Լիզինգ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լիզինգը իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում և լիզինգային պայամանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով վերջինիս փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով: Լիզինգը ներդրումային գործունեության ձև է, որը ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքների տեսանկյունից շատ մոտ է վարկին, սակայն իրավաբանորեն լիզինգը վարկի տրամադրում չի կարող համարվել:

Ներդրումների Ֆինանսավորման այս ձևը գրավիչ է և´ վարձատուի, և´ վարձակալի համար: Այն վարձատուին թույլ է տալիս փոքրացնել ակտիվային գործառնությունների ռիսկը, քանի որ լիզինգի պայամանագրի ընթացքում նա շարունակում է մնալ լիզինգի առարկայի սեփականատերը և և վարձակալի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է իրացնել այդ առարկան: Վարձակալին լիզինգը թույլ է տալիս զգալիորեն կրճատել կապիտալ ներդրումները, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից: Լիզինգը շատ արդյունավետ ֆինանսական գործիք է, որը ընկերություններին հնարավորություն է տալիս շատ արագ նորացնել հիմնական միջոցները, նվազեցնել հարկային և գործառնական ծախսերը: Հայաստանի Հանրապետությունում լիզինգային գործարքները կնքվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով, իսկ պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության մասին օրենքով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 60-ի` ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն: ֆինանսական վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: