Արցախի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաբար արձանագրություն Դադիվանքում։

Արցախ, պատմա-աշխարհագրական շրջան Հայկական լեռնաշխարհի արեւելքում։

Անվանումը[խմբագրել]

Արցախը (Artsak) 1788 թվականին հրատարակված Մեծ Հայքի քարտեզի վրա

Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով՝ ապրելով պատմական իրադարձությունների տարազան փուլեր։ Ամենահինը «Արցախ» անվանումն է, որի հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» եւ «Ուրտեխինի» ձեւերով։ Ըստ էության տարածքը նմանատիպ անունով են կոչել նաև հին հույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» (մ.թ. I դար) երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։

Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք», 10-րդ դարից՝ «Խաչեն» անուններով։ 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։

Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի): Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին` «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է` լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա` Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում` Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ` «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով` Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[2]։

Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, տևական ժամանակ գրավված լինելով պարսկական և ռուսական զորքերի կողմից, Արցախը մինչ օրս կրում է այդ դարաշրջնանների դրոշմն իր վրա, որի երկրու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։

Անտիկ շրջան[խմբագրել]

Վանի թագավորության ժամանակաշրջանում[խմբագրել]

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում առանձնանում էր Ուրարտուն` Վանի կամ Արարատի թագավորությունը[3]։ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ։ Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի,Դիոն Կասիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի Ա-ի` Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան Վ. Բալայանի այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։

Երվանդունիների օրոք[խմբագրել]

Ք.ա. 4-րդ դարում արդեն Երվանդունիների թագավորության օրոք նույնպես վկայություններ կան, որ հայկական պետության կազմի մեջ էին մտնում Արցախը և Ուտիքը [4]։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ`Օրխիստինա - Արցախ։

Արշակունյաց հարստության օրոք[խմբագրել]

66թ. Արշակունյաց հարստության շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայակական միասնական պետության կազմում[5]։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր` Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը նոր պետության առաջատար նահանգներից մեկն է։

387- Հայաստանի առաջին բաժանման ժամանակաշրջանում[խմբագրել]

Ռազմավարական դիրք զբաղեցնող Հայաստանի նկատմամբ Հռոմեական կայսրության եւ հատկապես Սասանյան Պարսկաստանի զավթողական քաղաքականության արդյունքում 387 թ. Մեծ Հայքը բաժանվեց երկու տերությունների միջեւ։ Երկրի արևելյան նահանգներ Արցախը և Ուտիքը միցվեցին Աղվանքին, վերջինիս թագավորների՝ սասանյան շահնշահերին մատուցած ծառայությունների դիմաց։ Ավարայրի ճակատամարտը, որտեղ Արցախի այրուձին ևս պարսիկներին ընդդեմ ելավ[6], այս երկու նահանգներին ավելի մեծ քաղաքական հեղինակություն բերեց տարածաշրջանում։ Սակայն նույնիսկ օտար լծի տակ գտնվելով` Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը։ Այդ մասին են փաստում Կորյունի վկայությունները, որոնց համաձայն Մ. Մաշտոցը լուսավորական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք։ Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում Մ. Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցներից մեկը։ 451թ. օգտվելով Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից` Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն։ Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը` Վարդան Մամիկոնյանի համախոհներից մեկը։ Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավոր` Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Սակայն 457թ. Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնին և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո,487 թ. նրա եղբոր որդի Վաչագան Բարեպաշտը Հայոց Արևելից աշխարհում հռչակվում է Աղվանից արքա։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում սահմանադրական և կրոնական բարեփոխումներով, տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։ Արցախի մշակութային զարգացման համար 5-րդ դարը ևս դառնում է վճռական մի շրջան, ազդարարված Հայոց գրերի գյուտով Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ըստ ավանդության, Ամարասում վերջինս հիմնել է տեղի առաջին հայկական դպրոցը։ Արքան ինքն էր հաճախ դպրոց այցելում և հրճվում աշակերտների ընթերցանությամբ[7]։ 5-րդ դարը նշանավորվում է նաև որպես քրիստոնեության ծաղկման շրջան. ամենուր երկրում եկեղեցիներ ու վանքեր են կառուցվում[7]։ Եվ այսպես մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայոց երկիր ներխուժեցին արաբները։

Միջնադար[խմբագրել]

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում[խմբագրել]

652թ. Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[8]։ Սակայն Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահակալվեց նրա փեսան` Համազասպ Մամիկոնյանը։ Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները` այդ թվում` Արցախը։ Այդ տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885թ. արբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Ա Բագրատունու Մեծ Հայքի նահանգի թագավորությունը։ Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում։

Սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ[խմբագրել]

Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում` սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ[9]։ Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ։ 1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն` Ալփասլանի գլխավորությամբ սրի ու գերության մատնեցին Արցախը։ 12-րդ դ. սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր վրացական թագավորությունը։ Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ` չէր համակերպվում այդ կացության հետ։

Զաքարյանների օրոք[խմբագրել]

Արցախը Զաքարյան իշխանապետության կազմում, 13-րդ դար

Հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը։ Եվ հայ-վրացական ռազմա-քաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես` Զաքարյանների տոհմի ներկայացուցիչները[10]։ 12-րդ դ. 90-ական թթ. նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։ Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայակական տարածքները, որոնց թվում` նաև Արցախը։ Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ։ Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները` Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը (Ծարա), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ ընդունում էր վերջիններիս գերագահությունը։ Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև։ Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին։ Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց Հասան-Ջալալի օրոք։ Հասան Ջալալի ամբողջ տիտղոսն էր. «բնակաւոր ինքնակալ բարձր ու մեծ արցախական աշխարհի թագաւոր յոգնասահման նահագիւ» [11]։ Նա կառուցում է Գանձասարի մայր տաճարը, որն այնուհետ դառնում է Արցախի հոգևոր կենտրոնը։ Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նույնիսկ վրաց թագավորները։ Ավելի ուշ միջնադարում, մասնավորապես Արաբական տիրապետությունից (7 - 9-րդ դարեր) հետո, այստեղ կային մի քանի իշխանական տներ. Խաչենի իշխանությունը սակայն գերիշխում էր Արցախում[12][13][14]։ 7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ՝ Արմինիա կուսակալության կազմում։ Այդ շրջանում լինելով բազմաէթնիկ (Արցախում՝ հայեր, այլ գավառներում՝ աղվանական եւ իրանական ցեղեր ) Աղվանից թագավորության մաս գտնվել է իշխող Միհրանյան տոհմի տիրապետության ներքո։

Մոնղոլական արշավանքների ժամանակ[խմբագրել]

1221թ. Կոտման (Թոուզ) գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը։ Երկրորդ արշավանքի ժամանակ գրավեցին նաև Արցախը[15]։ Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները` Ղազան խանի օրոք պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները։ 1386թ. Լենկ-Թեմուրը, գրավելով Թավրիզն, անցնում է Արաքսը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ` գրավում Վերին Խաչենը։ Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել։

15-րդ դ. կարա-Կոյունլու տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև ակ-Կոյունլու տիրապետության շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։

14-15-րդ դդ. հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն` այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան` Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։

Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ[խմբագրել]

16-17-րդ դդ. Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555թ. պատերազմող կողմերն Ամասիայում հաշտություն կնքեցին [16]։ Այսրկովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական երեք միավորներ` Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։1580թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639թ. և ավարտվեցին Կոստանդնուպոլսում կնքված հաշտության պայմանագրով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները` Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։

Սղնախների ձևավորումը[խմբագրել]

18-րդ դ. սկզբներին օգտվելով Պարսկաստանում ներքին երկպառակտություններից ու աֆղանների հետ պատերազմներից Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով` Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է Սղնախներ անունով[17]։ Հայտնի են Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Շուշիի, Բադարա գյուղի մոտակայքում, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում, Տող և Տումի գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար։

1723թ. Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726թ.` Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո Թուրքիային էին անցնում այսրկովկասյան տիրույթները ներառյալ` Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը[18]։

Մելիքություններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խամսայի մելիքություններ
Արցախի հինգ մելիքությունները

Հայակական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր` Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Արցախի մելիքները, որոնցից ոմանք իրենց սերված էին համարում հին հայկական թագավորներից[19], 17-րդ դարի վերջերից սկսում են օժանդակություն փնտրել Արևմուտքում, ապա և Ցարական Ռուսաստանում, նպատակ ունենալով Պարսկական լծից ազատագրումը և Հայկական պետականության վերականգնումը։ Իսրայել Օրին, որն այդ նպատակով 20 տարի դեգերել էր Եվրոպայում, խոստանում է Հովհան Վիլհելմին՝ Պալցի կայսրընտիր իշխանին, Հայաստանի թագը, եթե նա գոնե փոքր բանակով օգնության գա մելիքներին[20]։ Այնուհետև Օրին ուղևորվում է Մոսկվա, որտեղ հանդիպում է Պետրոս Մեծին։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի օրոք: Նադիր շահը հաղթանակ տարավ թուրքերի դեմ։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը ստիպված 1736թ. Էրզրումում հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը (Երևանը, Ղարաբաղը, Նախիջևանը) Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1735թ. հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դ. ավարտին[21]։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744թ գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում Փանահ խանը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով` Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի մելիք` Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շոշի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը ։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան, և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերիշխանությունը։ Այդպիսով Խամսայի մելիքությունը թուլացավ և սկսեց կործանվել։ Շուրջ 1750 թ. Ղարաբաղում իշխանության գլուխ է գալիս Փանահ Ալի խանը, սա սկիզբն է դառնում Ղարաբաղի Խանության։ Այս շրջանում հայերի հոծ արտահոսք է սկսվում Արցախից[22][23]։ 18-րդ դ. վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794թ. Աղա Մուհամմադ խանն իրեն շահ է հռչակում։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք օգնեն տապալել Իբրահիմ խանին։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795թ. շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ Հետագայում Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա` այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում:

Ռուսական նվաճում[խմբագրել]

Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ[խմբագրել]

Աղա Մուհամմադ շահի սպանությունից հետո իշխանության գլուխ է անցնում Ֆաթալի շահը, որը փորձում է ամրապնդել Պարսկաստանի գերիշխանությունը Այսրկովկասում։ Այդ ժամանակաշրջանում ռուս-պարսկական խորացող հակասությունները վերածվում են երկարատև պատերազմի (1804-18013թթ)[24]։ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդ պայմանագիրը վկայում է, որ Արցախն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին։ Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվեց պարսկական լծից։

Ռուսական կայսրության տարիներին[խմբագրել]

Շուշի բերդաքաղաքի «Ամենափրկիչ» Մայր տաճարը, կառուցված 1868-1888 թթ., այնտեղ, ուր մի ժամանակ քաղաքի կենտրոնն էր։

Ռուս-Պարսկական պատերազմից հետո, Արցախի համար սկսվում է տևական խաղաղության մի շրջան, որը հնարավոր է դարձնում երկրի տնտեսական և մշակութային զարգացումը։ Շուշին, որ նախկինում խանության ամրոց-նստավայրն էր, դառնում է Արցախի մայրաքաղաքը, և որպես տարածաշրջանի կարևոր առևտրական և մշակութային կենտրոն, հայտնի էր նաև որպես Կովկասի «Փոքր Փարիզ»։

1920 թ. Շուշին շուրջ 60.000 բնակչությամբ (որի 78 տոկոսը հայեր էին[25]), Թիֆլիսից հետո Անդրկովկասի ամենամեծ քաղաքն էր, այսինքն՝ իր բնակչության թվով գերազանցում էր թե Երևանին, թե՛ և Բաքվին։ Արցախի բնակչությունը 1918 թ. շուրջ 350.000 էր, որից 95 տոկոսը՝ հայեր, 3 տոկոսը՝ ադրբեջանցիներ, 2 տոկոսը՝ ռուսներ, քրդեր և այլ փոքրամասնություններ[26][27]։ 1840-1917թթ մի շարք վարչատարածքային բաժանումներ կատարվեցին Ցարական Ռուսաստանի կողմից, որտեղ Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ` Շամախու նահանգի, մեկ` Ելիզավետպոլի նահանգի կազմում[28]։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտե։ Արդյունքում, Անդրկովկասում ստեղծվեցին երեք ազգային պետություններ` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները։ Իսկ 1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն[26][29]։ Երկու օր անց «Ղարաբաղի ժողովրդական կառավարության դեկլարացիայով» հրապարակվում են իշխանության առաջիկա կարևորագույն խնդիրները[30]։ Մինչև 1920 թ. Արցախն ուներ ինքնիշխան պետության բոլոր անհրաժեշտ ատրիբուտները, այդ թվում՝ օրինավոր իշխանություն և զինված ուժեր[26]։ Ազգերի Լիգայի կողմից Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, այն չի ճանաչվել ոչ որպես Ադրբեջանի տարածք[26][29]։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլն Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Ադրբեջանական իշխանությունները Արցախը հայտարարում են Ադրբեջանի մաս և Խոսրով Սուլթանովին նշանակում Ղարաբաղի և Զանգազուրի գեներալ-նահանգապետ։ Խոսրով Սուլթանովին աջակցում էին օսմանյան գեներալ Խալիլ փաշան և Նուրի փաշան՝ Ադրբեջանում օսմանյան կայազորի հրամանատարը, որն իր եղբայր Էնվեր փաշայից հրահանգ էր ստացել այդ տարածքը «մաքրել» հայերից[31]։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։ 1919 թ. օգոստոսի 22-ին 7-րդ ԱՀՀ-ն թուրք-ադրբեջանական սպառնալիքների տակ հաշտության պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես կգտնվեր Ադրբեջանի իրավասության տակ մինչև նրա վերջնական կարգավիճակը կորոշվեր Փարիզի Խաղաղության Համագումարում, այն պայմանով, որ Ադրբեջանական զինված ուժերը Արցախ մուտք չեն գործի։ Սակայն այս պայմանագրի պայմանները շարունակաբար ոտնահարվում են Ադրբեջանական կողմից. ի վերջո Թուրք-Ադրբեջանական ներխուժումը Արցախցիներին արժենում է երկրի մայրաքաղաք Շուշին, որը մեծ մասամբ ավերվում է և հրդեհվում. և որտեղ 1920 թ. մարտի 22-ի գիշերը սարսափելի կոտորածներ են լինում[26][32]։ Այնպես որ ադրբեջանցի սպա Ի. Ալիմանդարբեկովը նամակում գրում է Բաքվում իր եղբորը.

Aquote1.png «Տեսածդ հայկական Շուշան ամբողջովին հրդեհված է։ Միայն 5-10 տուն թողեցին անվնաս։ Ավելի քան 1.000 հայեր են գերի վերցված։ Բոլոր տղամարդկանց կոտորել են, բոլոր հայտնի ու հարուստ մարդկանց, նույնիսկ խալիֆին (Վահան Տեր-Գրիգորյանին՝ Արցախի եպիսկոպոսին)։ Մուսուլմանները անհաշիվ հարստություն են կողոպտել հայերից...»
— Իսմաիլ Ալիմանդարբեկով (7 ապրիլի, 1920 թ.)[33]
Aquote2.png

Ապրիլի 22-ին Թաղվարդ գյուղում 9-րդ ԱՀՀ-ն չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը[29][34]։ Նույն ամսում, երբ Ադրբեջանական զինված ուժերը դեռ փորձում էր արյան մեջ խեղդել արցախահայերի դիմադրությունը, Կարմիր բանակը մուտք է գործում Բաքու։

Խորհրդային ժամանակաշրջանում[խմբագրել]

Red kurdistan 1930.png
Nagorno Karabakh03.png

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից։ 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարության կողմից հայտարարվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում[35]։ Ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի սոցիալիստական հանրապետության մաս։ Այդ որոշումը վավերացվեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով[36]։ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս։

ԼՂ բռնակցումն ԱդրԽՍՀ-ին[խմբագրել]

1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը։

Aquote1.png «...ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից, և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն և վարչական կենտրոն Շուշայում...» [37] Aquote2.png

Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ) կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի, երկրի կարգավիճակը[38]: Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Սկզբնապես ԼՂԻՄ-ը սահմանակցում Հայկական ԽՍՀ-ին սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում Քարվաճառի և Լաչինի անջատումը[26]) 20-ական թվականների ավարտին այն դարձրեցին էնկլավ[39][27]։ 1923 թ. ԼՂԻՄ-ի բնակչություն կազմում էր 157.800[27]: Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո` սկիզբ առավ ազգային-ազտագրական պայքարը։ 1920-ական թթ. Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը` Հայաստանին» միությունը[40]։ 1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել`Ղարաբաղը Հայաստանին նշանաբանով։ 1962թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե ԼՂԻՄ-ից, թե ՀԽՍՀ-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ ԼՂԻՄ-ի գոյության 60 տարիների ընթացքում Արցախցիները Ադրբեջանական կողմից ենթարկվում էին տարբեր սահմանափակումների։ Արդյունքում հայաթափ են լինում 85 գյուղեր (ընդհանուր առմամբ ԼՂԻՄ-ի գյուղեր 1/3-ը)[41]։ Նվազում է նաև հայերի տեսակարար թիվը (1926 թ.՝ 93,5% հայ, 1989 թ.՝ 77% հայ)։

1988թ.- Շարժման սկիզբ[խմբագրել]

1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենիումի կողմից գորբոչովյան «գլաստնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորվելու համար։ 1987-1988թթ ԼՂԻՄ-ի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց` ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հանրագիր, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազ. մարդ[42]։ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել ԱդրԽՍՀ` ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով[43]։ Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Ղարաբաղյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը վերևից լուծում չի ստանում ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988թ. փետրվարի 27-29 տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։ Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջանահայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը։ 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը` երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան։ 1989թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին[44]։ Դեպքերի զարգացման նման ընթացը բերեցին նրան, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունում են համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին[45]։

1989 թվականի դեկտեմբերի 1 որոշումը[խմբագրել]

1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում[46]։ Միացումը, որի կարգախոսի տակ բարձրացել էր Ղարաբաղյան շարժումը` կայացավ: ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին ընդունված «Համատեղ որոշումը» օրինական է և ընդունելի է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների տեսնակյունից։ Հայտնի է, որ միջազգային իրավունքի` «ժողովուրդների ազատ ինքնորոշման» սկզբունքը ՄԱԿ-ը հռչակել է որպես պետությունների ու ազգերի հարաբերությունների կարգավորման համապարտադիր սկզբունք։ Միացման ակտը միջազգային իրավունքի տեսակետից որևէ առարկություն չի հարուցում, մանավանդ, որ խոսքը ոչ թե ինքնորոշման առաջնային ակտի, այլ արդեն ինքնորոշման սուբյեկտ հանդիսացող պետական երկու կազմավորումների մասին է։ Որևէ արգելք չկար նաև ԽՍՀՄ օրենքում, որտեղ նախընթաց տարիներին հանրապետությունների ու ազգային պետական կազմավորումների սահմանների փոփոխության գրեթե երկու տասնյակ դեպք էր արձանագրված ( Կարելոֆիննական միութենական հանրապետությունն, օրինակ, վերակազմավորվել է ինքնավար հանրապետության, իսկ Ռուսաստանի Դաշնության Ղազախստանի ինքնավար հանրապետությանը Կենտրոնից տրվել է միութենական հանրապետության կարգավիճակ)։ ԽՍՀՄ-ի` որպես միասնական պետության ներսում տարբեր ազգային կազմավորումների սահմանների փոփոխությունները երբեք չէին կապվել սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հետ։ Դրանք դիտվել են, որպես միութենական դաշնային պետության ներքին գործը նաև իրավական այն հիմքով, որ նման վերակազմավորումներն ու վերաենթարկումները չէին կապվում ԽՍՀՄ-ի` որպես միասնական պետության սահմանների փոփոխության կամ նրա տարածքային ամբողջականության խախտման հետ։ «Տարածքային ամբողջականության» սկզբունքը, որը մինչ այդ լրջորեն չէր կիրառվում հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների նկատմամբ, ձեռք բերեց սկզբունքային նշանակություն հենց ԼՂ դեպքում, երբ հայտնի էր, որ այն բռնությամբ է մտցված ԱդրԽՍՀ կազմ և երբ ակնհայտ էր, որ ԱդրԽՍՀ-ում իրագործվում է հանրապետության հայ ազգաբնակչության ցեղասպանություն։ Բայց եթե միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությանը նույնիսկ տրվեր նման սկզբունքային բնույթ, ապա սահմանադրական արգելք դարձյալ չէր առաջանում, քանի որ խոսքն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսացող և ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի երկու կազմավորումների մասին է։ ԼՂԻՄ-ի վերամիավորումը ՀԽՍՀ հետ չէր հակասում ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին, որ արգելում էր փոփոխության ենթարկել միութենական հանրապետության սահմաններն առանց նրա համաձայնության։ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ ենթադասությանը տալը չէր նշանակի, թե խախտվում է ԱդրԽՍՀ տարածքային ամբողջականությունը։ Հենց դրա հաշվառումով էլ 1988թ. փետրվարին ժողպատգամավորների մարզային խորհուրդը բարձրացել է ՀԽՍՀ հետ միայն մարզի վերամիավորման հարցը, չնայած բոլորը գիտեին, որ Լեռնային Ղարաբաղի հսկայական տարածքներ, որոնք Կովբյուրոյի որոշմամբ պետք է լինեին ԼՂԻՄ կազմում, կամայականորեն դուրս են թողնվել նրա սահմաններից։ ԼՂԻՄ և ՀԽՍՀ բարձրագույն իշխանությունների կողմից վերամիավորման մասին «Համատեղ որոշմանը» հետևեցին ԱդրԽՍՀ պատժիչ գործողությունները։ 1991թ. ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները` խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին «Օղակ» օպերացիան` Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված ծայրահեղ գործողություն[47]:

1991թ. սեպտեմբերի 2[խմբագրել]

Nagorno karabakh republic.png

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն։ Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը։

Արցախյան ազատամարտ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արցախյան ազատամարտ
Հայ ազատամարտիկները մարտական դիրքերում

1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը` սկսվեց Արցախյան գոյամարտը[48]։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5856 զոհ[49] (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհայտ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ 11557[50][51]/30հզ. զոհ[52]։ 1994թ. ապրիլի 9-ին սկսվեց արցախյան գոյամարտում ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթարշավը։ Այդ պայմաններում Ադրբեջանն այլ ելք չուներ, քան զինադադարի պայմանագիր կնքել։ Այդպիսով 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին հրադադարի համաձայնագիր, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր[53]։

Մատենագրություն[խմբագրել]

  • Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից Պատմություն»
  • Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները»
  • Լեո, Երկերի ժողովածու, հատոր 2, «Հայոց Պատմություն», Երևան 1973
  • Բագրատ Ուլուբաբյան, «Արցախի պատմությունը (սկզբից մինչև մեր օրերը)», Երևան 1994, ISBN 5-8079-0960-7
  • Բագրատ Ուլուբաբյան, «Դրվագներ հայոց արևելից կողմանց պատմությունից (V-VII դդ.)», Երևան 1981
  • Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան 1975

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ստրաբոն, Աշխարհագրություն, 11,14,1։ [1]
  2. Լևոն Հարությունյան, Նշխարներ Արցախի բանահյուսության
  3. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 32
  4. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 34
  5. Մկրտչյան. Շ., «Արցախ», Երևան, 1991, էջ 26
  6. Այտեղ Եղիշեն Արցախը եւ Աղվանքը դեռեւս հիշատակում է առանձին
  7. 7,0 7,1 Մովսես Կաղանկատվացի (7-րդ դար), Աղվանքի Պատմություն, 1.18, 3.22։
  8. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 85
  9. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 114
  10. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 118
  11. (Տե՛ս Գանձասարի գլխավոր արձանագրություն)։
  12. (անգլերեն) The New Encyclopedia Britannica by Robert MacHenry (1993), p.761.
  13. Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան - 1975, էջ 30։
  14. (ռուսերեն) Վ. Շնիրելման, Ալբանական առասպել։ («Խաչենը միջնադարյան հայկական ավատատիրական իշխանություն է Արցախի տարածքում, որը 10-16րդ դդ. կարևոր դեր է խաղացել Հայաստանի և ողջ տարածաշրջանի քաղաքական պատմության մեջ։»)
  15. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 125-136
  16. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 144
  17. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 152
  18. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 157
  19. Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 257։
  20. Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
  21. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204
  22. Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները XXXVI. («Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։ 60 հազար տուն հայ բնակչություն ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։») (ռուս. թարգմ. [2]).
  23. Լեո, «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 371։(«Ժամանակակից պաշտոնական տեղեկությունները վկայում են, որ Ռուսաստանին կցվելու տարում (1805) Ղարաբաղն ուներ 10 հազար ընտանիք, իսկ այժմ 5-6 տարուց հետո, այդ քանակությունից հազիվ մնացել էին 4 հազար ընտանիք։ Այս ցույց է տալիս, թե ժողովուրդն ինչքան մեծ ալիքներով էր դուրս փախչում այդ երկրից. փրկություն որոնելով առաջ ու առաջ կեղեքումներից, ավազակություններից, խանական կամայականություններից և վերջին հաշվով նաև սովից ու ժանտախտից։»)
  24. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 200
  25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Արցախի պատմություն, Շուշի
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 The Nagorno Karabagh Crisis: A Blueprint for Resolution, A Memorandum Prepared by the Public International Law and Policy Group, June 2000.
  27. 27,0 27,1 27,2 Office of the NKR in Washington, DC, Refugees and Displaced Persons in Nagorno Karabakh
  28. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 242-243
  29. 29,0 29,1 29,2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Արցախի պատմություն, 1918 թ.
  30. (ռուսերեն) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Լեռնային Ղարքաբաղ 1918-1923, AN Armenia, Jerevan, 1992, p 18, փաստաթուղթ № 8.
  31. Թաներ Ակչամ, (հոլանդերեն) De Armeense Genocide («Հայոց Ցեղասպանություն»), Nieuw Amsterdam Uitgevers 2007, p 124, ISBN 978-90-468-0225-0։ Բնօրինակ (անգլերեն) - Taner Akçam, A Shameful Act, The Armenian Genocide and the Question of Turkish Responsability, New York, Metropolitan Books, 2006.
  32. (անգլերեն) Lords Hansard text for 1 Jul 1997 (170701-19)
  33. (ГИКМ НКР, ф.11, л.107)
  34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Արցախի պատմություն, Վերամիավորում
  35. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 307
  36. «Կոմունիստ», 2 դեկտեմբերի, 1920, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, ժողովածու, Երևան, 1957, էջ 497-498
  37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Արցախի պատմություն, Շուշի
  38. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 307
  39. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named Cornell
  40. Ուլուբաբյան Բ., «Արցախի պատմությունը», Երևան, 1994
  41. (Russisch) ПОЛИТИКА: Нагорный Карабах готов к диалогу
  42. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 354
  43. ՀՀ ԱԺ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Կարգավորման ուղիներ, Խորհրդարանական լսումներ 29-30 մարտի, 2005թ, «Անտարես», Երևան, 2006, էջ 279
  44. Մելքումյան Ս., «Լեռնային Ղարաբաղ», Երևան, 1990,էջ 38
  45. ՀՀ ԱԺ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Կարգավորման ուղիներ, Խորհրդարանական լսումներ 29-30 մարտի, 2005թ, «Անտարես», Երևան, 2006, էջ 281
  46. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիներ», Երևան 2006, էջ 280
  47. Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 102
  48. Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 118
  49. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта
  50. публикация сайта Лента.ру
  51. публикация ИА "AПA"
  52. № 2 (232) февраль (1-15) 2014 г.
  53. Ալ. Մանասյան, Ալ. Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 281