Ընծայեկ Տեր-Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընծայեկ Տեր-Ստեփանյան
Ծնվել է1892
ԾննդավայրՄարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն
Մահացել է11 փետրվարի, 1920
Մահվան վայրՄարաշ
Ազգությունհայ
Կրթություն
Մասնագիտությունբժիշկ

Ընծայեկ Տեր-Ստեփանյան (1892, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- 11 փետրվարի, 1920, Մարաշ), հայ բժիշկ, ազգային և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1892 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Մարաշի սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վարժարանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում։ 1908 թվականին ավարտել է ամերիկացի մի­սի­ո­ներ­նե­րի Տարսոնի Սենթ Փոլ քոլեջը (Ամերիկյան Սուրբ Պողոս վարժարան)։

1908-1910 թվականներին ուսուցչություն է արել Մարաշի և Եդեսիայի (Ուրֆայի) ազգային վարժարաններում։ 1910-1916 թվականներին սովորել է Կ. Պոլ­սի Հայդար փաշայի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում` գի­շե­րօ­թիկ ու­սա­նո­ղի կար­գա­վի­ճա­կով։ 1916 թվականին այս վար­ժա­րա­նը նրա հետ մի­ա­սին ավար­տել են նաև Սարգիս Ազատյանը և Սամվել Գանձապետյանը ու զին­վո­րա­կան բժշկի վկա­յա­կան ստա­ցել։

1916 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Դամասկոս և զինվորական բժիշկ ծառայել տեղի զինվորական հիվանդանոցում։ Այստեղ կարճ ժամանակում արժանացել է աշխատակիցների գնահատանքին ու հարգանքին։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է Մարաշ և բժիշկ աշխատել։

Ը. Տեր-Ստեփանյանը եղել է նաև հասարակական և ազգային գործիչ։ 1919 թվականի ապրիլին Ազգային պատվիրակության կազմած Առողջապահական առաքելության (նախագահ՝ բժիշկ Ղազարոսյան) կազմում ընդգրկված հայ բժիշկները աշխատել են Կիլիկիան գրաված ֆրանսիական զինվորական ղեկավարության ներքո։ Կիլիկիան հայաթափելու օրերին՝ ֆրան­սի­ա­ցի­նե­րի ու Հայկական լեգեոնի Մարաշից նահանջելուց հետո, բժիշկը ջանացել է հեռանալ թուրք չեթեների կազմակերպած սպանդից։ 1920 թվականի փետրվարի 11-ին Մարաշում` Ակսուի եզեր­քին, զոհ­վել է թուրք հրո­սակ­նե­րի գնդա­կից` 28 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։