Լիկվիդայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիկվիդայնությունը ( լատին․՝ liquidus — լուծվող) տնետսագիտական եզրույթ է, որը ցույց է տալիս ակտիվների՝ շուկայական գնին մոտ գնով արագ վաճառվելու հատկությունը։ Լիկվիդային նշանակում է փողի վերածվող[1]։ Սովորաբար տարանջատում են արագ բարձր լիկվիդային, ցածր լիկվիդային և ոչ լիկվիդային արժեքներ (ակտիվներ)։ Որքան հեշտ և արագ է կարելի ակտիվը փոխանակել նրա ամբողջական արժեքով, այնքան ավելի լիկվիդային է այն համարվում։ Ապրանքի համար լիկվիդայնությունը կհամապատասխանի դրա՝ անվանական արժեքով իրացման արագությանը՝ առանց հավելյալ զեղչերի։ «Լիկվիդայնություն» եզրույթը օգտագործվում է նաև բանկերի, ձեռնարկությունների, շուկայի, արժեթղթերի և այլնի դեպքում։ Հասկացությունը՝ ըստ վերոնշյալ կոնտեքստներից յուրաքանչյուրի՝ բացատրված է ստորև։

Ձեռնարկության լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկության ֆինանսական վիճակի վերլուծության խնդիրներից մեկն է հանդիսանում դրա վճարունակության և լիկվիդայնության գնահատումը։ Լիկվիդայնության գնահատման միջոց են հանդիսանում լիկվիդայնության գործակիցները։ Դրանք ֆինանսական ցուցանիշներ են, որոնք հաշվարկվում են ձեռնարկության հաշվետվությունների հիման վրա ընկերության ընթացիկ ակտիվների հաշվին ընթացիկ պարտավորությունները մարելու անվանական հնարավորությունները որոշելու համար։ Գործնականում լիկվիդայնության գործակիցների հաշվարկը կատարվում է հաշվապահական հաշվեկշռի մոդիֆիկացման հիման վրա, որի նպատակն է այս կամ այն ակտիվների լիկվիդայնության բավարար գնահատումն է։ Գործնականում կիրառվում են ակտիվների լիկվիդայնության չորս խմբեր.

  • А1 — առավել լիկվիդային ակտիվներ,
  • А2 — արագ իրացվող ակտիվներ,
  • А3 — դանդաղ իրացվող ակտիվներ,
  • А4 — դժվար իրացվող ակտիվներ[2]։

Այս բաժանումը կատարվում է կազմակերպության լիկվիդայնության կամ հաշվապահական հաշվեկշռի լիկվիդայնության որոշման համար։ Դրա համար ֆինանսավորման աղբյուրները բաժանվում են 4 խմբի.

  • П1 — ամենաշտապ պարտավորություններ,
  • П2 — կարճաժամկետ պարտավորություներ,
  • П3 — երկարաժամկետ պարտավորություներ,
  • П4 — մշտական պարտավորություներ[2]։

Ձեռնարկությունը լիկվիդային է, եթե А1>П1, А2>П2, А3>П3, А4<П4։ Այս խմբերի հիման վրա հաշվարկվում են լիկվիդայնության գործակիցները։

Ընթացիկ լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ լիկվիդայնության գործակիցը (անգլ.՝ Current ratio, CR) ֆինանսական գործակից է, որը հավասար է ընթացիկ (շրջանառու) ակտիվների և կարճաժամկետ պարտավորությունների (ընթացիկ պարտավորությունների) հարաբերությանը։ Սրանց աղբյուրն է հանդիսանում ընկերության հաշվապահական հաշվեկշիռը(Ձև 1)։

Ктл = (ОА — ЗУ) / КО

Կամ՝

К = (А1 + А2 + А3) / (П1 + П2)[3]

Գործակիցը արտահայտում է ընկերության հնարավորությունները մարելու ընթացիկ(կարճաժամկետ) պարտավրությունները միայն շրջանառում ակտիվների հաշվին։ Որքան մեծ է գործակիցը, այնքան ավելի բարձր է ընկերության վճարունակությունը։ Հաշվի առնելով ակտիվների լիկվիդայնությունը, կարելի է ենթադրել, որ ոչ բոլոր ակտիվները կարելի է իրացնել արագությամբ։ Գործակցի նորման համարվում է 1.5-2.5 միջակայքը՝ կախված գործունեության ճյուղից։ Մեկ տոկոսից ցածր ցուցանիշը վկայում է բարձր ռիսկայնության մասին՝ կապված նրա հետ, որ ընկերությունը ի վիճակի չէ հաստատուն կերպով վճարել ընթացիկ հաշիվները։ 3-ից մեծ գործակիցը կարող է վկայել կապիտալի ոչ ռացիոնալ կառուցվածքի մասին։

Բարձր լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր(արագ, շտապ) լիկվիդայնության գործակիցը (անգլ.՝ Current ratio, QR) ֆինանսական գործակից է, որը հավասար է բարձր լիկվիդայնություն ունեցող ընթացիկ ակտիվների և կարճաժամկետ պարտավորությունների (ընթացիկ պարտավորությունների) հարաբերությանը։ Սրանց աղբյուրը ևս հանդիսանում է ընկերության հաշվապահական հաշվեկշիռը, սակայն այստեղ ակտիվների կազմում չեն ընդգրկվում նյութական արտադրական պաշարները, քանի որ դրանց հարկադրական ռեալիզացման դեպքում կստացվեն բոլոր շրջանառու միջոցներից առավելագույն կորուստները։

Բացարձակ լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ լիկվիդայնության գործակիցը ֆինանսական գործակից է, որը ցույց է տալիս դրամական միջոցների և կարճաժամկետ ֆինանսական ներդրումների հարաբերությունը կարճաժամկետ պարտավորություններին(ընթացիկ պարտավորություններին)։ Սրանց աղբյուրը ընկերության հաշվապահական հաշվեկշիռն է, ինչպես ընթացիկ լիկվիդայնության դեպքում, սակայն ակտիվների կազմում ներառվում են միայն դրամական միջոցները և դրանց համարժեք միջոցները։ Համարվում է, որ գործակցի նորման պետք է լինի 0.2-ից ոչ պակաս, այսինքն ամեն օր կարող են վճարվել կարճաժամկետ պարտավորությունների 20%-ը։ Գործակիցը ցույց է տալիս, թե կարճաժամկետ պարտավորությունների որ մասը կարող է ֆիրման մարել մոտական ժամանակում։

Շուկայի լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան համարվում է բարձր լիկվիդային, եթե այնտեղ կանոնավոր կերպով իրականացվում են առքուվաճառքի բավարար քանակությամբ գործաքրներ տվյալ շուկայում շրջանառվող ապրանքների գծով և առաջարկի ու պահանջարկի գնային տարբերությունը մեծ չէ։ Ամեն մի առանձին գործարք այդպիսի շուկայում չի կարող էական ազդեցություն ունենալ ապրանքի գնի վրա։

Արժեթղթերի լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնդային շուկայի լիկվիդայնությունը սովորաբար գնահատում են իրականացվող գործարքների քանակով (առևտրի ծավալ) և սփրեդի (անգլ. spread) մեծությամբ, որը ցույց է տալիս գնման համար ներկայացված առավելագույն գների և վաճառքի համար տրված նվազագույն գների տարբերությունը։ Որքան շատ են գործարքները և փոքր է սփրեդի տարբերությունը, այնքան մեծ է լիկվիդայնությունը։ Գոյություն ունի գործարնքների կնքման երկու հիմնական սկզբունք.

  • գնանշումային- սեփական հայտերի ներկայացում գնման կամ վաճառքի համար՝ նշելով ցանկալի գինը,
  • շուկայական- հայտերի ներկայացում հենց այդ պահին կատարման համար առաջարկի կամ պահանջարկի ներկա գներով։

Գնանշումային հայտերը ձևավորում են շուկայի ակնթարթային լիկվիդայնություն՝ թույլ տալով առևտրի մնացած մասնակիցներին ժամանակի ցանկացած պահին գնել կամ վաճառել ակտիվների որոշակի քանակություն։ Խնդիրը կլինի գինը, որով կարելի է իրականացբել գործարքը։ Որքան շատ են առքուվաճառքի ենթակա ակտիվի գնանշումային հայտերը, այնքան մեծ է դրա ակնթարթային լիկվիդայնությունը։ Շուկայական հայտերը կազմում են շուկայի առևտրային լիկվիդայնությունը՝ թույլ տալով առևտրի մյուս մասնակիցներին գնել կամ վաճառել ակտիվների որոշակի քանակություն ցանկալի գնով։ Այստեղ խնդիրը կլինի ժամանակը, թե երբ կիրականան գործարքը։ Որքան շատ են լինում շուկայական հայտերը, այնքան մեծ է դրա առևտրային լիկվիդայնությունը։

Փողի լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի հետ կապված լիկվիդայնությունը որպես վճարելամիջոց օգտագործվելու հնարավորությունն է և ունակությունը՝ պահպանել իր անվանական արժեքը անփոփոխ։ Սովորաբար փողն ունի ամենաբարձր լիկվիդայնությունը կոնկրետ տնտեսական համակարգի սահմաններում։ Բայց միշտ չէ, որ փողը կարող է արագ փոխանակվել ապրանքի հետ։ Օրինակ՝ կենտրոնական բանկերի պահուստային պահանջները թույլ չեն տալիս շրջանառության մեջ դնել բոլոր բանկային միջոցները։ Պահուստային ֆոնդերի մեծացումը կամ փոքրացումը պահում կամ բաց են թողում փողի համապատասխան քանակություն[4]։

Բանկի լիկվիդայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բանկը տալիս է վարկ, փոքրանում է բանկում պահվող փողի քանակը։ Որքան շատ միջոցներ են տրված, այնքան ավելի եծ է ռիսկը, որ դեպոզիտի վերադարձման համար գումարը կարող է չհերիքել։ Այդ դեպքում խոսքը բանկի լիկվիդայնության նվազման մասին է։ Դրա բարձրացման համար են ծառայում պարտադիր պահուստները։ Բանկը նաև կարող է դիմել Կենտրոնական բանկին ժամանակվոր վարկի խնդրանքով, որը կարող է դիտարկվել որպես «լրացուցիչ լիկվիդայնություն»։ Բանկերում ավելորդ լիկվիդայնության առկայությունը դրդում է նրանց միջոցների տեղաբաշխման, այդ թվում՝ արժեթղթերի։ Բանկային լիկվիդայնության նվազումը կարող է հանգեցնել ակտիվների մի մասի վաճառքին, օրինակ՝ արժեթղթերի[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տնտեսագիտություն», Ջ. Դ. Գոռթնի, Ռ. Լ. Ստրոուպ, 1999 թ.
  • «Շուկայական տնտեսության հիմունքներ», Ա. Սաֆարյան, Ռ. Մարկոսյան, Երևան 2002 թ.
  • «Տնտեսագիտություն բոլորի համար», Ա. Մարկոսյան, Երևան 2001 թ.
  • «Փողի շուկան», Վ. Օրդուխանյան, Երևան 2004
  • «Տնտեսագիտության տեսություն», Ռ. Ա. Թովմասյան, Երևան 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տնտեսագիտություն բոլորի համար», Ա. Մարկոսյան, Երևան 2001 թվական
  2. 2,0 2,1 «Տնտեսագիտություն», Ջ. Դ. Գոռթնի, Ռ. Լ. Ստրոուպ, 1999 թ., էջ 285
  3. «Տնտեսագիտություն բոլորի համար», Ա. Մարկոսյան, Երևան 2001 թ., էջ 156
  4. «Փողի շուկան», Վ. Օրդուխանյան, Երևան 2004, էջ 28
  5. «Տնտեսագիտության տեսություն», Ռ. Ա. Թովմասյան, Երևան 2004