Թորգոմա տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թորգոմա տուն, Տուն Թորգոմա, Հայոց երկրի անվանումը՝ ըստ Աստվածաշնչի և ըստ աստվածաշնչյան հնագույն մեկնությունների։ Թորգոմ անունն առաջին անգամ հիշատակվել է Ծննդոց գրքում՝ Նոյի որդու՝ Հաբեթի ազգաբանության մեջ. «Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։ Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման»։ Թորգոմա տուն արտահայտությունը երկու անգամ հանդիպում է Եզեկիելի մարգարեության մեջ, առաջին դեպքում՝ իբրև Տյուրոսին ձի ու ջորի վաճառող երկրի անուն («Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները»), երկրորդ դեպքում՝ կապված Գոգի ու Մագոգի արշավանքի հետ, երբ, ի թիվս այլևայլ ազգերի ու ժողովուրդների, օրերի վախճանին, Թորգոմա տունն էլ է արշավելու վերաբնակեցյալ երկրի՝ Աստծո ժողովրդի վրա, որտեղ և պատժվելու է։ Մովսես Խորենացու կազմած ազգացանկում Թորգոմը սերում է Հաբեթից (Հաբեթ-ԳամերԹիրաս-Թորգոմ), իսկ Թորգոմից սերում է հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորը («Հայոց պատմություն», 1997 թվական)։ Հետազոտողներն ավանդաբար Թորգոմա տունը նույնացնում են Հայաստանի հետ։ Ըստ այլ հետազոտողների՝ Թորգոմա տանը խեթական արձանագրությունների Թեգարամա կամ Թագարամա երկրանունն է և ասորեստանյան արձանագրությունների Թիլ-Գարիմմու երկրանունը։ Ուշագրավ է, որ Մովսես Խորենացին Հաբեթի տոհմի ճյուղագրությունը հանգեցնում է Արամին և Արա Գեղեցիկին՝ հենվելով իրեն հայտնի պատմության աղբյուրների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: