Թերեզա Լիզյոացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Լիզյոացի

Սուրբ Թերեզա Լիզյոացի

Կաթոլիկ եկեղեցու դոկտոր
Ծնունդ 1873 թվականի հունվարի 2, Ալանսոն, Ֆրանսիա
Վախճան 1897 թվականի սեպտեմբերի 30, Լիզյո, Ֆրանսիա
Եկեղեցի(ներ) Կաթոլիկ եկեղեցի
Հիշատակության օր Հոկտեմբերի 1

Թերեզա Լիզյոացի (ֆր.՝ Thérèse de Lisieux, աշխարհիկ անունը` Մարիա-Ֆրանսուազա-Թերեզա Մարտեն, ֆր.՝ Marie-Françoise-Thérèse Martin; հունվարի 2, 1873, Ալանսոն, Ֆրանսիա — սեպտեմբերի 30, 1897, Լիզյո, Ֆրանսիա) — միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ, չորս կանանցից մեկը պատմության մեջ, ով արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչմանը։ Թերեզան, Ֆրանցիսկ Ասսիզացու հետ միասին Եկեղեցու ամենից հայտնի Սրբերից մեկն է։ Հատկանշական է իր մոտեցումը հոգևոր կյանքին նախևառաջ դրա պարզության և կիրառական նշանակության տեսանկյունից։

Թերեզան ապրում էր թաքնված, մեկուսի կյանքով, բայց մահվանից հետո դարձավ հռչակավոր` իր հոգևոր ինքնակենսագրական գրվածքների արդյունքում։

Վարքը[խմբագրել]

Թերեզան 3 տարեկան հասակում (1876)

Մանկություն

Թերեզան ծնվել է 1873 թվականին, Ալանսոն քաղաքում, ժամագործ Լուի Մարտենի և Մարի-Զելի Մարտենի ընտանիքում։ Ընտանիքը շատ հավատացյալ էր, և փոքր հասակից Թերեզան և իր չորս քույրերը, որոնք հետագայում նույնպես դարձան միանձնուհիներ, իրենց մեջ կրում էին ծնողների անկեղծ հավատը։

Երբ Թերեզան չորս տարեկան էր, մայրը մահանում է քաղցկեղից, ինչը չափազանց ծանր ազդեցություն է ունենում փոքրիկ Թերեզայի վրա։ Այդ հիշողություններն ուղեկցում են Թերեզային ողջ կյանքում։

Ընտանիքը մոր մահից հետո տեղափոխվում է Լիզյո։

Մինչև ութ ու կես տարեկանը Թերեզան ապրում էր ընտանիքի հետ միասին, բայց այդուհետ նա ստիպված է լինում գնալ դպրոց և առանձնանալ ընտանիքից։ Դպրոցում իրեն դրսևորում է որպես շատ խելացի սան, ինչի պատճառով (ինպես նաև փոքր տարիքի) հաճախ է ենթարկվում համադասարանցիների ծաղրին, որը շատ ծանր էր անդրադառնում իր ներաշխարհի վրա` հատկապես` շատ զգայուն բնավորության հետևանքով։ Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած այդ հինգ տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ` առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը` «թանկագին Սելինը»։

Թերեզան 8 տարեկան հասակում (1881) Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ` առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը` «թանկագին Սելինը»։

Ինը տարեկանում Թերեզան ծանր հիվանդանում է և հայտնվում է մահվան եզրին։ Հանկարծահաս կազդուրումից հետո աղջնակը որոշում է իր կյանքը նվիրել Տիրոջը և Եկեղեցուն ծառայելուն։

14 տարեկանում Թերեզան սկսում է ամենայն ուշադրությամբ ու կլանվածությամբ կարդալ Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» («Համահետևում Քրիստոսի») գիրքը, որի յուրաքանչյուր տող, կարծես, հեղինակը հենց իր համար էր գրել։ Այս գիրքը պետք է դառնար իր հետագա կյանքի անբաժան ուղեկիցը։ Դրան զուգահեռ` նա կարդում էր նաև այլ գրքեր` առավելաբար պատմությանն ու գիտությանը նվիրված։

Հենց այս շրջանում էլ Թերեզան որոշում է տեղափոխվել վանք և դառնալ միանձնուհի` համեմատելով դա ծաղիկը, առանց արմատը վնասելու, իր հողից մեկ այլ հողի մեջ խնամքով տեղափոխելու հետ` տպավորված լինելով հոր խոսքերից (այսպիսի օրինակ էր բերել հայրը, երբ լսել էր դստեր որոշման մասին)։

1889 թվականին 15 տարեկան հասակում Թերեզան կատարում է առաջին փորձը վանք` ծառայության անցնելու համար, բայց եպիսկոպոսը հրաժարվում է իր համաձայնությունը տալ` պատճառաբանելով աղջկա երիտասարդ տարիքը։ Չի օգնում նաև Հռոմ` Պապի մոտ մեկնելը և նրան անձնապես դրա մասին խնդրելը: Սակայն շուտով եպիսկոպոսը, համոզվելով, որ Թերեզայի ցանկությունը հարակայուն է, փոխում է իր որոշումը, և Թերեզան իրագործում է իր երազանքը` դառնալով կարմելիտուհի։

Վանական կյանքը

Կարմելիտուհիների օրդերը հիմնադրվել էր Սուրբ Թերեզա Ավիլացու կողմից և նվիրված էր առավելաբար անհատական և ընդհանրական աղոթքին։ Թերեզա Ավիլացին համոզված էր, որ ասկետական կյանքը չպետք է խանգարի ջերմ եղբայրությանն ու քույրությանը և հենց այս սկզբունքով էին ապրում օրդերի անդամները։ Այս օրդերում ընդունված էր, որ միանձնուհիները պետք է իրենց հոգևոր ճանապարհը խորհրդանշող նոր անուն ընտրեին իրենց համար։ Թերեզան ընտրում է Հիսուս մանկան և Սուրբ երեսի անունները։

Թերեզան 15 տարեկան հասակում

Այս տարիների մասին նա գրում էր, որ ողջ ժամանակը իրեն նվիրում էր հատկապես փոքր բարի արարքներ կատարելուն` չունենալով մեծերն անելու հնարավորություն։

Պատմում են, որ նա աղոթում էր` առանց ավելորդ էմոցիոնալության, փոխարենը` ջանում էր բազմապատկել առաքինության փոքր գործերը։ Ասում են, որ Թերեզան լռությամբ էր ընդունում իրեն ուղղված ցանկացած քննադատություն, անգամ անարդար քննադատությունները, և ժպիտով էր արձագանքում բոլոր իրեն հետ վատ վարվող քույրերին։

Թերեզան մտավ վանք` սուրբ դառնալու նպատակով, բայց այնտեղ անցկացրած 4 տարիներին նա հասկացավ, թե որքան փոքր ու աննշան է իր անձը և որքան անկատար են իր ջանքերը։ Այնուհետև նա գիտակցեց, որ այդ փոքրությունը իրեն պետք է ծառայի Տիրոջից օգնություն խնդրելու համար։

«Փոքր ճանապարհը»

Ահա թե ինչ է գրում Թերեզան իր հուշերում.

«Ես պետք է հնար փնտրեմ հասնելու Երկինք փոքր ճանապարհով` շատ կարճ և և շատ ուղիղ, փոքր ուղի, որը բոլորովին նոր կլինի: ... Ես նկատի ունեմ փորձել և գտնել մի վերելակ, որն ինձ կկարողանա բարցրացնել Աստծու մոտ, քանի որ ես շատ փոքր եմ, որպեսզի կարողանամ մագլցել կատարելության զառիվեր աստիճաններով:[...] Այնտեղ հասնելու համար ես կարիք չունեմ մեծանալու, հակառակը` ես պետք է մնամ փոքր և դեռ ավելի փոքրանամ»:

Հենց այս «փոքր ճանապարհն» էր այն հիմնական ուղենիշը, որով ապրեց Թերեզան իր կարճ կյանքը, սրբության հասնելու ճանապարհ, որը չէր ենթադրում հերոսական արարքներ կամ սխրանքներ` հանուն հավատի։

«Սերը կարելի է ապացուցել արարքներով: Իսկ ես ինչպե՞ս պետք է արտահայտեմ իմ սերը: Ես չեմ կարող մեծագործություններ անել: Իմ սերն ապացուցելու միակ ձևը ծաղիկներ սփռելն է, և այդ ծաղիկները կլինեն փոքր զոհողություններ, ինչպես և իմ յուրաքանչյուր հայացք, բառ և իմ յուրաքանչյուր արտաքնապես աննշմար արարք, որոնք ես կանեմ հանուն սիրո»:

«Ես մշտապես հավատացել եմ, որ Տերն ավելի քնքուշ է, քան մայրը: Ես գիտեմ, որ մայրը միշտ պատրաստ է ներել իր երեխայի ոչ միտումնավոր, տարրական չենթարկվելը: Երեխաները մշտապես դժվարություններ են հարուցում, ընկնում են, իրենց կեղտոտում են, իրեր են կոտրում, բայց այս ամենը չի սասանում ծնողների սերն իրենց հանդեպ»:

Միանձնուհի Թերեզան (1897)

Կյանքի վերջին տարիները

Թերեզայի կյանքի վերջին տարիներն անցնում էին առողջական ընդգծված թուլությամբ, որը, սակայն, նա տանում էր ամենայն վճռականությամբ։ Դրա հիմնական պատճառը տուբերկուլյոզն էր, որը Թերեզան ընդունում էր որպես իր հոգևոր ճանապարհի բաժին։ Այդ տարիները նա նվիրում է իր ինքնակենսագրական գրքին, որտեղ նկարագրում է իր կյանքը և իր մտքերը աստվածաբանական հարցերի վերաբերյալ։

1896 թվականի Ավագ հինգշաբթի գիշերը նա գնում է ննջասենյակ` հիանալի ներքին հրճվանքի զգացողությամբ, որը հետո պետք է ներկայացներ իր հուշերում։ Բայց դեռ չէր հասցրել գլուխը դնել բարձին, երբ շուրթերին զգում է ինչ-որ փրփրացող հեղուկ։ Հաջորդ առավոտյան նա արյուն է հայտնաբերում իր թաշկինակին։ Թերեզան հասկացավ իր ճակատագիրը. արյունոտ հազը նշանակում էր տուբերկուլյոզ, իսկ տուբերկուլյոզ նշանակում էր մահ... Բայց այս դառը գիտակցումը որոշ ժամանակ անց վերափոխվում է ներքին պայծառ ուրախության։

Սուրբ Թերեզայի բազիլիկը

Հիվանդությունը սարսափելի տառապանքներ էր պատճառում Թերեզային։ Մահվան մահճում նրա ֆիզիկական տառապանքներն այն աստիճանի էին հասել, որ անգամ բժիշկը, չզսպելով իրեն, բացականչում է. «Ախ, միայն դուք իմանայիք, թե ինչպես է այս փոքրիկ միանձնուհին տառապում»։ Իր կյանքի վերջին ժամերի Թերեզան ասում է. «Ես երբեք չէի հավատա, որ կարելի է այսքան շատ տառապել, երբեք, երբեք»...

Թերեզան ննջեց 1897 թվականի սեպտեմբերի 30-ին 24 տարեկան հասակում։

Ասում են` մահվան մահճում նա ասել է. «Ես հասել եմ այն կետին, որ այլևս հնարավոր չէ տառապել, որովհետև ցանկացած տառապանք ինձ համար հաճելի է»։

Իր վերջին բառերն էին. «Տեր իմ, ես սիրում եմ քեզ»...

Նա թաղվեց 1897 թվականի հեկտեմբերի 4-ին։ Նրա մարմինը արտաշիրիմվեց 1910 թվականին, և ականատեսները պատմում են, որ մարմինն անուշահոտություն էր արձակում։

«Աղոթքն ինձ համար սրտի շարժում է, մի պարզ հայացք` ուղղված Երկնքին: Այն շնորհակալության և սիրո ճիչ է փորձության և ուրախության պահերին: Վերջապես, այն ինչ-որ մեծ ու գերբնական բան է, որն ընդարձակում է հոգիս և ինձ միավորում Քրիստոսին:[...] Ես չեմ ունեցել քաջություն փնտրել գրքերում գեղեցիկ աղոթքներ... Ես վարվել եմ երեխայի նման, ով չգիտի կարդալ. ես պարզապես ասում եմ Աստծուն այն, ինչ ցանկանում եմ ասել, և Նա միշտ հասկանում է ինձ»:

Սրբացումը

Սուրբ Թերեզայի գերեզմանը իր անունը կրող բազիլիկում

Թերեզայի մահվանից մեկ տարի անց վանքի մայրապետը հրատարակում է Թերեզայի ինքնակենսագրական գիրքը «Մի հոգու պատմություն» վերնագրով։ Թողարկվում է ընդամենը 2000 օրինակ։ Սակայն անմիջապես լույս տեսնելուց հետո գիրքն ունենում է աներևակայելի սպառում, հրատարակությունները հետևում են մեկը մյուսին, եկեղեցական առաջատար աստվածաբաններն ու հասարակ մարդիկ չեն դադարում գրքի վերաբերյալ իրենց հիացմունքն արտահայտել։

Արդեն XX դարի սկզբին «Մի հոգու պատմություն» գիրքը թարգմանված էր բոլոր եվրոպական լեզուներով։

1907 թվականին Պիոս X Պապը ցանկություն է հայտնում հռչակել Թերեզայի անունը և անվանում նրան «մեր ժամանակների մեծագույն Սուրբ»։

1925մայիսի 17-ին Պիոս XI Պապը Թերեզա Լիզյոացուն հռչակում է Սուրբ։

1929 թվականին, հաշվի առնելով Սուրբ Թերեզայի շիրիմին այցելող ուխտավորների գնալով աճող թիվը, Լիզյո քաղաքում կառուցվում է Սուրբ Թերեզայի բազիլիկը։

1997-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը Սուրբ Թերեզային հռչակեց Եկեղեցու դոկտոր։

Գրականություն[խմբագրել]

  • Story of a Soul։ the Autobiography of St. Therese of Lisieux, translated from the original manuscripts by John Clarke, O.C.D. Third edition, 1996. ISBN 0935216588
  • Story of a Life։ St. Thérèse of Lisieux by Guy Gaucher, O.C.D. HarperOne։ 1193. ISBN 978-0060630966
  • Thérèse of Lisieux։ a biography by Patricia O'Connor, 1984 ISBN 0-87973-607-0
  • Thérèse of Lisieux։ the way to love by Ann Laforest, 2000 ISBN 1-58051-082-5
  • The Story of a Soul by T. N. Taylor, 2006 ISBN 1-4068-0771-0
  • Thérèse of Lisieux by Joan Monahan, 2003 ISBN 0-8091-6710-7
  • Thérèse of Lisieux։ God's gentle warrior by Thomas R. Nevin, 2006 ISBN 0-19-530721-6
  • Therese and Lisieux by Pierre Descouvemont, Helmuth Nils Loose, 1996 ISBN 0-8028-3836-7
  • St. Thérèse of Lisieux։ a transformation in Christ by Thomas Keating, 2001 ISBN 1-930051-20-4
  • Thérèse of Lisieux։ Through Love and Suffering, by Murchadh O Madagain, 2003 ISBN
  • 15 Days of Prayer with Saint Thérèse of Lisieux by Constant Tonnelier, 2011 ISBN 978-1-56548-391-0
  • St. Therese of the Roses

Աղբյուրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]