Իոնային սարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոնային սարքի օրինակ

Իոնային սարքեր, գազապարպման սարքեր, էլեկտրավակումային սարքեր, որոնց աշխատանքը հիմնված է գազերում (իներտ գազեր, ջրածին) կամ մետաղի գոլորշիներում էլեկտրական պարպման տարբեր տեսակների օգտագործման վրա։ Պարզագույն սարքը իներտ գազով կամ սնդիկի գոլորշիներով լցված դիոդն է։ Իոնային սարքերի հատկությունները բնութագրվում են գազային միջավայրի հետ էլեկտրոնների հոսքի փոխազդեցությամբ և էլեկտրոդների միջև եղած էլեկտրական դաշտով։ Կատոդից դեպի անոդը շարժվելիս էլեկտրոնները բախվում են գազի ատոմներին ու մոլեկուլներին և իոնացնում դրանք, սարքի էլեկտրոդների միջև ընկած տարածությունում առաջանում են էլեկտրոններ և դրական լիցք ունեցող իոններ։ Իոնային սարքերում էլեկտրոդների պոտենցիալների ոչ մեծ տարբերության դեպքում կարելի է մեծ (էլեկտրավակուումային սարքերի այլ տեսակների համար անհասանելի) հոսանքներ ստանալ՝ դրական իոններով էլեկտրոնների տարածական լիցքը չեզոքացնելու շնորհիվ։ Իոնային սարքերում պարպման առաջացման պահը կառավարելու համար կիրառում են լրացուցիչ էլեկտրոդներ (ցանցեր, օժանդակ անոդներ են)։ Ըստ էլեկտրական պարպման տեսակի տարբերում են մարմրող (ազդանշանային կամ ինդիկատորային լամպ, ստաբիլիտրոն, սառը կաթոդով տիրատրոն, դեկատրոն, թվանշանային ինդիկատորային լամպ և այլն), աղեղային (գազատրոն, տիրատրոն, կլիպերային սարքեր, տասիտրոն և այլն), կայծային (պարպման այս տեսակի առանձնահատկություններն օգտագործվում են կառավարվող և չկառավարվող կայծային պարպիչներում՝ տրիգատրոններում), պսակաձև (ստաբիլիտրոն և այլն) պարպման իոնային սարքեր, իսկ ըստ կիրառվող կաթոդի տեսակի՝ սառը և տաքացվող կաթոդով իոնային սարքեր։ Իոնային սարքերի առանձին խումբ են կազմում ւույսի գազապարպման աղբյուրները, որոնց մեծ մասը բարձր ճնշման տակ (մի քանի 100 կն/մ²) աշխատող աղեղային պարպման սարքեր են, ճառագայթման մեծ ինտենսիվության լամպերը, ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթում տվող էրիթեմային լամպը, գազային լազերները (հիմնականում մոլեկուլային) են։ Հայտնի է նաև իոնային սարքերի մի ուրիշ խումբ (ֆազափոխակերպիչներք պարպիչներ և այլն), դրանց աշխատանքը հիմնված է գերբարձր հաճախականության դաշտի և գազի իոնացված տիրույթի փոխազդեցության վրա։ Իոնային սարքերը կիրառվում են իմպուլսային տեխնիկայում (տիրատրոն), լարումների ցուցանշման (ազդանշանային իեոնային լամպ) և կայունացման (ստաբիլիտրոն) համար, հզոր ուղղիչներում (սնդիկային ուղղիչ, իգնիտրոն), էլեկտրական շղթաների կոմուտացման, էլեկտրական էներգիան լուսայինի փոխակերպելու (գազապարպման աղբյուրներ) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 378