Թոքերի կարծրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքերի կարծրացում

Թոքերի կարծրացում, պնևմոսկլերոզ (հուն․՝ πςευμος) — թոք և (հուն․՝ σχληρωσις) — կարծրացում, սպիական շարակցական հյուսվածքի գերաճը թոքերում։ Պատճառներն են թոքերի բորբոքումը, բրոնխիտը, բրոնխային հեղձուկը, թոքերի փոշեգարությունը, տուբերկուլոզը, կոլագենային հիվանդությունները, սրտային անբավարարությունը, մանկական վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, կապույտ հազ), վնասվածքները, մարտական թունավոր նյութերի ազդեցությունը և ճառագայթահարումները։ Հաճախ թոքերի կարծրացման հիմքում ընկած է բրոնխաթոքային համակարգի ալերգիական ռեակցիան (օրինակ, թոքերի դեղորայքային ախտահարումը)։ Թոքերի կարծրացման դեպքում թոքերն ունենում են պինդ կազմություն, առաձգական հյուսվածքը փոխարինվում է շարակցականով, որը ծանր դեպքերում հանգեցնում է թոքի հյուսվածքի կոպիտ ձևափոխման (պնևմոցիրոզ)։ Թոքերի կարծրացումը լինում է օջախային և տարածուն։ Օջախայինի դեպքում սովորաբար հիվանդները գանգատներ չեն ունենում։

Տարածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածուն թոքերի կարծրացման հիմնական ախտանշաններն են՝ հևոց (սկզբնական շրջանում ֆիզիկական լարումների, այնուհետև նույնիսկ հանգիստ ժամանակ), հազ, խորխարտադրություն, այտուցներ, իսկ ավելի ուշ՝ կապտուկ (ցիանոզ), սրտային անբավարարություն և գազափոխանակության խանգարումներ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը. բրոնխների անցանելիությունը լավացնող միջոցներ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ-ամիդներ, կորտիկոստերոիդային հորմոններ, բուժական մարմնամարզություն, թոք-սրտային անբավարարության դեպքում՝ գլիկոզիդներ, էուֆիլին, միզամուղ միջոցներ, որոշ դեպքերում՝ արյան բացթողում։ Կանխարգելումը. բրոնխիտների, թոքերի բորբոքումների ժամանակին բուժում, փոշոտ արտադրամասերում աշխատողների պարբերական քննություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 214