Լիդերության տիպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիդեր, մարդկանց մոտիվացնելու, ուղղություն ցույց տալու և ծրագրեր իրականացնելու ոճ և եղանակ։

Լիդերության տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գիտության մեջ գոյություն ունեն բազմաթիվ փորձեր առանձնացնելու և կառուցելու լիդերության տիպերը։ Հետազոտողներից առաջինը Ե. Ս. Բոգարդուսն էր նշել հետևյալ տիպերը՝

  1. Ինքնակալ- ուժեղ է կազմակերպության մեջ։ Հենց այսպիսի լիդերներն են կարողանում շատ արդյունավետ կերպով կազմակերպել խմբի աշխատանքը և ցանկացած կազմակերպչական աշխատանք նրանց հաջողվում է իրագործել։
  2. Դեմոկրատական- խմբի շահերը ներկայացնող։ Ցանկացած լիդեր, ով ղեկավարում է դեմոկրատական ոճով, արդեն իսկ հաջողության ճանապարհով է գնում, քանի որ միայն այդ պարագայում են ներկայացվում խմբի անդամների շահերը։
  3. Կատարողական- ինչ-որ տեսակի աշխատանք կատարող։ Այս տիպի լիդերները չեն գերագնահատում իրենց դիրքը և պատրաստ են յուրաքանչյուր հարցում աջակցել խմբին և կատարել ցանկացած աշխատանք, որը բխում է խմբի շահերից և ուղղված է ի նպաստ ընդհանուր նպատակներին հասնելուն։
  4. Ռեֆլեքսիվ-ինտելեկտուալային- կարողունակ չէ կառավարել մեծ խումբ։ Երբեմն իրոք մենք կարող ենք նկատել, որ կան այնպիսի լիդերներ, որոնք առաջնորդվում են ռեֆլեքսիվ-ինտելեկտուալային գործոնով։ Այդպիսի լիդերները ուղղակի ի զորու չեն կառավարել մեծ խմբեր, նրանց ավելի հարմար է աշխատել ինտելեկտուալ անձանց հետ։

Հետագայում մեկ այլ հեղինակ՝ Ֆ. Բարտլետտը լիդերության տիպերը ներկայացրեց հետևյալ ձևով՝

  1. Ինստիտուցիոնալ տիպ- իր զբաղեցրած դիրքի համար լիդեր
  2. Դոմինանտող տիպ- ընդունում և պահպանում է իր դիրքը ուժի և ներազդելու կարողության շնորհիվ )
  3. Համոզող տիպ- ներազդում է ենթակաների տրամադրության վրա և դրդում է նրանց գործունեություն կատարելուն։

Մեկ այլ մոտեցում Ջ. Վ. Գետցելի և Ե. Գ. Գուբայի կողմից՝

  1. «Օրենսդրական լիդերություն», երբ դերերը և սպասումները սահմանում են հասարակական համակարգերում գործունեության նորմատիվային չափումները,
  2. «Գաղափարագրական լիդերություն», որի դեպքում անհատների պահանջմունքները և նախատրամադրվածությունները սահմանում են խմբային գործունեության անձնային չափումները,
  3. « Համադրական, սինթետիկ լիդերություն », այս դեպքում այն հարթեցնում, հաշտեցնում է կոնֆլիկտող կողմերին։

Վ. Բելլը, Ռ. Ջ. Հիլլը և Ս. Վ. Միլլզը դիտարկում են հետևյալ տիպերը՝ 1. « Ձևական» - տվյալ լիդերները գործում են պաշտոնական դիրքերում, 2. « Հայտնի» - համարվում են ազդեցիկ հասարակության մեջ, 3. « Ազդեցիկ» - իսկապես ազդեցություն գործող, 4. «Հասարակական» - ինքնագործողական կազմակերպություններում ակտիվ մասնակցություն ցուցաբերող։ Մ. Կոնվեյը ուսումնասիրել է ամբոխի լիդերներին և առանձնացրել է 3 լիդերային դերեր։ Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին՝

  • Դրանք առաջնորդներն են, պարագլուխները, որոնք ձգտում են <տանել, քաշել> ամբոխին, որը գտնվում է հիպնոտիկ էքստազի մեջ, և ձգտում են տանել այն իր ետևից՝ իրենց իսկ ընտրած ճանապարհով, օրինակ Նապոլեոնը։
  • Ամբոխի ներկայացուցիչը, որը արտահայտում է ժողովրդի կողմից ընտրված <ճիշտ> կարծիքները, օրինակ Ռուզվելտը։
  • Կարծիքների մեկնաբան, որը ձգտում է արտաբերել, ասել այն, ինչը աղոտ կերպով զգում է ամբոխը, նրա թաքնված վախերը և անհանգստությունները։

Իհարկե չի կարելի չնշել Մ. Վեբերի կողմից առաջարկած քաղաքական լիդերի տիպերը և կնշենք միայն լիդերային լեգիտիմության 3 տիպ՝

  1. Լեգալ (օրինական) լեգիտիմություն- այստեղ ենթարկումները հանդիսանում են օրինական կերպով հաստատված կանոնակարգի հետևանք և դուրս չեն գալիս կազմակերպության ֆորմալ իշխանության շրջանակներից։ Սա պաշտոնի, «աթոռի» իշխանությունն է, «բյուրոկրատային» տիպ է և համապատասխանաբար էլ այդպիսի լիդերության ոճը։ Մարդիկ ենթարկվում են բյուրոկրատին, քանի որ իրենց անզոր են զգում իշխանության բազմաթիվ ատրիբուտների առջև։
  2. Ավանդական լեգիտիմություն- սրա հիմքը կազմում է խորը արմատային հավատը դեպի հին ավանդույթները և ղեկավարողների ստատուսի լեգիտիմությունը։ Ենթարկումը այս դեպքում հանդիսանում է անձնային պատկանելիության արտահայտում և սահմանվում է որոշակի պարտականությունների շրջանով։ Սա լիդերության «ավանդական» տիպն է, միապետի իշխանություն է, որը նա ստանում է ավտոմատ կերպով, առանց արտահայտելու սեփական կարողությունները։
  3. Խարիզմատիկ լեգիտիմություն- սրա աֆֆեկտիվ հիմքը տանում է դեպի անհատի յուրատիպ պատկանելիությանը և բացառիկ սրբությանը, հերոսությանը և օրինակելի բնավորությանը։ «Խարիզման» դա այն դրոշն է, որը իր ձեռքերում տանում է այն մարդը, որը ղեկավարում է, գլխավորում է ինչ-որ մասսայական շարժումը։ Ենթարկվելով, մարդիկ այնքան էլ չեն գնում անձի ետևից, ինչքան որ իր խարիզմայի ետևից։ Խարիզմատիկ լիդերի իշխանությունը սիմվոլի իշխանություն է և, միաժամանակ, այն պահի, երբ այդ սիմվոլը կբարձրացվի ամբոխի վրա։ Դա վառ անհատի իշխանությունն է, ինչպես այն դրոշի վառ լինելը, որը նա տանում է։ Այդպիսի իշխանությունը ֆանատային է, բայց իրավիճակային։ Կփոխվի իրավիճակը, կստեղծվի ուրիշ պահ, և այդպիսի լիդերը կարող է շատ արագ կորցնել իր ազդեցությունը։

Նշենք նաև, որ ուսումնասիրելով լիդերության տիպերը պետք է նաև անդրադառնալ քաղաքական գործչի «Ես» կոնցեպցիային, որը համապատասխանում է ընկալման, պատկերացումների և զգացմունքների ընդհանուր քանակին ինքն իր հանդեպ։ Դրանք կարող են շատ կամ քիչ ձևով արտահայտված լինել «Ես» պատկերի մեջ, որում տարբեր հեղինակներ առանձնացնում են այնպիսի մասեր, ինչպիսիք են ֆիզիկական Ես-ը, սեքսուալ Ես-ը, ընտանեկան Ես-ը, սոցիալական Ես-ը, հոգևոր Ես-ը, ստեղծագործ Ես-ը և կոնֆլիկտային Ես-ը։ Հարկ է նշել, որ քաղաքական գործչի Ես-ը բնութագրում է իր ինտեգրացված սուբյեկտիվությունը քաղաքական ինքնաիրականացման մեջ։ Գիտենք, որ մարդու ձգտման հիմքում ճիշտ գնահատել իր կարծիքը և կարողությունները, համեմատելով այլ մարդկանց հետ, ընկած է պահանջմունք ունենալ հստակ և սահմանված Ես կոնցեպցիա։ Սոցիալական համեմատության գործընթացի միջոցով մարդու մոտ սկսվում է Ես-ի դիտարկումը այլ կողմերից։ Հաստատված է, որ այն մարդիկ, ովքեր ունեն Ես կոնցեպցիայի բարդ կառուցվածք, ձգտում են որոշում կայացնելուց առաջ ստանալ մաքսիմալ տեղեկատվություն, քան այն մարդիկ, որոնք ունեն Ես-ի պարզ կառուցվածք։ Քանի որ Ես կոնցեպցիայի բարդությունը կապված է ընկալման նմանությունից այլ մարդկանց հետ, ապա բարդ Ես կոնցեպցիայով քաղաքական գործիչները ավելի հավանական է, որ ընդունեն ինֆորմացիան ուրիշներից։ Այդպիսի քաղաքական գործիչները միտում ևնեն ասսիմիլյացիայի ենթարկել (յուրացնել) ինչպես դրական, այնպես էլ բացասական ինֆորմացիան, և այդպիսով իրավիճակին հակազդում է հետադարձ կապով։ Միևնույն ժամանակ որքան բարձր է ինքնագնահատականը քաղաքական գործչի մոտ, այնքան ավելի վատ են նրանք ռեակցիա տալիս իրավիճակին, այնքան ցածր է նրանց ռեակտիվությունը։ Ռ. Զիլլերը և նրա կոլեգաները մշակել են քաղաքական լիդերների անձնային տիպերը՝ հիմք ընդունելով ինքնագնահատականի և Ես կոնցեպցիայի հետազոտությունները։

  1. Ապաքաղաքական տիպ- բարձր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի բարդություն։ Նրանք յուրացնում են նոր ինֆորմացիան առանց որևէ սպառնալիքի Ես-ի համար, բայց նրանց ռեակտիվության համար գոյություն ունեն լուրջ սահմանափակումներ։ Նրանք իրենց զգում են մեկուսացած ուրիշներից և դժվարությամբ են հակազդում իրենց հետևորդներին։
  2. Պրագմատիկ տիպ (քաղաքականության մեջ ավելի հաջողված տիպ), ցածր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի բարդություն։ Պատասխանատու է սացիալական ստիմուլների լայն շրջանակի համար։ Նրանք լսում են ուրիշների կարծիքները և վերափոխում են իրենց քաղաքական վարքը հետադարձ կապով։
  3. Գաղափարախոս տիպ- բարձր ինքնագնահատական + Ես կոնցեպցիայի պարզ կառուցվածք, չի լսում ուրիշի կարծիքները։ Նրանց ճանաչողական գործընթացները և վարքը շատ դաժան են, իսկ ինքնագնահատականը՝ չափազանց ստաբիլ։
  4. Ոչ դետերմինացված տիպ- ցածր ինքնագնահատական + ցածր կառուցվածքով Ես կոնցեպցիա, որը ուժեղ հակազդում է սոցիալական ստիմուլների նեղ շրջանակին։

Եթե քաղաքական լիդերի ինքնագնահատականը ցածր է, ապա անգոհունակությունը ինքն իր նկատմամբ կարող է շարժիչ ուժ լինել, որը դրդում է նրան իր վարքի արտաքին և ներքին ոլորտի նորանոր արգելքների։ Բարձր ինքնագնահատականով լիդերները չեն նկատում ռեակցիաները իրենց վարքի վերաբերյալ, վայելում են սեփական հաջողությունները։ Կամ էլ բախվում են քննադատությանը, խիստ տառապում են ոչ ադեկվատության աֆֆեկտից։ Ադեկվատ ինքնագնահատականով լիդերների քաղաքականությունը ուղղորդված չէ ինքնահաստատման ձգտմանը, հետադարձ կապը գործում է ստաբիլ։ Այդպիսի քաղաքական լիդերը հարգանքով և բարձր է գնահատում այլ լիդերներին։ Եվ իհարկե նշենա նաև լիդերության տիպաբանության կլասիկ, դասական մոդելը՝

  • Ավտորիտար,
  • Դեմոկրատական,
  • Լիբերալ-անարխիկ,
  • Ոչ հետևողական կամ ալոգիկ։

Ավտորիտար ոճին հատուկ է այն, որ կազմակերպությունում բոլոր որոշումները ընդունվում են մեկ անձի՝ ղեկավարի կողմից, որը նաև խիստ հսկողություն է սահմանում իր կողմից ընդունված որոշումը իրագործողների վրա պատժի սպառնալիքով։ Այստեղ ղեկավարին չի հետաքրքրում աշխատողի անձնային առանձնահատկությունները։ Անընդմեջ հսկողության պայմաններում ավտորիտար ոճը ապահովում է բավականին ընդունելի արդյունք՝ եկամուտ, արտադրողականություն, արտադրանքի բարձր որակ։ Սակայն հոգեբանության տեսանկյունից կարելի է ասել, որ ավտորիտար ոճը պայմանավորում է որոշումների երբեմն անհամապատասխան ընդունումների մեծ հավանականություն, նորամուծությունների բացակայություն, նախաձեռնողականություն և ստեղծագործականության ճնշում, աշխատակիցների պասիվություն, չբավարարվածություն սեփական աշխատանքից և սեփական դիրքից կոլեկտիվում։ Այստեղ կարող է տիրել անբարենպաստ հոգեբանական մթնոլորտ, որը կարող է առաջացնել սթրեսային լարվածություն։ [3]

  1. Կառավարման դեմոկրատական ոճը համարվում է ավելի արդյունավետ, քան նախորդը։ Այստեղ որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում նաև բոլոր աշխատակիցների կարծիքները, և յուրաքանրյուր արխատակցի կողմից կատարված աշխատանքը հսկվում է թե՛ ղեկավարի, թե՛ մյուս աշխատակիցների կողմից։ Ղեկավարը ուշադիր է աշխատակիցների նկատմամբ, բարյացակամ է, հաշվի է առնում նրանց հետաքրքրությունները, առանձնահատկությունները, պահանջմունքները։ Այս ամենի շնորհիվ կազմակերպությունում տիրում է բարենպաստ հոգեբանական մթնոլորտ։ Դեմոկրատական ոճի ռեալիզացիան անհամեմատ բարդ գործընթաց է և հնարավոր է միայն ղեկավարի բարձր ինտելեկտուալ, կազմակերպչական, հոգեբանական-կոմունիկատիվ ընդունակությունների շնորհիվ։
  2. Կառավարման հաջորդ ոճը լիբերալ-անարխիկ ոճն է, կամ այլ կերպ ասած նեյտրալ, չեզոք ոճը։ Այն առանձնահատուկ է նրանով, որ մի կողմից կազմակերպության անդամները իրավունք ունեն, կարող են արտահայտել սեփական դիրքորոշումները, որոնք, սակայն չեն համաձայնեցվում մեկը մյուսի հետ, այսինքն՝ աշխատակիցների միջև չկա համագործակցում, մյուս կողմից կայացրած որոշումները չեն ռեալիզացվում, քանի որ ղեկավարի կողմից չկա հսկողություն։ Կոլեկտիվում տիրող հոգեբանական մթնոլորտը հետևաբար բացասական է, աշխատակիցները բողոքում են աշխատանքից, իսկ աշխատանքի բարձր որակն ապահովող դրդապատճառները բացակայում են։
  3. Ոչ հետևողական կամ ալոգիկ ոճ- բնորոշվում է ղեկավարի անհասկանալի փոփոխականությամբ կառավարման մի ոճից մյուսին՝ կամ նեյտրալ ոճին, կամ ել դեմոկրատական ոճին և այլն։ Այս ոճը տալիս է աշխատանքի ցածր արդյունք։ Կոլեկտիվում դիտվում են մեծ քանակությամբ կոնֆլիկտներ և խնդիրներ։ [2]

Քաղաքական-հոգեբանական տիպաբանությունը ուսումնասիրելիս պետք է նաև ուսումնասիրել Ջ. Դ. Բարբերի կողմից առաջարկած նախագահների տիպաբանությունը։ Ջ. Դ. Բարբերը «Նախագահական բնավորություն» հանրաճանաչ գրքում, որը հիմնված է պատմական և կենսագրական տվյալների վրա, ուսումնասիրել է ամերիկյան նախագահների անձնային հոգեբանական կառուցվածքը։ Պարզվեց, որ նախագահի անձը բաղկացած է 3 հիմնական տարրերից՝
ոճ (քաղաքական դերերի իրականացման սովորական միջոց), աշխարհայացքը (այն պրիզման, որի միջոցով նախագահը նայում է աշխարհին), և բնավորություն (կենսական կողմնորոշումը)։ Սակայն նախագահի անձի վրա ազդում են ամենաքիչը քաղաքական իրավիճակի երկու ասպեկտներ՝ իշխող հարաբերությունները և այսպես կոչված «սպասման մթնոլորտը» (ժողովրդի կողմից նախագահին ուղղված հիմնական պահանջները)։ Ջ. Դ. Բարբերը, իր տեսության համար հիմք ընդունելով այս բոլոր տարրերը, առանձնացրել է 2 կողմ՝ ա) ակտիվ-պասիվ, բ) դրական-բացասական Դիտարկենք այս տիպերը՝

  1. Ակտիվ-դրական տիպը տարբերվում է ոչ միայն բարձր ակտիվությամբ, այլև անձնային բավարարվածությամբ։ Այս տիպը ցուցաբերում է կողմնորոշվածություն արդյունաբերության վրա՝ որպես արժեքի։ Նա տեսնում է իրեն որպես որոշակի սահմանված նպատակների իրականացնող, այսինքն՝ ձգտում է իր իմիջին։ Նա ռացիոնալիստ է, այդ պատճառով էլ հաճախ չի գերագնահատում իռացիոնալությունը քաղաքականության մեջ։
  2. Ակտիվ-բացասական տիպը բնութագրվում է ինտենսիվ փորձերով և դրանց բավարարմանը հասնելու համար համեմատաբար ցածր հուզականությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ անձը փախչում է տագնապայնությունից և փորձում է այն փոխարինել բարդ, ծանր աշխատանքով։ Նա ագրեսիվ է շրջակա գործընթացների նկատմամբ և նրան դժվար է թաքցնել ագրեսիվ զգացմունքները։
  3. Պասիվ-դրական տիպը բնութագրվում է լսող, հանգիստ բնավորությամբ, ամբողջ կյանքում սեր փնտրող և ձգտող համաձայնության։ այսպիսի տիպը օգնում է փափկեցնել քաղաքական սրությունը, սակայն նրա փխրուն հույսերը և շրջապատողների կողմից աջակցման կախվածությունը հաճախ նրան տանում են դեպի հուսահատություն։
  4. Պասիվ-բացասական տիպը չի տարբերվում ոչ գործունեությամբ, ոչ էլ դրանից հաճույք ստանալով։ Պարտքի զգացումը կոմպեսացնում է ցածր ինքնագնահատականը և նրան տանում է դեպի քաղաքականություն։ Այսպիսի տիպը կարող է լավ ադապտացված լինել տարբեր ոչ քաղաքական դերերին, սակայն նա չունի արդյունավետ քաղաքական լիդերության համար անհրաժեշտ ճկունությունը և փորձը։ Նրան բնորոշ է փախուստը կոնֆլիկտներից և անորոշությունից։

Անդրադառնանք նաև լիդերության պարադոքսին։ Փորձենք շատ հակիրճ կերպով ներկայացնել դրա իմաստը և հիմնական գաղափարը։

Լիդերության պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիդերության պարադոքսի» էությունը շատ պարզ է արտաքնապես, այն է՝ հավերժ լիդերներ գոյություն չունեն։ Դառնալով որևէ խմբի լիդեր, ձեռքբերելով լիդերությանը բնորոշ հմտություններ և հեղինակություն, ցանկացած լիդեր դրանով իսկ սկսում է իր լիդերության ավարտին պատրաստվել։ Օրինակ՝ հասնելով բարձունքի՝ Կեսարը սպանվեց իր կողմից մեծացրած և նրան աստվածացնող Բրուտի կողմից։ Տվյալ պարադոքսը ներկայացվում է 2 տարբերակով՝

  1. Պարադոքս № 1. Դառնալոց մեծ խմբի լիդեր, լիդերը արդեն սկսում է գործել այն փոքր խմբի շահերին ոչ համապատասխան, որն իրեն տվել է այդ իշխանությունը։ Եվ այդ ժամանակ էլ տվյալ փոքր խումբը սկսում է մերժել նրան լիդերության մեջ և փնտրում է փոխարինողի։
  2. Պարադոքս № 2. Որքան ավելի ակտիվ, գործունյա է լինում լիդերը, այնքան ավելի շատ է նա բարդեցնում խմբում միջանձնային հարաբերությունները, դա վատացնում է հոգեբանական մթնոլորտը։ Եվ, համապատասխանաբար էլ, որքան քիչ գործունյա, բայց ավելի ոչ պաշտոնական և ընկերական է լինում լիդերը, այնքան ավելի քիչ է ենթակաների նկատմամբ պահանջկոտությունը, դա ավելացնում է խմբի նվաճումները և բարձրացնում է լիդերի նկատմամբ նրանց գոհունակությունը։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.И. Пирогов-Политическая психология/ Учебное пособие для вузов, М.։ Академический проект, 2005.
  2. Л.Д., Психология управления, Ростоя н/Д., 1997.
  3. Некрасов Н. А. Типы руководителей- стили управления. Новосибирск, 1992.
  4. Основы общей и прикладной акмеологи. — М.։ РАГС, 2000. Самыгин С. И.
  5. Основы политической психологии / Д.В. Ольшанский- Учебное пособие для вузов. Москва 2001.
  6. Политическая психология. Учебное пособие для вузов/ Под ред. А.А. Деркача, В. И. Жукова, Л. Г. Лаптаева, М.։ Академический проект, Екатеренбург։ Деловая Книга, 2006.
  7. Фрейд 3. Психология масс и анализ человеческого «я».— Минск, 1994.151.
  8. Enciclopedia of Psychology /Ed. H.J. Eyzenk, W. Arnold and R. Meili — Herder&Herder, N.Y., 1972.
  9. Laswell H.D. The Theory of Political Propaganda // Public Opinion, 1996.
  10. http://www.vuzlib.net/beta3/html/1/24581/24664/ Արխիվացված 2008-08-30 Wayback Machine

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]