Թեոդիկ
Թեոդիկ (Թեոդորոս Լապճինյան) (մարտի 5, 1873 - 1928), հայ բանասեր։
Ծնվել է Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին` «Մանզոմեի էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, , 1910-ին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն` «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։
Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907-ին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները` հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։
Մեծ եղեռնի տարիներին աքսորվել է Թուրքիայի խորքերը, ընդհատել սիրած գործը։ Մեծ եղեռնից հետո վերադարձել է Պոլիս, 1919-ին հրատարակել է 1916-1920 թթ. միացյալ տարեգիրքը, ապա` 1921, 1922, 1923 տարիները։
Քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929 թվականների տարեգրքերը, որոնցից 1926-ը տպագրել է Վենետիկում։ Վերջին հատորի տպագրման ընթացքում մեռել է կաթվածից։
Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ 1919-ին Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկի» ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 356։