Ժայռային դրախտապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռային դրախտապան
Ժայռային դրախտապան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճուկանմաններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Ժայռային դրախտապաններ
Տեսակ Ժայռային դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza buchanani
Blyth, 1844[1]
Հոմանիշներ

Euspiza huttoni
Glycyspina huttoni

Ժայռային դրախտապան (լատ.՝ Emberiza buchanani), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 15-16 սմ է, թևերի բացվածքը՝ 24-27 սմ։ Հասուն արուի գլուխը կապույտ-մոխրագույն է, ակնօղակը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կոկորդը և բեղերը՝ դեղնավուն։

Մարմինը ներքևից բաց դարչնագույն–նարնջագույն է՝ ավելի բաց գույնի խայտերով։ Էգն ավելի խամրած է՝ թույլ խայտերով։ Երիտասարդը դարչնագույն-մոխրագույն է, մարմինը վերևից՝ մանր խայտերով, բեղերը և կոկորդը սպիտակավուն են։ Ծարավը հագեցնելու և լոգանք ընդունելու համար հաճախ թռչում է դեպի աղբյուրները։ Բնակվում է չոր, քարքարոտ լեռնալանջերին։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով։

Չու[խմբագրել]

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 3-րդ տասնօրյակ-մայիսի ընթացքում։ Արուների երգը լսվում է, և հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև հուլիսի առաջին օրերը։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 115 մմ), նոսր, չոր բույսերից, բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են բնադրման հաջորդ օրը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն ու սև պտերով 5-6 ձու։ Հունիսի 1-ին կեսին թխսակալողներին զուգահեռ հայտնվում են նորելուկ ձագեր (1 ժ ընթացքում էգը կարող է ձվերը թխսակալել 3 անգամ՝ 10-15/7 մեկ)։ Ձագերը բնից դուրս են գալիս 8-11 օրականում։ Ձագերին կերակրում է մայրը (10-ժամյա դիտարկումների ընթացքում էգը ձագերին կերակրել է 29 անգամ, արուն՝ 6)։ Վարժ թռչող և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչունները գրանցվել են հուլիսի վերջին։

Կիսաանապատների յուրացման հետևանքով տարածման շրջանները խիստ կրճատվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Blyth, E (1844). «Synopsis of the Indian Fringillidae». Journal of the Asiatic Society of Bengal 13: 944–963. http://archive.org/stream/journalofasiatic132asia#page/957/mode/1up/. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png