Ժորժ Կառվարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Կառվարենց
Georges Garvarentz n Charles Aznavour.jpg
Ժորժ Կառվարենցը Շառլ Ազնավուրի հետ
Անունը Ժորժ Կառվարենց
Ծնվել է ապրիլի 1 1932
Ծննդավայր Աթենք
Մահացել է Մարտի 19 1993
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություն կոմպոզիտոր
կինոկոմպոզիտոր

Ժորժ-Տիրան Կառվարենց (ֆր.՝ Georges Garvarentz, 1932 թ․ ապրիլի 1, Աթենք1993 թ․ Մարտի 19, Փարիզ), հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր[1]։

Կյանքը[խմբագրել]

Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ 1942 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Ուսումը շարունակել է Սևրի Սամուէլ Մուրատեանի հայկական վարժարանում։ Առաջին երգերը գրել է դպրոցական տարիներին։ 1947-1952 թվականներին հաճախել է Փարիզի կոնսերվատորիա։

1950-ականներին Ժորժ Կառվարենցի երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մաթյեն, Շառլ Ազնավուրը, Դալիթան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեքոն և ուրիշներ։ 1960 թվականին նրա «Դանիել» երգը Էդի Միշել և Ժոզե Նուար խմբի կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի։ Այդ տարվանից Կառվարենցը դարձավ ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում գտան երգարվեստը սիրահարների շրջանում։

Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով։ 1964 թվականին արժանացել է Շանսոնիե ընկերության հատուկ մրցանակին։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին։

1988 թ․-ին Կառվարենցը այցելել է Հայաստան (նրա առաջին այցը հայրենիք եղել էր 1977 թվականին)։ 1974 թ․-ի ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցին պատկանող «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավար նահատակներին։

Կառվարենցը մահացել է 1993 թվականին Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Films in review, vol 18, National Board of Review of Motion Pictures, 1967 :"He was born in Greece in '34 of Armenian parents, was raised in Austria and Italy…"]

Աղբյուրներ[խմբագրել]