակեցին»[49]։ Ձեռագիրը բովանդակում է տաղեր, քարոզներ, խրատներ, տոմարական նյութեր և այլն։ 

1631 թվականին Մովսես քահանան գրում է Ժողովածու (Երուսաղեմ, ձեռ. 1652)։ Այս ձեռագրի մի մասը՝ Կանոնականը, գրվել է Լիմում, մյուս մասը՝ Արարածոց մեկնությունը՝ Վարագում. «Զմեկնիչն ի Վարագ գրեցի եւ զայլ կանոնականքն ի Լիմ անապատ»[50]։ Ձեռագիրը Մովսես քահանան գրում և նվիրում է Ս. Սարգիս և Ս. Թեոդորոս եկեղեցիներին (Վա՞ն)։ Ձեռագրի կազմողը Սահակ աբեղան է։ Մովսես գրիչը նշում է նաև, որ այդ թվականին Վանի մուսուլման փաշան գնում է Ղափանստուն, մեծ ավար ու գերիներ բերում։ Վանեցիները ազատագրում են գերիներին և ետ ուղարկում։ 1635 թ. Մովսես գրիչը պատրաստում է մի ընդարձակ և բազմաբովանդակ Ժողովածու՝ (ՄՄ, ձեռ. 5128)՝ այն ընծայելով Ներսես Մոկացուն։

Մենաստանը, անշուշտ, կարիք ուներ նաև Հայոց Տոմարը և նրա մեկնությունը բովանդակող ձեռագրի։ Ավիկ անունով գրիչը տոմարական միավորներով լրացրել է Ներսես Մոկացուն պատկանող Ժողովածուն (ՄՄ, ձեռ. 7104)։ Ավիկը տոմարագետ է, և տոմարական բնույթի է նաև նրա ընդօրինակած և մեզ հասած ձեռագիրը, որը գրիչը եզրափակել է Ծռազատկի մասին իր բացատրությամբ (ՄՄ, ձեռ. 1971)՝ «Ապիկար և եղեռնագործ Աւիկս սակս Ծռազատկին, որ զայս քանի բանս գրեցի»[51]։ 1632 թ. գրած իր այս ձեռագրի հիշատակարանում գրիչը նշում է, որ մենաստանի վանահայրը Ստեփաննոս վարդապետն է, իսկ միաբանների թիվը հասնում է 70-ի. «Գրեցաւ Տոմարս ի Լիմ անապատս, վերակացութեամբ Ստեփանոս վարդապետին, և միաբանութեամբ Հ. (70) եղբարցս, որ աստ հաւաքեալ ի հաճոյս Աստուծոյ»[51]։ 

Ավետիս երեցից պահպանվել և մեզ են հասել երկու Ավետարան։ Առաջինն ընդօրինակվել է 1635 թվականին (ՄՄ, ձեռ. 10697), ստացողը Հովհաննես տանուտերն է. «Գրեցաւ սբ. Աւետարանս՝ ի ծովապատ եւ յաստուածապահ մենաստան Լիմ յորջորջեալ, ի թվականիս Հայոց ՌՋԴ. (1635), ի դուռն Սուրբ Գէորգեա զաւրավարին. ի հայրապետութեան տեառն Փիլիպոսի եւ Աղթամարայ կաթողիկոսին՝ տէր Ստեփանոսին եւ առաջնորդի սուրբ ուխտիս՝ Ստեփանոս վարդապետի, վերակացութեամբ հաւրեղբարցս եւ Պետրոս արհիեպիսկոպոսին»[52]։ Երկրորդը գրվել է հաջորդ տարի՝ 1636 թվականին (ՄՄ, ձեռ. 5637)։ Այս ձեռագրի գրչության ընթացքում վախճանվում է գրիչը՝ կիսատ թողնելով գործը (գրել է միայն Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները)։ Ստեփանոս վանահոր խնդրանքով գործը շարունակում է Կարապետ երեցը Վան քաղաքի Ս. Աստվածածին և Ս. Գաբրիել հրեշտակապետ եկեղեցիներում։ Հիշատակարանի վերջում նշվում է միաբանության կազմի մասին՝ «… որ են յանապատս Լիմ՝ ԲԺ. (12) կարգաւորօք և Ծ. (50) միակեցաւք…»[53]։ Ձեռագրում առկա է ծաղկողի չափածո հիշատակարանը. «Ստեփանոս Ջուղայեցի, Տանէն Պարսից ելա եկի, Երուսաղէմ գնացի…։ Ապա եկա աստ Վան հասի, Նստեալ փութով զայս ծաղկեցի, Ոսկով պայծառ զարդարեցի, եւ յիշատակ ինձ դրեցի»[54]։ Ձեռագիրը պարունակում է նաև պատվիրատուի՝ Ստեփանոս վանահոր հիշատակարանը։ Նա գրում է, որ մենաստանը վերահաստատելիս ցանկացել է լավ և ընտիր գաղափար օրինակից ընդօրինակված Ավետարան ունենալ։ Ուստի Ավետիս գրիչը բերել է Սսի Ավետարանը, նրանից կատարել է երեք ընդօրինակում. առաջինն ուղարկել է Թացու քաղաք, երկրորդ՝ Հովհաննես տանուտերին հանձնել, երրորդ ձեռագիրն այս է, որը գրելիս տարաժամ վախճանվել է. «Արդ, զայս սուրբ Աւետարանս յըստոյգ յօրինակէ ետու գրել, վասն յանապատիս հաստատութեան, ի Սըսայ յօրինակէն, զոր ընտրեաց տէր Աւետիս ծերն և գրեաց՝ Ա. (1) իւրն, որ տարան Թացու, և Ա. (1) Նորշինոյ Յովանիսին, և մինս այս ի տկարութեան ժամանակին, որ մինչ ի մեռնելոյ յօրն կու գրէր, զոր Տէր Աստուած ողորմեսցի իւրն. ամէն»[55]։  

Ստեփանոս վանահոր պատվերով մեկ այլ Ժողովածու էլ 1641 թվականին գրում է Թաթեոսը (ՄՄ, ձեռ. 4836): Ձեռագիրը բովանդակում է Ներսես Լամբրոնացու երկերը, այլ հայրերի և ուսուցիչների՝ Պատարագի ու Ժամերգությունների մեկնություններ։ Այս գրչագիրը, անշուշտ, նախատեսված էր Լիմ անապատի միաբանների համար, որոնք, ձեռագրի հիշատակարաններից մեկի համաձայն, 60 անձ էին՝ «Ստեփանոս վարդապետին և եղբարց անապատիս, որ կան այժմ Կ. (60) միակէց…», իսկ մեկ այլ տեղ՝ ավելի քան 50. «ի վայելումն հոգևոր եղբարցս անապատի, որ քան զԾ. (50) հոգի աւելի կան ի փառաբանութիւն ամենասուրբ Երրորդութեանն, ի թուականութեանս Հայոց ՌՂ. (1641), ի կաթողիկոսութեան Սուրբ Էջմիածնին լուսապայծառ հոգով Փիլիպպոս սրբասնունդ հայրապետին…»[56]:  

Լիմ անապատի միաբաններից է եղել նաև Սարգիս Եդեսացին։ 1642 թվականին նա գրում է մի Ժողովածու (ՄՄ, ձեռ. 45). «…ի յերկիրս Ամկոյ, ի ծովապատ Լիմս, ի հրեշտակակրօն եւ քրովբէաճեմ մենաստանս՝ ընդ հովանեաւ Սուրբ Գէորգ Զօրավարին, ի ՌՂԱ. (1642) ամին… ի յառաջնորդութեան յայս սուրբ մենարանի՝ տէր Ստեփաննոս վարդապետին, ի վայելումն ինձ՝ ամենաչար եւ եղեռնագործ ստրուկ գրչիս Սարգսի»[57]։ Ժողովածուն բազմաբովանդակ է. պարունակում է Վարդան Արևելցու Աշխարհացույցը, Խիկար Իմաստունի խրատները, Եվագր Պոնտացու և այլ հայրերի ճառեր ու խրատներ, Հովհաննես Արճիշեցու Պատարագի մեկնությունը, դավանանքի բացատրություն, տաղեր և այլ նյութեր։ Գրիչը խնդրում է ընթերցողներին՝ «… անմեղադիր լինել սխալանաց եւ խոշորութեան եւ մանրութեան եւ վասն լուսանցկի սակաւութեան եւ պատուով գրոյն, վանս զի յօժարութիւն կամացս եւ իղձ փափագանացս յաղթեաց եւ քարտէս ոչ ունելով բաւական՝ այսպէս ձեռնարկեցի։ Ներումն եւ թողութիւն շնորհեցէք. եւ զի կար մեր այսքան էր. անմեղադիր լերուք…»[57]:   

Սարգիս Եդեսացուց մեզ հասած հաջորդ ձեռագիրը գրվել է դրանից 30 տարի անց՝ 1672 թվականին։ Չենք կասկածում, որ այդ տարիների ընթացքում հմուտ գրիչը ընդօրինակել է այլ գրչագրեր ևս, սակայն դրանք մեզ չեն հասել։ Այս երկրորդ Ժողովածուն (ՄՄ, ձեռ. 3069) բովանդակում է քաղվածքներ պատմագրքերից, մասնավորապես՝ Զենոբ Գլակի, Մեսրոպ Վայոցձորեցու, Կիրակոս Վարդապետի և այլն։   

1657 թվականին Ղուկաս կրոնավորն ընդօրինակում է Աստվածաշնչի իմաստասիրական գրքերի մեկնություններ, նաև՝ Միխայել Ասորու Ժամանակագրությունը բովանդակող Ժողովածու (Երուսաղեմ, ձեռ. 1761)[58]

Անթվական է Հովհան գրչի ընդօրինակությունը (ՄՄ, ձեռ. 5049), որ բովանդակում է Եվագր Պոնտացու Վարքն ու մատենագրությունը։ Ձեռագիրը գրվել է Հովհաննես ճգնավորի պատվերով, ով Ներսես Մոկացու հետ եկել էր Լիմ անապատ։ Նրա մասին հետևյալ գեղեցիկ տողերն է թողել գրիչը.

… զհարանց հայրն եւ զզարդ անապատի զկուսակրօն եւ զհեզահոգի մաքրամիտ տէր Յովհաննէս խարազնազգեաց ճգնաւորն, որ ի տիս մանկութեան սիրեաց զվարս միակեցութեան եւ եռափափագ սիրով եկն ընդ Ներսէս վարդապետին Բեղլու կոչեցեալ ի Լմա մենաստանս թվին ՌՀԱ. (1622) եւ հաստատեցին անապատաւ, եղեն բազում կարք ճգնաւորաց արանց սրբազանից աւելի քան զԿ.(50) կուսակրօն եղբարք, որք մշտամռունչ հառաչմամբ եւ արտօսրաբար դիմօք հայցեն յԱստուծոյ զխաղաղութիւն աշխարհի եւ զփրկութիւն [հոգւոց], յորոց միջի փայլէր սա ուս[մամբ] այլ կենցաղավարութեամբ[59]։

Սա նաև մեզ հուշում է, որ անթվական այս ձեռագիրը գրվել է 1622 թվականից հետո։ 

Մի համառոտ վկայություն ունենք, որ 1675 թվականին Լիմում Ճաշոց է ընդօրինակվել՝ «Յաւուրս առաջնորդութեան Լիմ անապատի Եղիայ վարդապետի, ՌՃԻԴ.(1675)»[60]

18-րդ դարում ընդօրինակված և մեզ հայտնի ձեռագրերն ավելի սակավ են, սակայն ունեն իրենց անփոխարինելի արժեքը։ Այս ձեռագրերի մեծ մասը ժողովածուներ են։ Ի տարբերություն նախորդ դարերի՝ 18–19-րդ դարերում բավական շատ գրիչների ձեռագրերի ենք հանդիպում, որոնք ունեն աստվածաբանական կամ պատմական տարբեր բովանդակություններ։ Հետաքրքրական է նաև, որ Լիմում 14–16-րդ դարերում գրված ձեռագրերի համեմատությամբ 18–19-րդ դարերի մատյանների հիշատակարանները բավական համառոտ են, հաճախ ընդամենը մեկ նախադասությամբ նշում են գրչության վայրը, թիվը և գրչի անունը։ Սա նշանակում է, որ ձեռագրերի ստեղծման նպատակը եղել է դրանք վանքում օգտագործել կրթական նպատակներով, և չեն դիտվել որպես պատմական սկզբնաղբյուրներ կամ նախատեսված չեն եղել մենաստանից դուրս որևէ ստացողի համար։ Ստորև թվարկված է 18–19-րդ դարերում Լիմից մեզ հայտնի գրիչների անունները և նրանց ընդօրինակած ձեռագրերը։ 

  • Հովհաննես Մոկացի. 1734 թվական, Ժողովածու (ՄՄ, ձեռ. 5747), գրիչը նշում է, որ «… օրինակն խիստ սղալ էր, եւ ես՝ տկար, զի յոյժ գլխացաւութիւն ունիմ, մինչ զի բազում անգամ տանի զլոյս աչացս եւ այնչափ նուազեցուցանէ զիս, մինչեւ ի յետին տկարութիւն հասուցանէ։ Բայց յորժամ տեսի զգիրքս, ցանկացօղ եղէ սմայ եւ ձեռն արկի գծագրել»[61]։ Գրիչը հիշում է նաև օրինակը շնորհողին և թուղթ ու գրչության գործիքներ տրամադրողին՝ «…ըզհեզահոգի Յարութիւն աստուածաբան արքեպիսկոպոսն, որ զգաղափարն շնորհեց եւ այլ եւս բազում երախտիք ունի ի վերայ իմ… նաեւ տիրացու Պետրոսն՝ նորին աշակերտն, յիշեսցէ Քրիստոս Աստուածն մեր, զի եւ նա շնորհեաց մեզ Ա(1) դաստայ լաւ թուղթ եւ Ա(1) կարակնի եւ Ա(1) փարկալ եւ Ա(1) ճարտարվար»[61]։ 
  • Հարություն աբեղա Բանտրմանցի. 1741 թ., Ժողովածու (Երուսաղեմ, ձեռ. 1729)[62] և 1744 թվական, Ժողովածու (Երուսաղեմ, ձեռ. 536)[63]. երկու ձեռագրերն էլ բովանդակում են տարբեր քարոզներ, մեկնություններ։ 
  • 1743 թվականին մենաստանում ընդօրինակվում է Մաշտոց (Երուսաղեմ, ձեռ. 2547)[64]. ձեռագրի հիշատակարանի վերջը թափված է, ուստի՝ անհայտ է մնում գրչի անունը։  
  • Նիկողայոս աբեղա. 1751–1752 թվականներ, տոմարական Ժողովածու (ՄՄ, ձեռ. 2009)[65], գրիչը հիշատակարանում նշում է, որ ինքը հմուտ չէր գրչության արվեստի մեջ, բայց 50 տարի տառապում էր սատանայի որոգայթների դեմ, և որոշում է ձեռագիր ընդօրինակել. «Աղաչեմ անմեղադիր լերո՛ւք տկարութեան եւ սխալանաց եւ խոշորութեան գրիս եւ թղթիս, զի կարն իմ այսքան էր. որպէս օրինակն էր, այնպէս եմ գրեր, ո՛չ յաւել եւ ո՛չ պակաս»[66]։ Նիկողայոս գրչից մեզ են հասել 1721–1755 թվականներին՝ Գանձարան (ՄՄ, ձեռ. 5620), 1759/60 թվականներին՝ Ժողովածու (ՄՄ, ձեռ. 4982), բովանդակող Դավիթ Անհաղթի գործերն ու դրանց մեկնությունները։ 
  • 1760-ական թվականների սկզբներին Լիմ անապատ է այցելում Կեսարիայի Ս. Կարապետ ուխտի միաբան Ղազար աբեղա Շոռոթեցին։ Տեսնելով անապատի խեղճ վիճակը՝ նա Հակոբ վանահոր և մյուս վանականների խնդրանքով ուղևորվում է Վրաց, Աղվանից, Ռուսաց երկրները՝ հանգանակություն հավաքելու։ Վեց տարի հետո վերադառնում է՝ անապատին հանձնելով իր ժողովածը։ Այս ուղևորության ընթացքում Ղազար աբեղային ընկերակցում է Եվդոկեցի տիրացու Եղիան։ Վերջինս 1768 թվականին ճանապարհին՝ Հաշթարխանում (Աստրախան), Ղազար աբեղայի խնդրանքով ընդօրինակում է Հակոբ Վոռոճինի «Բանք Ոսկիականք» աշխատությունը (ՄՄ, ձեռ. 305) մի լավ բնօրինակից։ Ընդօրինակումն ավարտելուց հետո նա վախճանվում է։ Ղազար վարդապետը 1772 թվականին Լիմում գրում է ձեռագրի հիշատակարանը։ Նույն ձեռագրից էլ Լիմում նա կատարում է մեկ այլ ընդօրինակություն (ՄՄ, ձեռ. 304): Թեև այս մատյանում չի նշում իր անունը, գրչության վայրը և թվականը, սակայն ակնհայտ է, որ դա Ղազար աբեղայի ձեռքն է[67]։ 
  • Հովհաննես Բարականցի. 1762 թվական, Ժողովածու (ՄՄ, ձեռ. 1834), գրիչը Հովհաննես Մոկացու աշակերտն է և իր ուսուցչի շնորհած օրինակից է ընդօրինակում ձեռագիրը, որը բովանդակում է Առաքել Սյունեցու և Հովհաննես Երզնկացու գործերը. «… զհեզահոգի Մոկացի Յովաննէս աստուածաբան վարդապետն, որ նա իմ վարպետ, որ զգաղափարն շնորհեաց եւ այլ եւս բազում երախտիք ունի ի վերայ իմ»[68]։ 
  • Հովանես գրիչ. 1764 թվական, Պրոկղ Դիադոխոսի «Շաղկապք աստուածաբանականք», այս ձեռագիրը պահվում է Պետերբուրգում և տվյալների սակավության պատճառով չենք կարող ասել, սա նո՞ւյն Հովհաննես Բարականցին է, թե՞ այլ գրիչ[69]։  
  • Գրիգոր գրիչ. 1770 թվական, Գրիգոր Տաթևացու Մեկնությունները (ՄՄ, ձեռ. 5605), գրիչը Հովհաննես Մոկացու արժանավոր աշակերտն է և հիշատակարանում նշում է այս մասին. «... զվարպետն իմ Մոկացի Յովաննէս ճգնազգեաց վարպետն, որ հանգուցեալն ի Քրիստոս»[70]։ 
  • Հարություն գրիչ. 1771 թվական, Ժողովածու (ՄՄ, ձեռ. 1842). գրիչը Հովհաննես Մոկացու աշակերտներից է։ 
  • Կիրակոս աբեղա. 1771 թվական, Ժողովածու (ՄՄ, ձեռ. 7183), բովանդակում է աղոթքներ, տոմարական նյութեր, քարոզներ, մեկնություններ։ 
  • 18-րդ դարում անապատի միաբանների համար ընդօրինակվել է Կղեմաքոսի Սանդուղք գիրքը (ՄՄ, ձեռ. 5151): Թեև գրչության հիշատակարանում նշված չէ ո՛չ գրչի, ո՛չ էլ գրչության վայրի անուն, սակայն երկու տեղ գրիչը գրում է. «Յիշատակ է գիրս ի դուռն Լմայ մեծ սուրբ անապատին», «Յիշատակ է աստուածահաճոյ մատեանս, որ Սանդուխտ գիրք կոչի, ի դուռն Լմայ մեծ սուրբ անապատին»[71]։ Լիմին պատկանելու վերոնշյալ անմիջական արտահայտությունը, նաև այլ գրչության վայրի, անվան բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ ձեռագիրն ընդօրինակվել է մենաստանում։ 
  • Հակոբ վարդապետ Թոփուզյանց Վանեցի (1847 թվականին ստանձնել է Լիմի վանահայրությունը). 1823 թվականին նա լրացրել և կազմել է դեռևս 1805 թվականին Հակոբ Բաղիշեցու սկսած Ժողովածուն (ՄՄ, ձեռ. 5373)[72], 1830 թվականին երկու օրինակով Լիմ անապատի համար ընդօրինակել է Պետրոս Բերդումյանի «Աղբիւր բացեալ» աշխատությունը (ՄՄ, ձեռ. 4964 և 4974)։ 1833 թվականին նա ընդօրինակում է Հակոբ Սիմոնյան Կարնեցու «Մեկնութիւն Երգոց երգոյն» աշխատությունը (ՄՄ, ձեռ. 5461), 1840 թ.՝ Հարություն Եդեսացու նույնանուն աշխատությունը (ՄՄ, ձեռ. 5449), 1841 թվականին՝ Բարդուղիմեոս Մարաղացու և Պետրոս Արագոնացու երկերը (ՄՄ, ձեռ. 5375), 1845 թվականին՝ «Պատմութիւն Աղեքսանդրի Մակենդոնացւոյ» հայտնի գործը (ՄՄ, ձեռ. 5632): Անթվական է Հակոբ Թոփուզյանի ընդօրինակած մի Քարոզգիրքը (Սբ. Էջմիածին, ձեռ. 177): Նա հեղինակն է մի քանի արժեքավոր գործերի. նրան է պատկանում «Պարզաբանութիւն փոքր տրամանաբանութեան Կովտնոյ» աշխատությունը, որը ուսումնագիտական ձեռնարկ է եղել անապատի միաբանների համար։ Երկը մեզ է հասել 1832 թվականին գրված հեղինակային զույգ ինքնագրերով (ՄՄ, ձեռ. 5369, Երուսաղեմ, ձեռ. 2063): 1863 թվականին Հակոբ վարդապետը հեղինակել է «Բարոյագիտութիւն» գործը (Երուսաղեմ, ձեռ. 2778): Բավական արժեքավոր է Հակոբ վարդապետի 1870 թվականին հեղինակած «Զբօսարան» խորագրով աշխատությունը, որտեղ հեղինակը տալիս է Լիմ անապատի համառոտ պատմությունը (Երուսաղեմ, ձեռ. 2086)՝ սկսելով Ներսես Մոկացուց և հասցնելով մինչև նախորդ՝ Գաբրիել եպիսկոպոս Շիրոյան առաջնորդը։   
  • Հոհաննես գրիչ. 1814 թվական, Պետրոս Բերդումյան, «Աղբիւր բացեալ» (ՄՄ, ձեռ. 5409), Լիմի ստացող՝ Աբրահամ վարդապետ Կոստանդնուպոլսեցի։   
  • Աբրահամ վարդապետ Կոստանդնուպոլսեցի. 1822 թվական, Ներսես Շնորհալի, «Ողբ Եդեսիոյ» (ՄՄ, ձեռ. 5924):   
  • Հովակիմ վարդապետ Կարնեցին. 1823 թ., Ներսես Լամբրոնացի, «Քննութիւն կարգաց եկեղեցւոյ, Խորհրդածութիւնք» (ՄՄ, ձեռ. 5377), ստացող՝ ուսուցիչը Աբրահամ վարդապետ։ Նույն գրչից` 1823 թ., Պետրոս Բերդումյան, «Աղբիւր բացեալ» (ՄՄ, ձեռ. 5693), 1825 թ.` Ներսես Շնորհալի «Ողբ Եդեսիոյ» (ՄՄ, ձեռ. 5121):   
  • Հովհաննես աբեղա Կարնեցի. 1845 թ., Գրիգոր Փեշտըմալճյան, «Տրամաբանութիւն» (ՄՄ, ձեռ. 10292), ստացող` Լիմի վանահայր Հակոբ վարդապետ Թոփուզյան, նույն գրչից 1850 թ.` Պետրոս Բերդումյան, Քարոզգիրք (ՄՄ, ձեռ. 3765):   
  • Հակոբ մահտեսի դպիր Ղզլարեցի Շամախեցովյանը. 1847 թ.` Աղոթագիրք, (ՄՄ, ձեռ. 10170), 1847–1855 թթ.՝ Ժողովածու (ՄՄ, ձեռ. 9635), 1849 թ.` Աղեքսանդր Գալամաթո, «Անտառ նորագոյն մտածմանց», (ՄՄ, ձեռ. 5550), 1850 թ.՝ ժողովածու (ՄՄ, ձեռ. 5749), ստացող` Խաչատուր ավագ սարկավագ Փշավանցի, 1851 թ.՝ Ժողովածու (ոտանավորներ, տաղեր, ողբեր և այլ նյութեր) (Երուսաղեմ, ձեռ. 3572), 1854 թ.՝ Աղեքսանդր Գալամաթո, «Անտառ նորագոյն մտածմանց» (Երուսաղեմ, ձեռ. 2952)։   
  • 1848/9 թթ. Մխիթարյան հայրերից Ներսես վարդապետ Սարգիսյանը, այցելելով Լիմ, Կտուց անապատները և Վան քաղաքը, ընդօրինակում է Սարգիս Կունդի Ավետարանական Մեկնությունները՝ «Մեկնութիւն Ղուկասու եւ Յովհաննու» (Վենետիկ, ձեռ. 687), Եպիփան Կիպրացու երկերը (Վենետիկ, ձեռ. 669) և Եկեղեցու հայրերի գրվածքներից այլ ընտիր երկեր՝ «Հաւաքումն բանից նախնեաց» խորագրով (Վենետիկ, ձեռ. 678):    
  • Երեմիա Տեր-Սարգսյանց. 1855 թ., Հակոբ Թոփուզյան, «Տրամաբանութիւն» (ՄՄ, ձեռ. 5696): Նույն գրչից` Ժողովածու (ՄՄ, ձեռ. 4172), անթվական. բովանդակում է Ներբողյան նվիրված Աստվածածնին, Լիմ անապատին ընծայված գովք և վարքաբանություն։    
  • Բարդուղիմեոս Տիլոյան. 1856 թ., Պետրոս Բերդումյան, «Աղբիւր բացեալ» (ՄՄ, ձեռ. 4914), իսկ 1873 թ.՝ Ժողովածու (ՄՄ, ձեռ. 5035) Հակոբ վարդապետ Թոփուզյանի օրինակից. «Վերստին օրինակեալ ի սրբագրեալ յընտիր օրինակն ձեռագրութեան բազմերախտ հօրն մերոյ տեառն Յակոբայ սրբազան արքեպիսկոպոսի Թօփուզեան կոչիցելոյ վանահօր սուրբ անապատիս Լիմայ սրբոյն Գէորգայ»[73]։    
  • Հովսեփ վարդապետ Սոլախյան. 1858 թ., Հակոբ պատրիարք Նալյան, «Մեկնութիւն բարոյական փիլիսոփայութեան» (ՄՄ, ձեռ. 4863):   
  • Մինաս վարդապետ. 1864 թ., Գևորգ Եվդոկացի, Քարոզգիրք (ՄՄ, ձեռ. 3341):    
  • Իգնատիոս արքեպիսկոպոս Վանեցի. 1867 թ., Հակոբ վարդապետ Թոփուզյան, «Պարզաբանութիւն փոքր տրամանաբանութեան Կովտնոյ» (ՄՄ, ձեռ. 2645). ձեռագրում գրիչը չի նշում գրչության վայրը, սակայն կարող ենք ասել, որ Իգնատիոս արքեպիսկոպոսն այս ձեռագրի ընդօրինակման համար այցելել էր Լիմ։   
  • Պաղտասար վարդապետ Երևանցի. 1880 թ., Պետրոս Բերդումյան, Քարոզգիրք (ՄՄ, ձեռ. 6407): Պաղտասար վարդապետը Գևորգ գրչի հետ համատեղ, Քարոզգիրք (Սբ. Էջմիածին, ձեռ. 178), անթվական։   
  • Մատթեոս սարկավագ. 1869 թ., Քարոզգիրք (Սբ. Էջմիածին, ձեռ. 179), Պաղտասար վարդապետի պատվերով։   
  • Անթվական և առանց գրչության վայրի է Հովհաննես դպիրի ընդօրինակած «Կտակ աւագ ուրբաթու» խրատը (ՄՄ, ձեռ. 5477): Գրչի միակ հիշատակարանը հետևյալ երկտողն է. «Աշխատող սորայ Յոհաննէս դպրիս, Ծնողաց հոգոյն ասէք ողորմիս»[74]։ Ձեռագրի գրչության ենթադրյալ ժամանակը 19-րդ դարն է, բացի այդ, ձեռագիրը կրում է Լիմ անապատի կնիքը և պահվել է այնտեղ ընդհուպ մինչև 20-րդ դարասկիզբը. ուստի՝ ենթադրում ենք, որ գրչագրի ստեղծման վայրը Լիմն է։    

Պետք է նշել, որ Լիմը եղել է ձեռագրապահպանման խոշոր կենտրոն, ունեցել ընդարձակ ձեռագրապահոց։ Իսկ սա արդեն ենթադրում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ձեռագրերի կազմմանը և պահպանմանը։ Այն, որ Լիմում հատկապես 17–18-րդ դարերում զարգացած է եղել կազմարվեստը, փաստում են այնտեղ կազմված և մեզ հասած ձեռագրերը։ Ա. Մալխասյանը գրում է. «ԺԸ դարում Լիմում ստեղծվում են նաև գեղարվեստական արժեք ունեցող արծաթե կրկնակազմեր, որոնք պատրաստել են վարպետ Զիրաքը (1739 թ.), Օհանեսը (1756 թ.), մահտեսի Զաքարը, մահտեսի Գրիգորը (1760 թ.) և Հովսեփ վարդապետը (1765 թ.): …Լիմ անապատում ստեղծված արծաթե կրկնակազմերին բնորոշ է դրվագման գեղարվեստական մի ոճ, որը յուրահատուկ է իր միաստիճան բարձրությամբ, ընդհանրացումներով և զուսպ ու չափավոր զարդաքանդակներով»[75]։ Այս կրկնակազմերն ունեն նաև արձանագրություններ, որոնք ձեռագրերի հիշատակարանների պես տեղեկություններ են տալիս կազմող վարպետների, պատվիրատուների, կազմերի պատրաստման ժամանակի մասին։ Լիմ մենաստանը իր գործունեությունը դադարեցրել է Մեծ Եղեռնի հետևանքով։

Լիմ մենաստանից մեզ են հասել 102 ձեռագիր (86 պահպանված, 16 կորած)։ Գրչագիր ընդօրինակելու վերաբերյալ առաջին տեղեկությունը պատկանում է 884 թվականին, սակայն սա էլ միայն վկայություն է ճակատագիրն անհայտ մի մատյանի մասին։ Սկսած 14–16-րդ դարերից՝ արդեն պահպանվել են ամբողջական ձեռագրեր կամ գոնե դրանց նկարագրությունները, որոնք ներկայացնում են մենաստանի և նրա գործունեության մասին։ Այս դարաշրջաններից հասած ձեռագրերի նյութը թուղթն է, իսկ գիրը՝ բոլորգիրը, 17-րդ դարում օգտագործված է նաև նոտրգիրը, իսկ ավելի ուշ՝ շղագիրը։ Ձեռագրերը, ըստ բովանդակային պատկանելության, հիմնականում ավետարաններ են, սակայն ունենք նաև Աստվածաշունչ, մաշտոցներ, շարակնոցներ, գանձարաններ։ Այս ձեռագրերի ընդարձակ հիշատակարնները որոշակիորեն պարզաբանում են մենաստանի պատմությունը։ 17–19-րդ դարերում Լիմ անապատում բավական բուռն գիտամշակութային գործունեություն է ծավալվել, որի արգասիքներից են այնտեղ գրված, ծաղկված կամ կազմված տարբեր բովանդակություններ ունեցող տասնյակ ձեռագրերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արծրունի, Թովմա և Անանուն (2010). Պատմություն տանն Արծրունյաց. Անթիլիաս-Լիբանան: Մատենագիրք հայոց, հ. ԺԱ. էջ 309.
  2. Զաքարիա կաթողիկոսը 1305 թվականին Լիմի տաճարի վերաշինության և իր կողմից արված նվիրատվությունների մասին թողել է կալվածագիր մի ձեռագիր Մաշտոցում։ Թեև սույն Մաշտոցը չի պահպանվել, սակայն կալվածագրի երկու ընդօրինակություն է մեզ հասել՝ կատարված Օ. Բարաղամյանի և Ղ. Փիրղալեմյանի կողմից (ՄՄ, ձեռ. 6333, էջ 100–101, ձեռ. 4515, էջ 62–64), ինչպես նաև դրա պարսկերեն տարբերակը։ Կալվածագրի հայերեն բնագիրը տե՛ս Ա. Մաթևոսյան․ նշվ․ աշխ․, էջ 54–55, Հ. Փափազյան․ Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, Երևան, 1968, էջ 137–139, պարսկերեն բնագիրը թարգմանել և հրատարակել է Հ. Փափազյանը։
  3. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 3711, թ. 10բ, 92ա։
  4. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 3711, թ. 6բ։
  5. Մաթևոսյան, Ա․ (1966). Լիմ անապատի գրչության կենտրոնը ԺԳ–ԺԵ դարերում․. «Էջմիածին». էջեր 49–55.
  6. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, Թիֆլիս, 1915, կազմ. Ե. Լալայան, էջ 139–140, ձեռ. 76։
  7. ՄՄ, ձեռ. 3767, թ. 274բ։
  8. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ղ. Փիրղալեմյան․ Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6273, էջ 143, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ․՝ Լ. Խաչիկյան, Երևան, 1950, էջ 260։
  9. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ցուցակ ձեռագրաց Մշո Ս. Առաքելոց-Թարգմանչաց վանքի և շրջակայից, կազմ․՝ Սահակ Մուրատյան, Ն. Մարտիրոսյան, Երուսաղեմ, 1967, հ. 11, էջ 104։
  10. եռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է։ Ղ. Փիրղալեմյան․ նշվ. աշխ., տե՛ս ՄՄ, ձեռ․ 6273, էջ 108, նաև՝ ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, էջ 41։
  11. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է։ Ղ. Փիրղալեմյան․ նշվ․ աշխ. տե՛ս ՄՄ, ձեռ. 6273, էջ 116։
  12. ՄՄ, ձեռ. 192, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, էջ 113–114։
  13. ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. էջեր 67–68.
  14. Ձեռագիրը այժմ պահվում է Ժնևի Սբ. Հակոբ հայկական եկեղեցում։
  15. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վենետիկ, հ. Ե. Վենետիկ– Ս. Ղազար կղզի: կազմ.` Ս. Ինճիճյան. 1995. էջեր 295–308.
  16. ՄՄ, ձեռ. 4624, թ. 288բ–9ա։
  17. Նույն տեղում, թ. 136բ։
  18. 18,0 18,1 ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա. Երևան: կազմ.` Լ. Խաչիկյան. 1955. էջեր 499–500.
  19. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Բ. Երևան: կազմ.` Լ. Խաչիկյան. 1958. էջ 43.
  20. Նույն տեղում, էջ 39։
  21. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է․ «Նոտարք Հայոց». Կ. Պոլիս: Ղևոնդ Փիրղալեմյան. 1888. էջեր 174–176.
  22. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Բ, էջ 40–4։
  23. ՄՄ, ձեռ. 4472, թ. 667ա։
  24. Նույն տեղում, թ. 632ա։
  25. ՄՄ, ձեռ. 6043, թ. 227բ-8ա։
  26. Նույն տեղում։
  27. Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Հակոբյանց, հ. Բ, ձեռ. 289. Երուսաղեմ (Ձեռագրի գրության վայրը և թվականը նշված են կռնակին փակցված թղթին): կազմ.՝ Ն. Պողարյան. 1967. էջ 117.
  28. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Գ. Երևան: կազմ.՝ Օ. Եգանյան. 2007. էջ 1376.
  29. Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Հակոբյանց, հ. Բ, ձեռ. 302, էջ 146։
  30. Ղ. Փիրղալեմյան. Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6332, էջ 240։ Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է։
  31. Սույն հիշատակությունը բովանդակող Մաշտոց մատյանը կորած է, ընդօրինա- կությունը պահպանել է Օ. Բարաղամյանը. տե՛ս ՄՄ, ձեռ. 6333, էջ 101–102:
  32. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, ձեռ. 272, էջ 651–654։
  33. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, ձեռ. 272, էջ 651–654:
  34. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է. տե՛ս Ղ. Փիրղալեմյան. Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6332, էջ 270–272:
  35. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վենետիկ, հ. Գ. Վենետիկ – Ս. Ղազար: կազմ.` Բ. Սարգիսյան, Գ. Սարգսյան. 1966. էջեր 383–390.
  36. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ե, ձեռ. 1474. Երևան: կազմ.՝ Օ. Եգանյան. 2009. էջեր 648–649.
  37. Ակինյան, Ներսես (1910). Զաքարիա եպիսկոպոս Գնունյանց և յուր տաղերը. Վիեննա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  38. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է։ Ղ. Փիրղալեմյան. Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6332, էջ 297–298
  39. Ձեռագրերը Մեծ եղեռնի ժամանակ կորել են. տե՛ս նույն տեղում, էջ 314–315, 319։
  40. ՄՄ, ձեռ. 5011, թ. 305ա։
  41. ՄՄ, ձեռ. 5346, թ. 452աբ։
  42. 42,0 42,1 Ղ. Փիրղալեմյան. Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6332, էջ 310– 311: Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է
  43. Դավրիժեցի, Առաքել (1990). Գիրք Պատմությանց. Երևան: աշխ. Լ. Խանալարյանի. էջ 218.
  44. Դոլուխանյան, Աելիտա (1975). Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  45. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Զ. Երևան: խմբ.՝ Գ. Տեր-Վարդանյան. 2012. էջեր 1393–1394.
  46. ՄՄ, ձեռ. 5772, թ. 186բ, 34բ։
  47. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, մասն Գ. Երևան: կազմ.՝ Վ.Հակոբյան. 1984. էջ 250.
  48. ՄՄ, ձեռ. 4795, թ. 447ա, 517բ։
  49. Նույն տեղում, էջ 299։
  50. Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Հակոբյանց, հ. Ե. Երուսաղեմ: կազմ.՝ Նորայր Պողարյան. 1971. էջեր 480–482.
  51. 51,0 51,1 Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, մասն Գ. էջեր 478–479.
  52. ՄՄ, ձեռ. 10697: Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, էջ 886–887, ձեռ. 380։
  53. ՄՄ, ձեռ. 5637, թ. 304բ-6ա։ Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, ձեռ. 381, էջ 887–890:
  54. ՄՄ, ձեռ. 5637, թ. 34բ։
  55. ՄՄ, ձեռ. 5637, թ. 306ա։ Ավետիս երեցի ընդօրինակած առաջին ձեռագիրը կորել է։
  56. ՄՄ, ձեռ. 4836, թ. 250բ, 348ա։
  57. 57,0 57,1 Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա. Երևան: կազմ.՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան. 1984. էջեր 173–180.
  58. Սույն ձեռագիրը 1609 թ. գրված մեկ այլ Ժողովածուի հետ մեկ կազմի մեջ է (Մայր ցուցակ ձեռագրաց սրբոց Հակոբյանց, հ. Զ, կազմ.` Ն. Պողարյան, Երուսաղեմ, 1972, էջ 102–105):
  59. ՄՄ, ձեռ. 5049, թ. 235ա։
  60. Ձեռագիրը Մեծ եղեռնի ժամանակ կորել է։ Ղ. Փիրղալեմյան. Նշխարք պատմության հայոց. տե՛ս ՄՄ, ձեռ. 6332, էջ 499։
  61. 61,0 61,1 5 ՄՄ, ձեռ. 5747, թ. 252աբ։
  62. Տե՛ս Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց, կազմ.՝ Ն. Պողարյան հ. Զ, Երուսաղեմ, 1972, էջ 40։
  63. Տե՛ս նույն տեղում, հ. Բ, Երուսաղեմ, 1967, էջ 549։
  64. Տե՛ս նույն տեղում, հ. Ը, Երուսաղեմ, 1977, էջ 234։
  65. Ձեռագիրը XVIII դարին պատկանող մեկ այլ ձեռագրի հետ մեկ կազմի մեջ է։
  66. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Զ, էջ 1014։
  67. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ. Երևան: կազմ.՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան. 2004. էջեր 11–16.
  68. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Զ, էջ 118
  69. Православный палестинский сборник, вып. 104 (Инст. Востоковедения, Армянский фонд, рукопись 35). К. Юзбашян. էջ 79.
  70. ՄՄ, ձեռ. 5605, թ. 243բ։
  71. ՄՄ, ձեռ. 5151, էջ 494 (ձեռագիրն էջակալված է)։
  72. ՄՄ, ձեռ. 5373, թ. 87ա։
  73. ՄՄ, ձեռ. 5035, թ. 29բ։
  74. ՄՄ, ձեռ. 5477, թ. 7ա։
  75. Ա. Մալխասյան. Վասպուրականի կազմարվեստի պատմությունից.– «Էջ- միածին», 2004, -Զ, էջ 84–85, 88: Հեղինակ-ուսումնասիրողն առանձնացրել է թվով 7 ձեռագիր, որոնց կրկնակազմերը պատրաստվել են Լիմում XVIII դարում (ՄՄ, ձեռ. 5638, 5645, 5646, 5649, 5650, 5653, 5680):

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյան, Լուսինե (2014) Լիմ մենաստանի ձեռագրական ժառանգությունը. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 163–183. ISBN 0135-0536
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: