Թունավոր կենդանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարևսկու վահանագլուխ իժը Հայաստանի թունավոր օձերից է:

Թունավոր կենդանիներ, օրգանիզմում մշտապես կամ պարբերաբար թույն արտադրող կամ կուտակող կենդանիներ։ Թույնը չնչին քանակությամբ թափանցելով այլ կենդանու կամ մարդու օրգանիզմ՝ առաջացնում է հիվանդագին խանգարումներ, երբեմն՝ մահ։ Հայտնի է մոտ 5 հազար թունավոր կենդանիներ, որոնք բաժանվում են 2 խմբի՝ ակտիվ և պասիվ։

Կենդանիների թույներն առաջանում են հատուկ թունավոր գեղձերում կամ պարունակվում են թքագեղձերի, սեռական գեղձերի արտազատուկներում, հյուսվածքային հեղուկներում, ավիշում և այլն: Հայտնի են մոտ 5 հզ. թունավոր կենդանիներ: Նրանք բաժանվում են 2 խմբի՝ ակտիվ և պասսիվ: Ակտիվ թունավոր կենդանիներն ունեն թույն արտադրող հատուկ օրգաններ. լինում են զինված (օձեր, կարիճներ, մեղուներ և այլն)՝ թույնն արտադրվում է հատուկ գեղձերում և ներարկվում ծակող կամ վերք հասցնող ապարատի միջոցով (ծառայում է որպես պաշտպանության ու հարձակման միջոց), և չզինված (զատկաբզեզներ, սևամարմիններ, տրիտոններ, դոդոշներ և այլն)՝ չունեն ծակող ապարատ, և թույնը, ընկնելով զոհի մաշկի կամ լորձաթաղանթի վրա, գրգռում է այն: Ստորակարգ անողնաշարավոր թունավոր կենդանիները (հիդրա, ակտինիա, մեդուզա) ունեն խայթիչ բջիջներ: Հոդվածոտանիների (մեղուներ, կարիճներ, կրետներ, սկոլոպենդրա) բազմաբջիջ մաշկային գեղձերը կապված են խայթիչի հետ: Ոսկետուտի, ալոճաթիթեռի մարմինները պատված են նուրբ, ծակող մազիկներով, որոնք կապված են թունավոր միաբջիջ գեղձերի հետ: Առանձին կենդանիների (սարդեր, դաշտային տզեր, օձեր և այլն) թունավոր գեղձերը կապված են բերանային օրգանների հետ: Պասսիվ թունավոր կենդանիները, որպես կանոն, չունեն թունավոր գեղձեր և ակտիվ հարձակման օրգաններ: Դրանց թունավորությունը գաղտնի բնույթ ունի՝ դրսևորվում է միայն կենդանուն տրորելիս կամ ուտելիս, քանի որ թունավոր նյութերը պարունակվում են արյան շիճուկում, արյունաավշում, մաշկածածկույթներում, որովայնամզում, ձկնկիթում և այլն: Օրինակ՝ մարդու համար վտանգավոր են իսպանական, մայիսյան, կապտաթև և այլ բզեզներ, որոնց սեռական օրգանների արտազատուկը (կանթարիդին և պեդարին) խիստ թունավոր է մարդու համար (մաշկի վրա ընկնելուց առաջացնում է մաշկաբորբեր, իսկ բզեզներին կուլ տալուց՝ թունավորում): Որոշ թիթեռների թրթուրները (շերամորդը և այլն) նույնպես կարող են առաջացնել մաշկի տեղային ախտահարումներ: Շատ ներքին մակաբույծներ (որդեր, արյան մակաբույծներ) ապրում են տիրոջ օրգանիզմում և արտադրում են թունավոր նյութեր: Թունավորումն արտահայտվում է տեղային և ընդհանուր բնույթի կլինիկական ախտանշաններով: ՀՀ-ում մարդու համար թունավոր են մորմը, սև կամ հաստապոչ, անդրկովկասյան, խայտաբղետ կարիճները, գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ և Դարևսկու վահանագլուխ իժերը, սովորական մողեսաօձը, կովկասյան կատվաօձը, խայտաբղետ իժանման, կապարագույն իժանման ու նայադային սահնօձերը: Թունավորման համար կարևոր են թույնի քանակը, ազդեցության արագությունը և տևողությունը: Օրինակ՝ բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու կամ 600 ճագարի համար: Կենդանիների զգայունությունը տարբեր կենդանիների թույների նկատմամբ տարբեր է. օրինակ՝ ոզնիներն ավելի քիչ զգայուն են իժի, անապատներում ապրող կրծողները՝ կարիճների թույների նկատմամբ: Որոշ թռչուններ (արագիլներ, ագռավներ, անգղեր և այլն) սնվում են նաև թունավոր օձերով, հավերը՝ սարդերով: Մարդը և կենդանիները կարող են իմունիտետ ձեռք բերել թույնի նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակներով երկար ժամանակ ներարկվի նրանց օրգանիզմ: Կենդանական ծագում ունեցող թույները (օձի, մեղվի և այլնի) լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման բնագավառներում և կենսաբանական տարբեր հետազոտություններում:

Ակտիվ թունավոր կենդանիներ[խմբագրել]

Ողնաշարավորներ[խմբագրել]

Ակտիվ թունավոր կենդանիներ ունեն թույն արտադրող հատուկ օրգաններ. լինում են զինված (օձեր, կարիճներ, մեղու և այլն)՝ թույնն արտադրվում է հատուկ գեղձերում և ներարկվում ծակող կամ վերք հասցնող ապարատի միջոցով, որը ծառայում է որպես պաշտպանության և հարձակման միջոց, և չզինված (զատկաբզեզներ, սևամարմիններ, տրիտոններ, դոդոշներ և այլն)՝ չունեն ծակող ապարատ, և թույնն ընկնելով զոհի մաշկի կամ լորձաթաղանթի վրա՝ գրգռում է այն։

Անողնաշարավորներ[խմբագրել]

Ստորակարգ անողնաշարավոր թունավոր կենդանիները (հիդրա, ակտինիա, մեդուզա) ունեն խայթիչ բջիջներ։ Հոդվածոտանիների (մեղուներ, կարիճներ, կրետներ և այլն) բազմաբջիջ մաշկային գեղձերը կապված են խայթիչի հետ։ Ոսկետուտի, ալոճաթիթեռի մարմինը պատված է նուրբ, ծակող մազիկներով, որոնք կապված են թունավոր միաբջիջ գեղձերի հետ։ Առանձին կենդանիների (սարդեր, դաշտային տզեր, օձեր և այլն) թունավոր գեղձերը կապված են բերանային օրգանների հետ։

Պասիվ թունավոր կենդանիներ[խմբագրել]

Պասսիվ թունավոր կենդանիներ չունեն թունավոր գեղձեր, թունավոր լինելը պայմանավորված է մարմնի կամ որևէ հյուսվածքի առանձնահատկությունով, օրգանիզմում կերի հետ թափանցող թույների կուտակմամբ։ Օրինակ՝ շատ ներքին մակաբույծներ (որդեր, արյան մակաբույծներ) ապրում են տիրոջ օրգանիզմում և արտադրում են թունավոր նյութեր։ Թունավորումն արտահայտվում է տեղային և ընդհանուր բնույթի կլինիկ, ախտանշաններով։

Հայաստանի թունավոր կենդանիներ[խմբագրել]

Հայաստանում մարդու համար թունավոր կենդանիներ են մորմը, սև կամ հաստապոչ, խայտաբղետ անդրկովկասյան կարիճները, գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և Դարևսկու վահանագլուխ իժը, սովորական մողեսաօձը, կովկասյան կատվաօձը, խայտաբղետ իժանման սահնօձը, կապարագույն իժանման սահնօձը, նայադային սահնօձը և այլն։

Թույնի չափաբաժին[խմբագրել]

Նշանակություն ունեն թույնի քանակությունը, ազդեցության արագությունն ու տևողությունը։ Օրինակ՝ բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու, 600 ճագարի, 800 առնետի, 2 հազար ծովախոզուկի, 300 հազար աղավնու համար։ Կենդանիների զգայնությունը տարբեր կենդանիների թույների նկատմամբ միատեսակ չէ. օրինակ՝ ոզնիներն ավելի քիչ զգայուն են իժի, անապատներում ապրող կրծողները՝ կարիճների թույների նկատմամբ։ Որոշ թռչուններ (արագիլներ, ագռավներ, անգղեր և այլն) սնվում են նաև թունավոր օձերով, հավերը՝ սարդերով։ Մարդը և կենդանիները կարող են իմունիտետ ձեռք բերել թույնի նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակով երկար ժամանակ ներարկվել է նրանց օրգանիզմ։

Թունավոր կենդանիների կիրառական նշանակություն[խմբագրել]

Կենդանական ծագում ունեցող թույները (օձի, մեղվի և այլն) լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման, կենսաբանական տարբեր հետազոտությունների բնագավառներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png