Ընդերքաբանությունը և մետալուրգիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդերքաբանությունը և մետալուրգիան հնագույն ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում մետաղագործական արհեստը հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ երրորդից առաջին հազարամյակներից։ Մեծամորի հնագույն հանքամետալուրգիական համալիրում հայտնաբերվել են պղնձի և բրոնզի հալման հորանային վառարաններ, ձուլակաղապարներ ու ձուլագործության մնացուկներ, ինչպես նաև պղնձաքարի և անագաքարի հանքահարստացման պարագաներ։ Մետալուրգիական հնագույն կենտրոններից են նաև Հաղարծինը, Մեղրաձորը, Զանգեզուրը, Գուգարքը և այլն։ Սոթքի ոսկու հանքավայրում (մեր թվարկությունից առաջ 2-1 հազարամյակներ) հայտնաբերվել է 100 մ-ից ավելի երկարությամբ ստորգետնյա լեռնային փորվածքների համակարգ։ Հայտնի են նաև ոսկու հանքանյութի և մշակման Մեղրաձորի, Համզաչիմանի, Տանձուտի, Տերտերասարի և այլ հանքավայրեր՝ աշխատանքի հնադարյան գործիքներով (քարե հավանգներ, երկանքներ, վաքեր և այլն), որոնց մասին հիշատակվում են նաև հայտնի Գեորգ Ագրիկոլայի աշխատություններում։

Ընդերքաբանությունը և մետալուրգիան Խորհրդային Միության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում հանքարդյունաբերության և մետալուրգիայի բնագավառի համակարգված գիտահետազոտական աշխատանքներն սկսվել են 1950-ական թվականների կեսերից՝ պրոֆեսոր Հարություն Բախչիսարայցևի նախաձեռնությամբ՝ Լեռնամետալուրգիական գիտահետազոտաան ինստիտուտի, ապա՝ նաև Գունավոր մետալուրգիայի հայկական գիտահետազոտանախագծային ինստիտուտի և նախագծային «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի (1971 թվական) հիմնարմամբ, որոնք անկախացումից հետո միավորվել են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» Փակ բաժնետիրական ընկերությունում։ 1960-ական թվականներին ինստիտուտի լեռնային աշխատանքների լաբորատորիայում ստեղծվել է (Ռ. Սինանյան, Ց. Աբեղյան) բացահանքերի կողերի և լցակույտերի ռացիոնալ պարամետրերի հետազոտման փորձարար, բազա։ Հետազոտվել են բաց և ստորգետնյա մշակմամբ հանքապարների ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունները՝ ստատիկ, և դինամիկ, բեռնվածքների դեպքում, որոշվել են հանքահորատման օպտիմալ ռեժիմային պարամետրերը, ընտրվել են ռացիոնալ հորատիչ գործիքներ, հետազոտվել ամոնիակային պայթուցիկ նյութերի փոխազդեցությունը սուլֆիդային հանքաքարերի և ստորգետնյա թթվային ջրերի հետ, մշակվել և ներդրվել են հորատապայթեցման աշխատանքների համալիր մեքենայացման հանգույցներ։ Լեռնահանքային ձեռնարկությունների բարդ ռելիեֆային պայմանների համար մշակվել են գետային բարդ տիպի պոչամբարների կառուցման և անվտանգ շահագործման նախագծեր, ինչպես նաև բաց և ստորգետնյա եղանակով մշակման նախագծեր Քաջարանի, Ագարակի, Սոթքի, Կապանի, Դրմբոնի, Թեղուտի ու այլ հանքավայրերի համար, իսկ Քաջարանի բացահանքի համար ստեղծվել է ապարների տեղափոխման ցիկլահոսքային տեխնոլոգիայի փորձնկան համալիր։ Մշակվել են կիրճերում և թեք հիմնատակերի վրա կազմավորվող բազմաստիճան լցակույտերի, ինչպես նաև լեռնաբարձունքային բացահանքերի կողերի լարվածային վիճակի հետազոտման և գնահատման մեթոդներ (Լ. Մանուկյան)։ Լեռնային բազմաստիճան լցակույտերի և պոչամբարների հետագա շինարարության համար մշակվել են մակաբացման ապարների ու հանքահարստացման պոչերի համատեղաղրման նոր մեթոդներ (Ս. Արզումանյան, Լ. Մանուկյան)։ Բացահայտվել են պոչամբարներում լվացմամբ տեղադրված պոչերի նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունների՝ ըստ խորության փոփոխության օրինաչափությունները, մշակվել են պոչամբարների հետազոտման նոր մեթոդներ և սարքեր։ Մշակվել և ներդրվել են պղինձ-կապար խտանյութի ընտրության ու ակտիվացրած ածխով թանկարժեք մետաղների սորբման-դեսորբման եղանակներ, կատարելագործվել են հանքաձեռնարկություններում կիրառվող հանքաքարի հարստացման մի շարք սխեմաներ, մշակվել են նորերը (Ա. Սահրադյան, Լ. Գալուստյան)։ Մշակվել են էլեկտրոլիզային ալյումինի ստացման տեխնոլոգիայի տեսական հիմունքները, ծծմբական թթվի արտադրության թափոններից պղնձի ստացման տեխնոլոգիան, ինչպես նաև պղնձի, ցինկի, կապարի, բիսմութի, կադմիումի և ազնիվ մետաղների կորզմամբ նուրբ կոնվերտերային փոշիների համալիր վերամշակման տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են Ալավերդու պղնձաձուլական գործարանում (Ժ. Ղուկասյան), ֆեռոհամաձուլվածքների արդյունաբերության համար բարձրորակ մոլիբդենի տեխնոլոգիական եռօքսիդի ստացման տեխնոլոգիա՝ մոլիբդենային խտանյութերի համակցված վերամշակմամբ։

Մետալուրգիայի և ընդերքաբանության բարելավման եղանակներ մշակումը և կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնում հիմնադրվել է 2009 թվականին՝ ընդերքաբանության (1953-1990 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի լեռնային գործի) ու երկրաբանության և հետախուզման տեխնոլոգիայի (1966-2009 թվականներ) ամբիոնների միավորմամբ մշակվել են հանքաքարի միջինացման դեպքում պահեստավորվող օգտակար հանածոյի ծավալների, բացահանքում հիմնական և պահեստային հանույթային ճակատների երկարությունների որոշման, գունավոր մետաղների հանքավայրերում տեխնիկայի և տեխնոլոգիայի կատարելագործման մեթոդներ։ Կատարվել են նաև օգտակար հանածոյի կորուստների հաշվարկի, դրանց հաշվառմամբ լեռնային աշխատանքների օպտիմալ ռեժիմային գրաֆիկների կազմման, մակաբացման ապարների ծավալների, օտարվող հողային տարածքների և շրջակա միջավայրին հասցվող վնասների կրճատմամբ բացահանքի կողերի ձևավորման նոր մշակումներ (Ս. Հովսեփյան)։ Մեղրաձորի ոսկու, Շահումյանի ոսկի-բազմամետաղ, Դրմբոնի պղինձ-ոսկի-կոլչեդանային հանքավայրերի օրինակով մշակվել են ստորգետնյա մշակման համակարգերի կառուցվածքային տարրերի սահմանային թույլատրելի և օպտիմալ պարամետրերի (Յու. Աղաբալյան), մետաղային օգտակար հանածոների ստորգետնյա եղանակով արդյունահանման տեխնոլոգիաների կատարելագործման ու նորերի ստեղծման սկզբունքներ, հանքարանների օդափոխման միջոցների և օդորակման նոր մեթոդներ, շինանյութերի հանքավայրերի բացահանքային դաշտերի և բացահանքերի օպտիմալ պարամետրերի հիմնավորման մեթոդներ։ Ստեղծվել են անկայուն և կայուն ապարահանքաքարային զանգվածի դեպքում ստորգետնյա խոռոչների ձևավորմամբ ու վարընթաց շերտերի հանումով և երկաթբետոնե միջշերտային ծածկով նոր մշակման համակարգեր, որոնք կիրառելի են Սոթքի, Մեղրաձորի ոսկու և Կապանի պղնձի ու համանման բնական պայմաններով բնութագրվող հանքավայրերի համար (Ա. Հովհաննիսյան)։ Մշակվել է որակական պարամետրերի և հանքավայրերի արդյունաբերական յուրացման օպտիմալացման տեսություն, որտեղ հիմնավորված են հանքարդյունաբերական ձեռնարկության օպտիմալ արտադրողականության որոշման, օգտակար հանածոների որակի և մշակման լեռնաերկրաբանական ու լեռնատեխնոլոգիական սահմանային պայմանների, բաց լեռնային աշխատանքների սահմանների որոշման, տնտեսապես նպատակահարմար ստորգետնյա մշակման համակարգերի ընտրության եղանակները։ ՀԽՍՀ-ում մետալուրգական գիտության ստեղծման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակման բնագավառում մեծ ներդրում ունեն Երևանի պետական համալսարանի (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնը (ստեղծվել է 1949 թվականին) և համանուն բազային գիտահետազոտական լաբորատորիան (1981 թվական)։ Այս բնագավառում նշանակալի է Ս. Ա. Սալտիկովի գործունեությունը, նա ՀԽՍՀ է հրավիրվել 1940-ական թվականներին։ Նրա «Տարածաչափական մետաղագրություն» (ռուսերեն 1970 թվական) մենագրությունը լուրջ ներդրում էր մետալուրգիայի բնագավառում, որը գնահատվել է որպես «երևույթ մետաղագիտական գրականության մեջ», թարգմանվել և տպագրվել է նաև անգլերեն ու գերմաներեն։ Գիտագործնական նշանակությամբ կարևոր են նաև փոշեմետալուրգիական շարժընթացների տեսության և տեխնոլոգիաների մշակման (այդ բնագավառի հիմնադիրը Հայաստանում՝ Ն. Մանուկյան), ֆունկցիոնալ հատկություններով բաղադրյալ մետաղափոշենյութերի (արագահատ, ալմաստամետաղագործություն), բարձր տեսակարար ամրությամբ, մետաղաթելքերով ամրանավորված, հրամուր, հակաշփական և այլ նշանակության նյութերի ստացման (Ս. Աղբալյան) աշխատանքները, հատուկ ֆիզիկական հատկություններով ճշգրիտ փոշենյութերի սինթեզման և սուլֆիդային հանքանյութերից հիդրոմետալուրգիական եղանակներով գունավոր մետաղների ու երկաթի համալիր կորզման շարժընթացների ուսումնասիրման (Լ. Սարգսյան), փոշեմետաղաձուլական անծակոտկեն հակաշփական նյութերի ստացման (Գ. Կարապետյան), ծակոտկեն փոշենյութերի պլաստիկ դեֆորմացման (Գ. Պետրոսյան), կառուցվածքային և գործիքային պողպատների ու փոշեհամաձուլվածքնեի, ինչպես նաև մակրոկոմպոզիտների ջերմամեխանիկական մշակման (Ս. Մամյան, Ա. Սահրադյան), ջերմաքիմիական մշակմամբ կտրող գործիքների և գործիքային նյութերի մաշա- և կոռոզիակայունության բարձրացման (Գ. Հովսեփյան, Կ. Կարապետյան), ամրանավորված բաղադրյալ նյութերի ստացման և կառուցվածքագոյացման սկզբունքների (Հ. Պետրոսյան), քրոմիտային և ռուտիլային հանքանյութերի ու մետաղաձող, թափոնների բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի մեթոդով ֆեռոհամաձողվածքների ստացման շարժընթացների (Վ. Մարտիրոսյան) տեսության և տեխնոլոգիաների մշակման ուսումնասիրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։