Իսոսի ճակատամարտը (խճանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
«Իսոսի ճակատամարտը» խճանկար
Ալեքսանդր Մակեդոնացին
Դարեհ III Կոդոմանոսը

«Իսոսի ճակատամարտը» խճանկարը Ալեքսանդր Մակեդոնացու և Պարսկական տերության արքա Դարեհ III Կոդոմանոսի՝ հայտնի Իսոսի ճակատամարտը պատկերող անտիկ խճանկար է՝ գտնված Պոմպեյում։ Թվագրվում է մ.թ.ա. III-II դդ.: Խճանկարի իրական չափսերը 313x582 սմ են, որոշ հատվածներ չեն պահպանվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարը հայտնաբերվել է 1831 թ. Պոմպեյում տեղի ունեցող պեղումների ընթացքում՝ Casa Del Fauno (Ֆավնի տուն) կոչվող շինության մեջ։ 1843 թվականին խճանկարը տեղափոխվել է Նեապոլի ազգային հնագիտական թանգարան, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Սկզբնապես այն հավաքված էր գետնի վրա, սակայն 1913 թ. մասնագետներն այն ամրացրեցին պատի վրա՝ առավել լավ տեսանելի դարձնելու համար։ 2005 թ. Պոմպեյում, Ֆավնի տանը, որտեղ սկզբնապես գտնվել է խճանկարը, հավաքվեց և տեղադրվեց խճանկարի կրկնօրինակը։

Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսոսի ճակատամարտը» համարվում է հռոմեական ամենահայտնի խճանկարներից մեկը։ Այն պատկերում է մ.թ.ա. 333 թ. Իսոսի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III Կոդոմանի միջև տեղի ունեցած Իսոսի ճակատամարտը։ Ալեքսանդր Մակեդոնացին հեծել է իր Բուցեֆալ անունով սևաթույր ձին և աջ ձեռքի նիզակով ծակում է Դարեհ III-ի թիկնապահին։

Դարեհ III-ը պատկերված է արքայական խույրով և պարսիկ զորավարին հատուկ հանդերձանքով և գլխանոցով։ Պարսից արքայի աչքերը պատկերված են լայն բացված և լի սարսափով։ Ի տարբերություն Դարեհի՝ Մակեդոնացու հայացքն ավելի հանգիստ է վճռական։ Ալեքսանդրը պատկերված է պրոֆիլով, սևահեր։ Իր նախորդ պատկերներում Ալեքսանդրը պատկերված է որպես աստված և հերոս, սակայն այս խճանկարում նրա կերպարը իդեալականացված չէ, փոխարենը պատկերված է որպես քաջարի երիտասարդ։ Նրա հայացքն ուղղված է դեպի Դարեհ III և ոչ թե իր զոհը դարձած պարսիկը։ Ալեքսանդրի զրահի վրա պատկերված է Գորգոն Մեդուզան, որի առասպելական քարացնող հայացքն ուղղված է դեպի Դարեհը։ Խճանկարի՝ մակեդոնական հատվածը վնասված է, իսկ պարսկական հատվածում զինվորները պատկերված են ամբողջ մարմինը ծածկող զրահով, որը ներհատուկ էր Կենտրոնական Ասիայի զինվորներին։ Դարեհի արքայի մարտակառքի առջև ընկած է մեռնող զինվոր, որի սարսափահար հայացքն արտացոլվել է իր վահանի վրա և ուղղված է դեպի դիտողը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

alexandermosaik.de

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակեդոնացու արշավանքը դեպի Ասիա