Ժաննա դ'Արկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա դ'Արկ, XV դարի կեսերի մանրանկար

Ժաննա դ'Արկ (ֆր.՝ Jeanne d'Arc, շուրջ 14121431թ. մայիսի 30), Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս:

Կենսագրություն [խմբագրել]

Ծնվել է հավանաբար 1412թ. հունվարի 6-ին` Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում` ունևոր գյուղացիների ընտանիքում: Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել: Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները: 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ: 1428թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը: Ֆրանսիայի գահի թագաժառանգ Կարլոսը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար: Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը: Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին` համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ: 1429թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը: Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում, սակայն քիչ անց Կարլոսը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից: 1429թ. ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում 1429թ. մայիսի 8-ին հանում պաշարումը: Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների` հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս: Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Կարլոսը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429թ. հուլիսի 17-ին կայանում է Կարլոսի թագադրության արարողությունը: Նա գահ է բարձրանում Կարլոս VII անունով:

Մահը [խմբագրել]

Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430թ. մայիսի 23-ը, երբ բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց: Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ: Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում: Ժաննաա դ'Արկը մեղավոր է ճանաչվում` սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև` մահապատժի: 1431թ. մայիսի 30-ին նա այրվում է Ռուանի Հին շուկայի հրապարակում:Այրվում է նրա ողջ մարմինը ,սակայն չի այրվում նրա սիրտը:

Զարգացումներ Ժաննա դ'Արկի մահից հետո [խմբագրել]

Կարլոս VII-ը սակայն կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները: 1435թ. նա անջատ հաշտություն է կնքվում բուրգունդացիների հետ, իրականացնում բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպում, որից հետո վերսկսում Անգլիայի դեմ պատերազմը, որի արդյունքում արդեն 1453թ. անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից: Դրանից հետո Կարլոսը նախաձեռնում է Ժաննա դ'Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ: 1455թ. Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որը բեկանում է դատավճիռը` մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից: Ֆրանսիայում Ժաննա դ'Արկի պաշտամունքի սկիզբ է դրվում: 1909թ. Կույսը եկեղեցու կողմից ճանաչվում է երանելի, իսկ 1920թ. մայիսի 16-ին՝ դասվում սրբերի շարքին: