Թեոպոմպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեոպոմպոս (Theopompus, հին հունարեն՝ Θεόπομπος , շուրջ մ.թ.ա. 380- 330-ից հետո), հին հույն պատմիչ և ճարտասան։ Գրել է 12 գրքից բաղկացած և մ.թ.ա. 410-394թթ. դեպքերը ներկայացնող «Հունաստանի պատմություն» (Hellenicа) երկը (շարունակում է Փուկիտիդեսի «Պատմությունը» ), ինչպես նաև 58 գրքից բաղկացած ու Փիլիպոս II Մակեդոնացու կառավարման շրջանին (մ.թ.ա. 362 - 336 թթ.) վերաբերող «Փիլիպոս II Մակեդոնացու պատմություն» աշխատությունը։ Թեոպոմպի հատկապես վերջին երկը մեծ հեղինակություն էր վայելում և լայնորեն ընթերցվում էր անտիկ շրջանում՝ օգտագործվելով որպես աղբյուր բազմաթիվ պատմիչների, այդ թվում նաև Պլուտարքոսի կողմից։

Թեոպոմպոսի երկերից մինչև մեր ժամանակները հասել են միայն հատվածներ և մեջբերումներ անտիկ շրջանի այլ հեղինակների գործերում (հատվածները զետեղված են «Fragmenta historicorum Graecorum» աշխատությունում (հ. I, էջեր 278 - 338, և հ. IV, 643 - 645))։ Բացի դրանից, հնում «Փիլիպոս II Մակեդոնացու պատմությունը» թարգմանվել է լատիներեն Պոմպեոս Տրոգոսի կողմից. մեզ է հասել այդ թարգմանությունից արված հակիրճ վերաշարադրանքը, որի հեղինակն է Հուստինոսը։