Լեհահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստան

Լեհաստանում 18-րդ դարի սկզբից հայ հոգևոր երաժշտությունը կրել է լատինական և լեհական եկեղեցական երաժշտության ազդեցությունը։ Հայկական եկեղեցիներում տեղադրվել են երգեհոններ, երգչախմբերը դարձել են երկսեռ։ Լեհահայերի ընտանեկան խնջույքներն ու տոնակատարություններն ուղեկցվել են ազգային երգերով և պարերով։ 19-րդ դարում հայերը մեծապես նպաստել են լեհական երաժշտության զարգացմանը։ Հանրաճանաչ էր կոմպոզիտոր Յոզեֆ Նիկորովիչը, որը գրել է մի շարք սոնատներ։ Նրա բազմաձայն խորալը դարձել է լեհ ժողովրդի օրհներգը։ Ֆրիդերիկ Շոպենի աշակերտն ու հետևորդն էր դաշնակահար, կոմպոզիտոր Կարոլ Միկուլին, իսկ կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոն (սերում էր Մաջարյանցների տոհմից) լեհական ազգային օպերայի հիմնադիրն է։ Իտալահայ գաղթավայրում հայտնի անուններ են կոմպոզիտոր Ավետիս Նազարյանը, դիրիժոր Անջելո (Վահան) Էֆրիկյանը, երգիչներ Լյուսի Սևումյանը, Սեդա Բալուլյանը, Լինդա Գիրեյանը, Կարպիս Բոյաջյանը, դաշնակահարուհի և երգչուհի Մարի Բոդուրյանը, տավղահարուհի Շուշանիկ Միլտոնյանը (1968 թվականին հանդես է եկել Հայաստանում) և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։