Իրանի սահմանադրական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանական սահմանադրական հեղափոխություն (1905 - 1911), հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական, բուրժուական հեղափոխություն։ Պատճառը հակասությունների սրումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաչարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավորվող ազգային բուրժուազիայի, գյուղացիության, արհեստավորների և բանվորների միջև։ Իրանական հեղափոխության վրա մեծ ազդեցություն է գործել 1905-ին սկսված ռուս, հեղափոխությունը։

Առաջին Իրանական մեջլիսի անդամները

Իրանական հեղափոխության ընթացքում ստեղծվեցին ժողովրդա-դեմոկրատական կազմակերպություններ, ընտրովի մարմիններ՝ էնջումեններ (միություններ), ֆիդայիների զորախմբեր ու մոջահեդների (հեղափոխականների) ընկերություններ։ Աչքի ընկնող գործիչներից էին Սաթթար խանը, Եփրեմ խանը (Դավթյան), Քեռին (Արշակ Գաֆավյան), Ալի Մուսյոն, Մոհամմեդ Խիաբանին և ուրիշներ։ Ունեցել է զարգացման երեք հիմնական շրջան։ 1905-ի դեկտեմբերին կայացած ժողովրդի ցույցերի ճնշման տակ, 1906օգոստոսի 5-ին, շահը հրատարակեց սահմանադրություն մտցնելու հրովարտակ։ Հոկտեմբերի 7-ին բացվեց Իրանի առաջին մեջլիսը, որը մշակեց Իրանի առաջին սահմանադրությունը։ 1908հունիսի 23-ին Մոհամմեդ-Ալի շահը հակահեղափոխական հեղաշրշում կատարեց, ցրեց մեջլիսը։ Իրանական հեղափոխության բարձրակետը Թավրիզի ապստամբությունն էր (երկրորդ շրջան, 1908-ի ֆիդայիների մի խումբ 1907 հունիս - 1909 հուլիս), որը ղեկավարում էին Քեռին և Մաթթար խանը։ 1909-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը։ 1909-ի հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը, վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։ Իրանական հեղափոխության երրորդ շրջանում (1909հուլիս-1911դեկտեմբեր) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ-Դովլեի ուժերին և կանխեցին միապետության վերականգնումը։ Սակայն անգլո-ռուսական, թուրքական ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղափոխությունը։ Իրանական հեղափոխությունը XX դ. սկզբին առաջին հեղափոխությունն էր արևելքում և ամենախոշոր իրադարձությունը Իրանի պատմության մեջ։ Իրանական հեղափոխությանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, արաբներ, բուլղարներ և այլոք։ Իրանական հեղափոխությունը մեծ աջակցություն գտավ Ռուսաստանի և Անդրկովկասի սոցիալ-դեմոկրատների կողմից։ 1912-ին, Պրագայի կոնֆերանսում բոլշևիկները, Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի նվաճողական քաղաքականությունն Իրանում։ Իրանական հեղափոխության մեջ մեծ դեր կատարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավորական ջոկատները։ Ըստ իրանացի պատմաբան Էբրահիմ Սաֆայիի, Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ Իրանական հեղափոխության շնորհիվ հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում։

Գրականություն[խմբագրել]

  • էլմար Հ., Եփրեմ, Թեհրան, 1964։
  • Арутунян Г. С., Иранская революция 1905 - 11 гг. и большевики Закавказья, E., 1956։
  • Иванов М. С. Иранская революция 1905 - 1911 гг., M., 1957։