Իրավական նորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավական նորմ, իրավունքի սկզբնական միավոր։ Այն սահմանում է մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, տվյալ նորմով սահմանված իրավաբանական փաստերի առկայության դեպքում։ Իրավական նորմը այլ նորմերից տարբերվում է նրանով որ այն սանկցիավորվում է (դրա կիրառությունը ապահովում է) պետական հարկադրանքի ապարատի միջոցով։ Այն իր ամրագրումը ստանում է պետական պաշտոնական ակտերում՝ սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ, նախագահի որոշումներ և այլն։

Իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որոնցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավունքի նորմը իրավունքի սկզբնական բջիջն է, որն ամրագրվում է պետության կողմից։ Այն սահմանում է մարդկանց վարքի հնարավոր կամ պարտավոր սահմանները, կոնկրետ փոխհարաբերություններում նրանց ազատության չափը։ Իրավունքի նորմը սահմանվում կամ սանկցիավորվում է պետության կողմից, ունի վերապահող պարտադրող բնույթ՝ մի կողմից վերապահում է գործողությունների ազատությունը ուղղված սուբյեկտների օրինական իրավունքների բացահայտմանը, մյուս կողմից իրավունքի նորմը պարտադրում է կատարել կամ չկատարել որոշակի գործողություններ՝ սահմանափակելով որոշ մարդկանց ազատությունը։ Իրավական նորմի կենսագործումը անհրաժեշտության դեպքում ապահովվում է հարկադրանքի միջոցով։ Իրավունքի նորմերը հանդես են գալիս որպես հասարակական հարաբերությունների տիպային կարգավորիչներ, որում էլ կայանում է նրանց սոցիալական բնույթը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի նորմը ունի յուրահատուկ կառուցվածք։ Նրա կառուցվածքային տարրերն են՝

  • Հիպոթեզ - իրավական նորմի տարր է, որում ցույց է տրվում, թե ինչպիսի պայմաններում պետք է ղեկավարվել տվյալ կանոններով։ Այստեղ շարադրված են այն փաստացի հանգամանքները, որի առկայության դեպքում անձանց մոտ ծագում են իրավաբանական իրավունքներ։
  • Դիսպոզիցիա - իրավական նորմի տարր է, որում ցույց է տրվում, թե ինչպիսին կարող է կամ պետք է լինի վարքը հիպոթեզում նախատեսված պայմանների առկայության դեպքում։ Դիսպոզիցիան բացահայտում է անձի իրավաբանական իրավունքների և պարտականությունների բովանդակությունը։
  • Սանկցիա - իրավական նորմի տարր է, որում սահմանվում է, թե ինչպիսի պետական տույժի միջոցներ կարող են կիրառվել դիսպոզիցիայում նշված օրենքները խախտելու դեպքում։

Իրավական նորմի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական նորմերը բաժանվում են որոշակի տեսակների՝ ըստ տարբեր հիմքերի։ Ըստ իրավունքի ճյուղերի առանձնացվում են պետական, վարչական, քրեական և իրավունքի այլ ճյուղեր։ Ըստ իրավունքի նորմերի կատարած ֆունկցիաների առանձնացվում են կարգավորիչ և պաշտպանիչ նորմեր։ Ըստ իրավունքի նորմում պարունակվող վարքի կանոնների բնույթի առանձնացվում են. պարտավորեցնող նորմեր, որոնք սահմանում են որոշակի պարտականություններ, արգելող և լիազորող, որոնք հասարակական հարաբերությունների մասնակիցներին տալիս է որոշակի գործողությունների իրականացման իրավունք։

  • Ըստ նորմատիվ իրավական ակտի հոդվածներում իրավական նորմի տարրերի շարադրման որոշակիության աստիճանի իարավունքի նորմերը լինում են. Որոշակի, որոնք բացարձակ ճշտությամբ սահմանում են հասարակական հարաբերությունների մասնակիցների գործողությունների պայմանները, իրավունքներն ու պարտականությունները կամ իրավական բացարձակ պատասխանատվության չափը։
  • Հարաբերական որոշակի նորմերը հասարակական հարաբերությունների մասնակիցների գործողությունների, նրանց իրավունքների ու պարտականությունների կամ իրավաբանական պատասխանատվության մասին բավարար տվյալներ չեն պարունակում. իրավակիրառվող մարմինների հնարավորություն են տալիս գործը լուծել հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ։
  • Այլընտրանքային, որոնք նախատեսում են կողմերի վարքի, նրանց գործողությունների պայմանների կամ դրանց խախտման համար նախատեսված սանկցիաների մի քանի տարբերակներ։

Իրավունքի նորմերը կարող են դասակարգվել նաև այլ հիմունքներով՝ բոլոր դեպքերում էլ կարգավորելով հասարակական հարաբերությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ.Սահմանադրություն Եր.,2003։
  • Վ.Թումանյան, Քաղաքագիտություն, Եր.,1995։
  • Քաղաքագիտության ներածություն, Եր.,1995։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ.Ն Խրոպոնյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 455