Լազար Սերեբրյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազար Սերեբրյակով
1795[1] - փետրվարի 28, 1862(1862-02-28)
ԾննդավայրԲելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանBrotherhood Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սպիտակ արծվի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Լազար Մարկի Սերեբրյակով, Ղազար Մարկոսի Արծաթագործյան (ռուս.՝ Лазарь Маркович Серебряков), 1795[1], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ - փետրվարի 28, 1862(1862-02-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), 1854 թվականից ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունը Լազար Մարկևիչ Սերեբրյակովը ստացել է Ղրիմի հայաբնակ Ղարասուբազար ավանի հայկական դպրոցում։ 1815 թվականին միչմանի կոչումով ավարտել է Նիկոլաևի ռազմածովային կամավորների դպրոցը։ Անցնելով զինվորական ծառայության, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմում աչքի է ընկել Անապայի գրավման ժամանակ, իր գումարտակով առաջինն է ճեղքել ամրոցի պաշտպանությունը և թուրք փաշայից ընդունել բերդի բանալիներն ու դրոշակները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազար Սերեբրյակովը բերդի գրավումից հետո, որպես Սևծովյան նավատորմի հրամանատար ծովակալ Դրեյգի համհարզ, մեկնել է ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան՝ Շումլա (Բուլղարիա), Նիկոլայ I ցարին զեկուցել Անապայի գրավման մանրամասները և նրան հանձնել թուրքական 29 գնդերի դրոշակները։ Վառնայի համար մարտերի ժամանակ, 1828 թվականի սեպտեմբերի 29-ին (հոկտեմբերի 11) դեսանտային զորքերի առաջին շարքերում մասնակցել է ամրոցի գրավմանը։

1830-1837 թվականներին ծառայել է Սևծովյան և Բալթյան նավատորմերում, եղել է նավերի հրամանատար` մասնակցելով մի շարք ծովային արշավների։ 1833 թվականին նշանակվել է Բոսֆորում ափ իջած ռուսական 14 հազարանոց զորքի պարետ և կարանտինային գծի պետ։ 1837-1853 թվականներին Սերեբրյակովը ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես հերթապահ սպա, ապա՝ ամբողջ գծի (Անապայից մինչև ցար Նիկոլայի ամրոցը) պետ։

Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով Թուրքիայի և Անգլիայի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել լեռնականների հետ, նրանց կողմնորոշել դեպի Ռուսաստան։ Կառուցել է բազմաթիվ պաշտպանական ամրություններ, նորոգել հները, նպաստել առևտրի զարգացմանը։ 1838 թվականին հիմնադրել է Նովոռոսիյսկը։ 1849-1850 թվականներին կառուցել է Կոնստանտինյան կոչված ռազմատնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը, որը Նովոռոսիյսկը կապել է Սևծովյան նահանգի (Կուբան գետի ավազանում) հետ։

Սերեբյակովը մեծապես նպաստել է չերքեզահայերի ազգապահպանմանը՝ այդ գործին մասնակից դարձնելով Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն, որի հետ ունեցել է նամակագրական կապ։ Սերեբրյակովի ջանքերով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկական հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և Տրապիզոնից գաղթած հայերը։ Սերեբրյակովը երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղաքական և գիտաճանաչողական նշանակություն («Ճանապարհը Սուխումից մինչև Կուբան՝ գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով» զեկուցագրի համար ընտրվել է Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ)։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազար Սերեբրյակովի զինանշանի վրա պատկերված է լազուրագույն ֆոնով վահան։ Վահանն ունի մեկ դաշտ։ Նրա վրա պատկերցած է ամպերից դուրս եկող կաղնու ճյուղ բռնած բազուկ։ Վահանը աջ և ձախ կողմերից բռնած են երկու առյուծներ[2]։ Զինանշանի ներքևում Լազար Սերեբրյակովի նշանաբանն է ռուսերենով.

Прямым путем.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #283686005, Record #11615672 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. Հայկ Դեմոյան Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012, էջ 212
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։