Թեմ (հայ եկեղեցիներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեմ (այլ կիրառումներ)

Թեմ (վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն), հայ առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր։ Գործածական է նվիրապետական երկու գերագույն աթոռների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, ինչպես նաև հայ կաթողիկե եկեղեցու պարագայում

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմ անվանումն առաջացել է 7-րդ դարում, Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ թեմերի անունից։

Թեմերի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

4-5-րդ դարերում Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին։ Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի) հիման վրա։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու։ Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն)։ Գլխավորել են հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ։ 10-րդ դարում հայոց կաթողիկոսությանը ենթակա թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս։ Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973-992) եպիսկոպոսական թեմեր է հաստատել նաև Անտիոք (Սիրիա), Տարսոն (Կիլիկիա), Տրայանուպոլիս (Հունաստան) քաղաքներում։ Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղաքական, այլ դավանական բաժանումով։ Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը։

Թեմերը եղել են ավատական կենտրոններ և սոցիակ-քաղաքական մեծ ուժ ներկայացրել։ Թեմը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը։ Բացի Սյունյաց թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, հայոց բոլոր թեմերը եպիսկոպոսություններ են եղել։ Զարգացած միջնադարում, պետականության տրոհման հետևանքով, առաջացել են նաև Գանձասարի կամ Աղվանից (551-1828), Աղթամարի (1113-1895), Մեծի Տանն Կիլիկիո (1446 ցայսօր) կաթողիկոսությունները։

Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը։ Մեծ թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների։ Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն։ 19-րդ դարի կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին։

Թեմական համակարգը 19-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսից թեմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ։ Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով։ Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը։ Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութային-կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն։ Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ)։

Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը։ Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը։ Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ։

Թեմական համակարգը ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Երևան.1983։
  • Ուխտանես եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց, Վաղ-պատ, 1871, էջ 71, 100։
  • Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987։
  • Ղազարյան Ա., Հայ եկեղեցու թեմական բաժանումը Ե–Է դարերում, «Էջմիածին», 1995, դ 6–7։
  • Նույնի, Հայ եկեղեցու թեմական բաժանումը IV դարում, ՊԲՀ, 1996, դ 1–2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 165