Իրաքա-քուվեյթյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրաքա-քուվեյթյան պատերազմ
KuwaitiOilFires1.jpg

Թվական Օգոստոսի 2-4, 1990
Վայր Քուվեյթ
Արդյունք Իրաքի պարտություն
Հակառակորդներ
Իրաք Իրաք Քուվեյթ Քուվեյթ
Հրամանատարներ
Իրաք Իրաք, Սադդամ Հուսեյն Քուվեյթ Քուվեյթ, Ջաբեր III

Իրաքա-քուվեյթյան պատերազմ կամ Ծոցի ճգնաժամ, հակամարտություն Իրաքի և Քուվեյթի միջև 1990-1991 թվականներին, որն ավարտվեց միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։

Պատմություն[խմբագրել]

Իրաքա-քուվեյթյան տեղական վեճը վերաճեց հսկայական մի ռազմական հրդեհի Մերձավոր Արևելքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որն իր մեջ ներքաշեց ավելի քան մեկ միլիոն զինվորականների։ Սկսված պատերազմը հանդիսացավ դժվար և պատասխանատու փորձություն համաշխարհային հանրության համար, որը հանդես էր գալիս ընդդեմ անմարդկային գործողությունների։

Նավթը հանդիսանում է որպես Մերձավոր Արևելքի երկրների հարստության և զարգացման, միևնույն ժամանակ նաև թշնամանքի և նախանձի աղբյուր։ Հենց նավթն էր ճգնաժամի պատճառը, որն իրենից ներկայացնում էր ագրեսիա հզոր և ոչ այնքան հարուստ Իրաքի կողմից ընդդեմ թույլ, բայց շատ հարուստ Քուվեյթի։ Պատահական չէ նաև ԱՄՆ-ի դերը այս կոնֆլիկտում, որն ուղարկեց կես միլիոնանոց զորք՝ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը ձգտում էր ամրապնդել իր ռազմա-քաղաքական դիրքերը տարածաշրջանում և ապահովել իրեն ազատ առևտրի իրավունք նավթադոլլարներով հարուստ Քուվեյթի հետ։

Իրաքա-քուվեյթյան հարաբերությունները կտրուկ լարվեցին 1990 թվականի հուլիսին նավթի գնի շուրջ վեճերի արդյունքում։ Այդ նույն ժամանակ Իրաքի ներքին քաղաքական դրությունն առանձնանում էր ստեղծված բարդությամբ։ Իրանի հետ պատերազմի արդյունքում կործանված տնտեսությունը զգացնել էր տալիս իրեն։ Արդեն 1988 թվականին երկրի արտաքին պարտքը հասել էր 7580 մլրդ դոլարի, դժվարություններ կային սոցիալական ոլորտում։ Սադդամ Հուսեյնի վարչակարգը ճնշում էր բոլոր դժգոհությունները։ Իրաքի ժողովրդի վրա դրված էր ռազմական ծախսերի ծանր բեռը՝ Իրաքի բանակը քանակությամբ աշխարհում զբաղեցնում էր 4-րդ տեղը։

Քուվեյթն իրենից ներկայացնում էր փոքր պետություն Պարսից ծոցում՝ 2 մլն-ից մի քիչ ավել բնակչությամբ՝ այդ թվում նաև ներգաղթյալները։ Քուվեյթի ռազմական ուժը 1989-1990 թվականների տվյալներով կազմում էր 20,300 մարդ։ Նրա գլխավոր հարստությունը համարվում է նավթը, որի քանակությամբ զբաղեցնում է 3-րդ տեղն աշխարհում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Քուվեյթը Իրաքի բնակչությանը գերազանցում էր 5,5 անգամ։

Իրաքը որոշեց կարգավորել իր տնտեսական վիճակը հարևան պետությունների հաշվին։ Հուլիսի 17-ին Սադդամ Հուսեյնը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ Պարսից ծոցի արաբական երկրները մտել են հակաիրաքյան «դավադրության» մեջ՝ նպատակ ունենալով հսկողություն սահմանել նավթի գնի վրա։ Հուլիսի 18-ին Ս. Հուսեյնը Քուվեյթին մեղադրեց, որ վերջինս անօրինական կերպով նավթ է արդյունահանում իրաքա-քուվեյթյան սահմանին գտնվող Ռումայլա նավթարդյունաբերական վիճելի տարածքից, և տեղակայեց այնտեղ իր ռազմական պահակակետերը։ Իր հերթին՝ հուլիսի 19-ին Քուվեյթը մեղադրանքով հանդես եկավ ի հասցե Իրաքի իր երկրի սահմանային տարածքների շրջափակման համար։

Հուլիսի 24-ին Հոսնի Մուբարաքը որպես միջնորդ այցելեց Քուվեյթ, Իրաք, Սաուդյան Արաբիա և հուլիսի 25-ին հայտարարեց Իրաքի և Քուվեյթի համաձայնության մասին նստելու բանակցությունների սեղանի շուրջ Ջեդդայում՝ Սաուդյան Արաբիայում։

Օգոստոսի 1-ին Ջեդդայում սկսվեցին իրաքա-քուվեյթյան բանակցությունները, սակայն 2 ժամից այն ընդհատվեց։ Բանն այն է, որ Բաղդադը Քուվեյթի առջև դրեց մի շարք պահանջներ, որոնք Քուվեյթը մերժեց։ Եվ հենց այդ ժամանակ էլ Իրաքի ռազմական մեքենան բերվեց ռազմական ամբողջական պատրաստվածության։ Օրվա 2-րդ կեսին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը զանգահարեց Քուվեյթի էմիրին.

Aquote1.png
— Ինչպե՞ս էս, ո՜վ շեյխ Ջաբեր:

-Փառք Ալլահի, ինձ լավ եմ զգում, հենց նոր ընթրեցի,- հետևեց էմիրի պատասխանը:

-Երդվում եմ Ալլահով՝ Քուվեյթում դու այլևս չես ընթրի,- կտրուկ հետևեց Իրաքի նախագահի պատասխանը:
Aquote2.png


Հաջորդ իսկ գիշերը Իրաքի զորքերը գրավեցին Քուվեյթը։

Անհաջող եղավ ԱՄՆ-ի փորձերը ազդելու Իրաքի վրա։ Օգոստոսի 1-ին Իրաքի դեսպան Մուհամմադ ալ-Մաշատին ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ մերձավորարևելյան և հարավասիական գործերով օգնական Ջ. Կելլին։ Ամերիկյան կողմի անհանգստությանը, այն որ Իրաքը զորքեր է տեղակայում Քուվեյթի սահմանին, Մաշատը պատասխանեց. «Իրաքը լիակատար իրավունք ունի տեղակայել իր զորքերը իր տարածքի սահմաններում, ինչպես կցանկանա»։

Նույն օրը կոնֆերանս-սրահում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի հետ փակ դռների ետևում կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին պետդեպարտամենտի, պաշտպանության նախարարության, Կենտրոնական Հետախուզական Վարչության և Սպիտակ տան ղեկավարները։ Այս խորհրդակցության ժամանակ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Ռ.Կեռը հանդես եկավ՝ զգուշացնելով, որ 6-12 ժամից Իրաքը կհարձակվի Քուվեյթի վրա։

Սադդամ Հուսեյն՝ առաջին քայլ[խմբագրել]

1990 թվականի օգօստոսի 2-ին տեղական ժամանակով 2։00-ին Իրաքը ներխուժեց Քուվեյթ։ Օրվա վերջում գրեթե ամբողջ Քուվեյթի տարածքը հայտնվեց իրաքյան զորքերի հսկողության տակ։ Արևմտյան տվյալներով, ներխուժման ժամանակ Իրաքի ուժերը կազմում էին 120 հազար զինվոր և 350 տանկ։

Օգոստոսի 3-ին ամերիկյան հետախուզությունը հայտնաբերեց իրաքյան զորքերի 7 դիվիզիաների առաջխաղացում դեպի Սաուդյան Արաբիայի սահմանները։ ԱՄՆ նախագաh Ջորջ Բուշը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հայտարարեց, որ, եթե Իրաքը ներխուժի տվյալ տարածաշրջանի մեկ այլ երկիր, ինքը կօգտագործի ԱՄՆ-ի զինված ուժերը այդ ագրեսիան կանխելու համար։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռ. Չեյնի ժամանեց Էռ-Ռիադ, որտեղ քննարկեց հարցեր՝ կապված ռազմաօդային բազաների տեղակայման հետ Սաուդյան Արաբիայում։

Օգոստոսի 8-ին «Քուվեյթի ազատ ժամանակավոր կառավարությունը» դիմեց նախագահ Հուսեյնին խնդրանքով, որ Քուվեյթը պետք է վերադառնա իր հայրենիք՝ մեծ Իրաք։ Այս խնդրանքը ի կատար ածվեց, և Իրաքը հայտարարեց Քուվեյթին՝ որպես Իրաքի 19-րդ նահանգ։

Օգոստոսի 10-ին Արաբական երկրների լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցին զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա և միանալ տնտեսական պատժամիջոցներին ընդդեմ Բաղդադի՝ ընդունված ՄԱԿ-ի կողմից օգոստոսի 4-ին № 661 բանաձևով։ Ի պատասխան սրա` Իրաքի նախագահը կոչ արեց բոլոր արաբներին սրբազան պատերազմ` ջիհադ, մղելու, ընդդեմ Արևմուտքի, գահընկեց անելու Մերձավոր Արևելքի ավանդական ղեկավարներին, նավթային էմիրներին, վերադարձնել Մեքքայի և Մեդինայի սրբավայրերը։

Քաղաքական լուծում գտնելու փնտրտուքներ[խմբագրել]

Իրաքի ագրեսիան ընդդեմ Քուվեյթի միջազգային հանրության կողմից քննադատությամբ ընդունվեց։ Խորհրդային Միությունը քննադատեց իրաքյան զորքի գործունեությունը։ Օցոստոսի 3-ին մամուլում խորհրդային ղեկավարության անունից համապատասխան հայտարարություն տպագրվեց, որում ասվում էր, որ ԽՍՀՄ-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Իրաքին։

Օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում Խորհրդային Միության, ԱՄՆ-ի, Իրաքի, մի շարք արաբական և արևմտաեվրոպական երկրների մասնակցությամբ տեղի ունեցան մի շարք քննարկումներ։ Նպատակը մեկն էր՝ գտնել քաղաքական ելք Պարսից ծոցում ստեղծված դրությունից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր տարածաշրջանում իր ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերի տեղակայումը։ Ոչ ամողջական վերջին 4 ամիսների ընթացքում, ինչ Իրաքը ներխուժել էր Քուվեյթ, ՄԱԿ-ը ընդունել էր 11 բանաձև, սակայն Հուսեյնը շարունակում էր անտեսել միջազգային հանրության կարծիքը։ Երբ պարզ դարձավ, որ ինքնակամ Իրաքը չի լքելու Քուվեյթը, 1990 թվականի նոյեմբերի 29-ին ընդունվեց թվով 12-րդ բանաձևը՝ 678։ Նրանում ասվում էր, որ, եթե Իրաքը մինչև 1991 թվականի հունվարի 15-ը ամբողջովին չկատարի նախկին բանաձևերի պահանջները, ապա ՄԱԿ-ը պարտավորվում է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեցնի ագրեսիան։ Սա միջազգային հանրության կողմից վերջնագիր էր Սադդամ Հուսեյնին և միևնույն ժամանակ զգուշացում, որ հնարավոր է ռազմական ներխուժման հնարավորություն ընդդեմ Իրաքի։

Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրաքը նախկինի պես խուլ է, նա շարունակում էր ավելացնել իր զինված ուժերի թվաքանակը Սաուդյան Արաբիայի սահմանին։ Այժմ ոչ-ոք կասկած չուներ, որ Հուսեյնին կարելի է համոզել միայն զինված ճանապարհով։ Եվ տարբեր երկրներից եկած ուժերը, որի կորիզը կազմում էին ԱՄՆ-ի զորքերը, սկսեցին ռազմական գործողությունների պատրաստությունները՝ «Անապատի վահան» գործողությունը։

«Անապատի վահան» գործողությունն իրականացվում էր մեծ դժվարություններով և՛ մարդկանց համար, և՛ ռազմական տեխնիկայի։ Այս փուլում հիմնական թշնամիներն էին անտանելի շոգը և ամեն տեղ ներթափանցող ավազը։ 1991 թվականի սկզբին ամերիկյան զորքերի թիվը կազմում էր 325 հազար մարդ։ Զինվորականների ավելացման հետ մեկտեղ ամերիկացիները սկսեցին հսկայածավալ «հոգեբանական պատերազմ» ընդդեմ Իրաքի՝ օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները, հետախուզական կենտրոնները։ Հունվարի 15-ը դարձավ վերջին խաղաղ օրը Պարսից ծոցում։ Իրաքը չկատարեց ՄԱԿ-ի պահանջած № 678 բանաձևը։ Այսպիսով, Իրաքի նկատմամբ ուժի կիրառումը դարձավ օրինական։ 680 հազարանոց դաշնակցային ուժերին, որոնցից 415 հազարը ամերիկացիներ էին, դիմադրում էին 545 հազար իրաքցիներ։ Հունվարի 15-ին Իրաքի ժամանակով 2։30 պատերազմն սկսվեց։

«Փոթորիկ անապատում»[խմբագրել]

Հզոր օդային և հրթիռային հարվածների ենթարկվեցին իրաքյան ռազմական և տնտեսական օբյեկտները, հաղորդակցման կենտրոնները, քիմիական և կենսաբանական զենքի արտադրության կենտրոնները, «երկիր-երկիր» տեսակի հրթիռները։ «Անապատի վահան» գործողությունը վերաճեց «Փոթորիկ անապատում» գործողության։

Հունվարի 18-ին Իրաքն Իսրայելի վրա արձակեց «երկիր-երկիր» տեսակի «Սկադ» հրթիռները, այսպիսով կատարելով Իսրայելի նկատմամբ իր սպառնալիքը։

Մինչ հունվարի 20-ը դաշնակիցների օդուժը կատարել էր 4 հազար թռիչք՝ կորցնելով ընդամենը 10 ինքնաթիռ, որոնցից 6-ը ամերիկական էին։ Հաջորդիվ օրերին Իրաքի կողմից հրթիռային հարվածներ արձակվեցին ոչ միայն Իսրայելի, այլև Սաուդյան Արաբիայի վրա։ Հրթիռային հարվածներով Սադդամ Հուսեյնը փորձում էր հրահրել Իսրայելին մտնել պատերազմի մեջ (Ջորջ Բուշը համոզել էր Իսրայելին չմտնել պատերազմի մեջ, որպեսզի կոալիցիայի անդամ արաբ երկրները դուրս չգային կազմից), որպեսզի հասներ կտրուկ փոփոխությունների արաբական աշխարհում՝ միավորելով իր կարգախոսի տակ՝ «պայքար անհավատների դեմ»։

Արևմտյան մասնագետների գնահատականներով՝ տարբեր տեսակի նոր, բարձրարդյունավետ զենքի օգտագործումը, թույլ տվեց նվազեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակը, խուսափել ավելորդ ավերածություններից, ինպես նաև բավականին խնայողություններ կատարել։

Իսկապես, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վրա դաշնակիցների արձակած ռումբերի միայն 3%-ն էր նպատակին հասնում, ապա Իրաքում այս ցուցանիշը հասավ 30%-ի։ Իդեալական պայմաններում այս ցուցանիշը հավասար կլիներ 80-90%-ի։

Օդային պատերազմի ամբողջ ընթացքում իրաքյան կողմից ընդամենը մեկ փորձ կատարվեց փոխելու ռազմական գործողությունների ելքը և ներքաշել դաշնակիցների ուժերը ցամաքային մարտերի։ Դա տեղի ունեցավ հունվարի վերջերին սաուդա-քուվեյթյան սահմանին։

Հունվարի 29-31-ը իրաքյան զորքերը 4 ուղղություններով ներխուժեցին Սաուդյան Արաբիայի տարածք Հաջի և Ում Հուջուլ կետերի միջև ընկած շրջանում։ Հաջիի մոտ ճակատամարտը եղավ առաջին լուրջ ընդհարումը ամերիկյան ջոկատների և արաբական զորքերի հակասադամյան կոալիցիայի ընդդեմ Իրաքի տանկերի։ Ճակատամարտում ի հայտ եկան Իրաքի զինվորների ուժեղ կողմերը՝ համառությունը, թշնամուն մոլորության մատնելու ընդունակոււթյունը, զոհողությունների գնալը հանուն ընդհանուր նպատակի։ Դաշնակիցների օդուժի հաջող գործողությունները պայմաններ ստեղծեցին անցում կատարելու ցամաքային գործողությունների։

Փետրվարի 24-ին դաշնակիշների ջոկատները սկսեցին կենտրոնանալ 500 կմ լայնությամբ գծով սահմանի վրա։ Աջ կողմում՝ արևելյան ռազմաճակատում՝ Պարսից ծոցի երկայնքով մարտնչում էին Սաուդյան Արաբիայի, Օմանի, Քաթարի, ԱՄԷ-ի, Քուվեյթի, Պակիստանի և Բանգլադեշի զորամիավորումները։ Բազմազգ ուժերի զորքերը գործում էին վճռական և թշնամիների կողմից դիմադրության բոլոր փորձերը պսակվում էին լիակատար պարտությամբ։ Իրաքյան զինվորականները սկսեցին մասսայական գերի ընկնել հենց հարձակումները սկսվեցին։ Երրորդ օրվա վերջում գերիների թիվը կազմում էր 30 հազար, նրանց ընդունման և պահելու համար ստեղծվեցին հատուկ ճամբարներ, որոնցից յուրահանչյուրը կարող էր տեղավորել 20 հազար մարդ։ Սակայն Բաղդադը պաշտոնական հանդիպումներում ամբողջովին հերքում էր իր զինվորների գերի ընկնելու փաստը։

Փետրվարի 26-ին բաղդադյան ռադիոն հաղորդեց, որ իրաքյան զինված ուժերին հրաման է տրված կազմակերպված կերպով նահանջել այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին մինչ 1990 թվականի օգօստոսի 1-ը։ Սադդամ Հուսեյնը խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովին ուղղված նամակում խնդրում էր, որ վերջինս անհապաղ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի կողմից կրակի դադարեցման մասին բանաձևի ընդունման համար։ Այս նամակում և պաշտոնական հայտարարություններում Իրաքը պատրաստակամություն էր հայտնում կատարել 660 բանաձևի պահանջները, սակայն մնացած բանաձևերի մասին խոսք չէր գնում։ Վաշինգտոնը Իրաքի զորքերը Քուվեյթի տարածքից հանելու պատրաստակամության մեջ միայն քաղաքական խաղ գտավ, փորձ փրկելու զորքը լիակատար ջախջախումից։ Այդ իսկ պատճառով դաշնակիցների ուժերը շարունակեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը ըստ հատատված ծրագրի։ Այն, որ ռազմական պարտությունը չմտքափոխեց Սադդամ Հուսեյնին, վկայում է փետրվարի 26-ին նրա հայտարարությունը ազգին, որին ասվում էր․

Aquote1.png
— Այսօր հատուկ պայմանները ստիպեցին իրաքյան բանակին նահանջել: Մեզ ստիպեցին գնալ այս քայլին 30 պետությունների կողմից իրականցվող ագրեսիան, նրանց կողմից իրականացվող շրջափակումը: Բայց մեր սրտերում է մնացել հույսն ու վճռականությունը... Ի՜նչ քաղցր է հաղթանակը:
Aquote2.png


Փետրվարի 27-ին Էլ-Քուվեյթում ազգային հիմնի ներքո բարձրացվեց պետական դրոշը, սակայն նահանջող իրաքյան զորքերի և նրանց հետապնդող դաշնակիցների ուժերի միջև կռիվները շարունակվում էին ընթանալ։

Փետրվարի 27-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ բազմազգ ուժերի զորքերի հրամանատար՝ գեներալ Ն. Շֆարցկոպֆը հայտարարեց 4 հազարից ավելի քան 3 հազար իրաքյան տանկերի ոչնչացման մասին։ Dաշնակիցների կորուստները կազմել են ընդամենը 4 տանկ։

Այսպիսով, ռազմական գործողությունները Պարսից ծոցի շրջանում ավարտվեցին։ Մարտի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 686 բանաձևը, որում առաջ էին քաշվում պայմաններ Պարսից ծոցի շրջանում խաղաղության հաստատման համար։ Ըստ դրա՝ Իրաքն անվերապահորեն պետք է ընդունի նախկինում ընդունված 12 բանաձևերը։ Իրաքը հրաժարվում էր ամեն տեսակի գործողություններից ուղղված Քուվեյթին անեկսիայի ենթարկելու, ընդունում էր իր պատասխանատվությունը Քուվեյթին վնաս հասցնելու համար, երրորդ երկրներին, որոնք տուժել էին այս ագրեսիայի ընթացքում, քուվեյթյան և այլ ազգի ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակում, Քուվեյթից բռնագրավված գույքի վերադարձ, ռազմագերիների ազատ արձակում, Քուվեյթում իրաքյան կենսաբանական և քիմիական զենքի մասին տեղեկությունների տրամադրում, որտեղ գտնվում էին դաշնակիցների ուժերը։ Զինադադարի մասին բանակցությունները երկու կողմերի միջև տեղի ունեցան մարտի 3-ին Սաֆհան բնակավայրում։ Նրանում մասնակցում էին բազմազգ ուժերի զորքերի հրամանատար գեներալ Ն.Շֆարցկոպֆը և համարաբական ուժերի հրամանատար թագաժառանգ Խալիդ իբն Սուլթանը։ Իրաքյան կողմը ներկայացնում էր գեներալ Սուլթան Խաշեմ Ահմեդը։ Իրաքն առանց որևէ նախապայմանի ընդունեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը։ Այսպիսով պատերազմը ավարտվեց։ «Փոթորիկը անապատում» մարեց։

Պատերազմի արդյունքները[խմբագրել]

Պատերազմի ավարտից հետո Իրաքում իրադրությունը կտրուկ սրվեց. երկրի հյուսիսում ապստամբեցին քրդերը, իսկ շիաները՝ հարավում։ Նրանց ճնշմանն ուղղվեցին այն զորքերը, որոնք դուրս էին եկել վերջին պատերազմից։

Էկոլոգիական իրադրությունը Պարսից ծոցում մոտեցավ ծայրահեղ վիճակի։ Հսկայական հրդեհները քուվեյթյան նավթաարդունաբերական կենտրոններում ծածկեցին արևի շողը որոշ շրջաններում։

Ակնհայտ է, որ պատերազմը Պարսից ծոցում ամրապնդեց ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական դիրքերը Մերձավոր և Միջին Արևելքում։