Իկոնոսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իկոնոսկոպի դիագրաման
իկոնոսկոպ

Իկոնոսկոպ (հուն․՝ έιχων,պատկեր և όκοπεώ-դիատել), հեռուստատեսային առաջին հաղորդիչ խողովակը, որն օպտիկական պատկերը փոխակերպում է հեռուստատեսային ազդանշանների։ Հիմնական մասը մոզաիկ լուսազգայուն թիրախն է, այն բարակ, հարթ դիէլեկտրիկ է (սովորաբար 20-30 մկմ հաստության փայլար), որի մի կողմն ամբողջովին պատված է, այսպես կոչված՝ ազդանշանային թիթեղ կազմող հաղորդիչ ծածկույթով, իսկ հակառակ կողմը, որն ուղղված է դեպի էլեկտրոնային թնդանոթը, ծածկված է միմյանցից մեկուսացված բազմաթիվ լուսազգայուն հատիկներով՝ ֆոտոկաթոդներով (0,02 միլիմետրից ոչ մեծ տրամագծով)։ Յուրաքանչյուր ֆոտոկաթոդ ազդանշանային թիթեղի հետ կազմում է տարրական կոնդենսատոր, որը լիցքավորվում է ֆոտոկաթոդներից առաքված (պատկերից եկած լույսի ազդեցությամբ) ֆոտոէլեկտրոնների շնորհիվ։ Կուտակված լիցքի քանակը պայմանավորված է պատկերի տվյալ կետի լուսավորվածությամբ։ Ազդանշանը ձևավորվում է էլեկտրոնային փնջի օգնությամբ, որը հաջորդաբար տողանցում է (շեղող համակարգի միջոցով) թիրախի բոլոր տարրերը և լիցքաթափում կոնդենսատորները բեռնավորման դիմադրության միջոցով, վերջինս սովորաբար միացվում է էլեկտրական ազդանշանների լայնաշերտ ուժեղացուցիչին։ Իկոնոսկոպպի միմյանցից անկախ առաջարկել են (1931) խորհրդային գիտնական Մ. Ի. Կատանը և ամերիկյան գիտնական Վ. Կ. Զվորիկինը։ Ներկայումս իկոնոսկոպին փոխարինել են ավելի կատարյալ և մեծ զգայնություն ունեցող հաղորդիչ խողովակներ՝ սուպերիկոնոսկոպը, սուպերօրտիկոնը, վիդիկոնը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 322